կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-21 17:41
Հասարակություն

Մեկ սրվակ բրինձ՝ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտին

Մեկ սրվակ բրինձ՝ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտին

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ, մինչ Ցեղասպանության թանգարան–ինստիտուտի նոր ցուցադրությունը, բացի այնտեղ արդեն իսկ առկա բազմաթիվ իրեղեն ապացույցներից, աշխարհի ամենատարբեր ծեգերից թանգարանին են նվիրաբերվել որոշ իրեղեն ապացույցներ, որոնք փաստում են, թե տեղահանության ճանապարհին մեր հայրենազրկված համերկրացիներն ինչ կտտանքների են ենթարկվել:

 

Ծնունդով Ֆրեզնոյից Քեթրին Յամանդան, ով մասնագիտությամբ լրագրող է, Օրեգոնում հայտնաբերել էր մի ծրար, որի վրա գրված է եղել «Հայաստան»: Ուշագրավ է, որ լրագրողին հետաքրքրել է այդ գրությունը և նա գնել է ծրարը: Քեթրինը հոդված է գրել ձեռք բերած ինֆորմացիայի հիման վրա:

 

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանն այսօր թանգարանի նոր ցուցադրության պաշտոնական բացման ընթացքում տեղեկացրեց, որ իրենք հոդվածի բովանդակությանը ծանոթանալուց հետո կապ են հաստատել լրագրողի հետ՝ խնդրելով այդ նյութը տրամադրել թանգարան-ինստիտուտին՝ ժամանակավոր ցուցադրության համար: Լրագրողն իր ունեցածը որոշել է նվիրաբերել:

 

«Կալիֆոռնիայում մի խոշոր մշակութային կենտրոնի ցուցադրության ժամանակ Քեթրինը, ի զարմանս ինձ, մոտեցավ և նամակով հանձնեց մի ծրար, որում մի սրվակ էր, իսկ սրվակում՝ բրինձ: Սա գաղթականների մեկ օրվա պաշարն էր: Սրվակի վրա գրված է, որ սա օրական 750 հայ երեխայի հնարավորություն է տվել գոյատևելու: Այս բրինձը դեռևս այն ժամանակվանից է պահպանված»,- նշեց Դեմոյանը:

 

Քեթրին Յամանդայի բնորոշմամբ՝ ինքը հետաքրքրված է Հայաստանով դեռևս վաղուց: Լրագրողը նշեց, որ ինքը ծնվել ու մեծացել է Ֆրեզնոյում, որտեղ մեծ թվով հայեր կան: Այս հանգամանքը մեծ ազդեցություն է ունեցել նրա ստեղծագործական գործունեության վրա: