կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-08 15:48
Քաղաքական

Դժվար եմ պատկերացնում՝ ինչու պետք է գործընթացի կեսից որոշվի անցնել կիսանախագահականի. Արմեն Ռուստամյան

Դժվար եմ պատկերացնում՝ ինչու պետք է գործընթացի կեսից որոշվի անցնել կիսանախագահականի. Արմեն Ռուստամյան

Այսօր` խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, պատասխանելով այն հարցին, թե ինչպիսին կլինի ՀՅԴ մոտեցումը, եթե ՀՀ նախագահը ձեռնամուխ լինի կիսանախագահական մոդելի կատարելագործման մասով սահմանադրական փոփոխությունների անցկացմանը, պատասխանեց, որ Դաշնակցության մոտեցումն արդեն 25 տարի է` մնացել է նույնը: Դաշնակցությունը խորապես համոզված է, որ Հայաստանի համար ճիշտ մոդելը խորհրդարանական համակարգին անցնելն է, կոլեգիալություն՝ որոշումների կայացման գործում:

 

Արմեն Ռուստամյանի խոսքով՝ 1995թ. Սահմանադրությունը հռչակում է գերլիազորություններ նախագահի համար, երբ ամեն ինչ որոշում է մեկ անձը, որի հետևանքները պահպանվում են մինչ օրս: Պատգամավորը համաձայն չէ այն մտքին, թե Սահմանադրությունը թղթի վրա է ու չի գործում:

 

«Սահմանադրությունը գործում է, ստեղծելով համապատասխան մթնոլորտ ու հարաբերություններ, որոնք կա'մ լավն են լինում, կա'մ վատը, որովհետև դրանց հիմքում ընկած է կա'մ ժողվրդավարական համակարգը, կա'մ` հակառակը: 1995-ից մենք շեղվել ենք ժողովրդավարական գործընթացից, ու հիմա մենք դրա հետևանքներն ենք տեսնում»,- ասաց Արմեն Ռուստամյանը՝ հավելելով, որ Դաշնակցությունը խորապես ուսումնասիրել է այդ ամենը և հանգել այն եզրակացության, որ խորհրդարանական համակարգը օր առաջ պետք է հաստատվի Հայաստանում, և դա ամենաճիշտ լուծումը լինի:

 

Պատգամավորը նշեց, որ դեռ հունվար ամսին Դաշնակցությունը տասը կետ է ներկայացրել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի մասնագիտական խմբին, որոնցում դրական է գնահատվում կառավարման խորհրդարանական մոդելը, և քանի որ ՀՀ նախագահն իր համաձայնությունը տվել է այդ հայեցակարգին, ապա հիմք կա մտածելու, որ նախագահը պետք է շարունակի դեպի խորհրդարանական համակարգի անցման գործընթացը: «Ես, իհարկե, դժվար եմ պատկերացնում՝ ինչու պետք է գործընթացի կեսից որոշվի անցնել կիսանախագահականի: Առայժմ նման վտանգներ չենք տեսնում: Մինչև մայիսի 5-ը մենք ներկայացրել ենք մեր տասը առաջարկությունները, եղել է կառուցողական քննարկում՝ հետագա անելիքների մասով, և հավանաբար, մայիսին տեսանելի կլինի նախագիծը»,- ասաց Արմեն Ռուստամյանը: