Փոխարժեքներ
04 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 399.59 |
EUR | ⚊ | € 420.17 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 506 |
GEL | ⚊ | ₾ 139.96 |
Տեղեկացրել էինք, որ այսօր Դաշնակցությունը գումարել է հանդիսավոր հավաք՝ ազդարարելով քարոզարշավի մեկնարկը։
ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար, ՀՅԴ համամասնական ցուցակը գլխավորող Արմեն Ռուստամյանն իր ելույթում նշեց, որ այս ԱԺ ընտրությունները բացառիկ են լինելու հայ ժողովրդի համար, քանի որ իր տեսակի մեջ առաջին ընտրություններն են:
«Մենք շատ երկար ենք գնացել այն ճանապարհով, որ կարողանանք մեր ժողովրդին տալ այս հնարավորությունը` ընտրել նոր համակարգում, նոր ընտրակարգով, ըստ էության, հիմնադիր խորհրդարան: Այս խորհրդարանը 25-26 տարվա անկախություն ունեցող մեր պետության պատմության մեջ դառնալու է հիմնադիր խորհրդարան, որովհետև այս խորհրդարանը լինելու է այն շարժիչ ուժը, որը գործի է դնելու բոլոր այն բարեփոխումները, որոնց համար նախադրյալներ ենք ստեղծել Սահմանադրությամբ և օրենսդրությամբ»,- ասաց Արմեն Ռուստամյանը:
Նրա համոզմամբ` չի կարող երկրում առանձին վերցրած որևէ խնդիր լուծում գտնել, եթե գործընթացները ճիշտ ընթացքի մեջ չեն դրված: ՀՅԴ-ն չի գնալու առանձին ոլորտներում կամ առանձին խնդիրների վերաբերյալ խոստումներ տալու ճանապարհով, քանի որ ՀՅԴ-ն դատարկ խոստումներ երբեք չի տվել:
«Մենք այս ընտրապայքարի մեջ ենք մտնում` արած գործը ներկայացնելու և ժողովրդից մանդատ հայցելու, որ կարողանանք շարունակել սկսած գործը: Այսօր Դաշնակցությունը լուրջ գործընթաց է սկսել` արդեն քանի տարի, և այդ գործընթացը շարունակելու առաքելություն ունի: Մենք պարտավորություն ունենք` սկսածը անշրջելի դարձնելու, բարեփոխումներն էլ ավարտին հասցնելու համար»,- ասաց Արմեն Ռուստամյանը:
Ըստ նրա`, հանրության մեծ մասը չգիտի, թե ինչ փոփոխություններ են բերել սահմանադրական փոփոխությունները, և դրանք ինչ ազդեցություն են ունենալու: Եվ սահմանադրական փոփոխությունների անմիջական մասնակից Դաշնակցության պարտքն է` բացատրել կատարվածի կարևորությունն ու նշանակությունը:
Ռուստամյանի խոսքով` ՀՅԴ-ն որևէ անհատի հետ խնդիր չի ունեցել, նման խնդիր չի դրել, այլ կազմակերպել է իր աշխատանքները` հանուն երկրի ապագայի:
« ՀՅԴ-ն երբեք չի գնալու այն ճանապարհով, որ օգտագործենք ժողովրդի դժգոհությունը քաղաքական նպատակների համար, այլ գնալու ենք այն ճանապարհով, որ վերացնենք ժողովրդի դժգոհությունը` հանուն սերունդների, ինչը ամենադժվար ճանապարհն է: Սա նշանակում է հանրության առանձին հատվածներին չասել մի բան, որն իրենց քիմքին հաճելի է, բայց խնդիրներ ստեղծել մեկ այլ հատվածի մոտ: Սա է դասական պրիմիտիվ պոպուլիզմը, որով չենք առաջնորդվելու, որովհետև մենք մտածելու ենք հանրային ընդհանուր շահի մասին»,- նշեց Ռուստամյանը:
Դժգոհությունները անվերջ կմնային, եթե, ըստ նրա, չվերացվեր այդ դժգոհությունները սնող համակարգային պատճառը: Եվ այդ պատճառը այն քաղաքական համակարգն էր, որը մենիշխանություն էր ծնել, երբ հաղթողը ստացել է ամեն ինչ, իսկ պարտվողը, ունենալով մեծ վստահություն, դուրս է մղվել ու նսեմացվել, չունենալով ազդեցություն որոշումների կայացման համար: Այլևս չի լինի այն միակ նախագահական աթոռը, որի վրա նստողը ունենա ամբողջական իշխանություն: Վերացվեց դրա հնարավորությունը: Այդ գլխավոր հարցից են բխել մնացած բոլոր հարցերը` մոնոպոլիաներ տնտեսության մեջ, անարդարություն, մարդու իրավունքների ոտնահարում: Այս ամենը լուծված է աշխարհում, և այդ առաջադեմ փորձը բերվել է Հայաստան: ՀՅԴ-ն մեծ համառությամբ կարողացավ միջազգային այդ առաջադեմ փորձը` սահմանադրական փոփոխությունները, բերել ու տեղայնացնել Հայաստանում:
«Սա է նոր սկիզբը, որի մասին խոսում ենք: Կան բոլոր հնարավորությունները, որ ընտրությունների միջոցով ժողովուրդը կարողանա փոխել իշխանություններին, կապ էլ պահել, եթե նրանք իրենց արդարացրել են: Իշխանափոխության կոչեր էին անում` ժողովրդին տանելով արկածախնդրության: Մնք այդ ճանապարհով չենք գնացել: Մենք հասկացել ենք, որ այս ռեժիմը, որը հենված է մենիշխանության համակարգի վրա, կա'մ կփոխվի դրսից` արյունահեղությամբ, ինչը մեզ համար անընդունելի է, կա'մ կփոխվի ներսից` համառ աշխատանքի արդյունքում: Մենք սա ենք արել և բաց ճակատով ենք մտնելու ժողովրդի մեջ` բացատրելու, թե ինչու ենք մտել իշխանության մեջ` հասկանալով, որ դժգոհության մի մասը մեզ վրա էլ է գալու: Բայց մենք հասկացել ենք, որ ուրիշ ճանապարհ չկա այդ դժգոհությունից ազատվելու համար: Մնում է` այդ ամենը շարունակել և թույլ չտալ երկու բան: Թույլ չտալ, որ նսեմացվի այս կատարված աշխատանքը, և թույլ չտալ` այնպիսի խորհրդարան ձևավորվի, որ մեկի մտքով անցնի շուռ տալ այն ամբողջը, որը կատարվել է»,- ասաց Ռուստամյանը` շեշտելով, որ թույլ չեն տալու որևէ մեկին հետ պտտել սահմանադրական փոփոխությունների գործընթացը:
Ժողովուրդը պետք է վեր կանգնի ամեն տեսակ ճնշումներից: Նա կոչ արեց բոլորին գիտակցել իրենց ընտրության իրավունքը, չառաջնորդվել «խնամի-բարեկամ» սկզբունքով, այլ վստահել այն ուժին, որն իր քայլերը մեծ համոզումով է իրականացնում: