կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-02-25 13:44
Քաղաքական

Դաշնակցությանը դժվար է մեղադրել PR գործողությունների մեջ. Արմեն Ռուստամյան

Դաշնակցությանը դժվար է մեղադրել PR գործողությունների մեջ. Արմեն Ռուստամյան

Այսօր ԱԺ նիստում ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, ներկայացնելով ՀՅԴ խմբակցության կարծիքը գազամատակարարման ոլորտի խնդիրները լուսաբանելու նպատակով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ, նշեց, որ Դաշնակցությունը լուրջ է մոտենում այդ հարցին: Եվ դեռ 2010-ին է Դաշնակցությունը հանդես եկել պահանջով՝ այդ հարցի ուսումնասիրման համար ստեղծել ժամանակավոր հանձնաժողով:

 

«Մենք բացարձակ չենք ուզում շոուներ անել, ոչ էլ հետապնդում ենք փիար նպատակներ: Դաշնակցությանը դժվար է մեղադրել փիար գործողությունների մեջ, որովհետև մեր նպատակը հարցեր լուծելն է»,- ասաց նա:

 

Արմեն Ռուստամյանը նշեց, որ հասարակության մեջ առկա է մտայնություն, թե ժամանակավոր հանձնաժողով ստեղծելը անտրամաբանական է, անարդյունավետ և այլն: Բայց ՀՅԴ խմբակցությունը համաձայն չէ այդ տեսակետի հետ: «Կա այդպիսի ընկալում, չեմ հերքում, և դա մեծ տեղ է բռնել մեր հասարակության մեջ, բայց եթե այդպես սկսենք ընկալել, ուրեմն պետք է այդ գործիքը առհասարակ հանենք ԱԺ զինանոցից, որին ես դեմ եմ: Մենք կարծում ենք, որ այս ժամանակավոր հանձնաժողովը պետք է բալանսավորված լինի ու հիմնված զսպումների ու հակակշիռների մեխանիզմի վրա»,- ասաց Արմեն Ռուստամյանը:

 

Նա նշեց, որ ամենակարևոր խնդիրը, որը պետք է լինի ընդդիմության ուշադրության կենտրոնում, այն է, որ ոչ ոք չի խանգարում, որ ընդդիմությունն իր աշխատանքները հնարավորինս լիարժեք կազմակերպի ու իրականացնի: Ընդդիմադիր պատգամավորները հնարավորություն ունեն օրնիբուն աշխատելու, խորքային վերլուծություններ անելու և փորձելու ավելի լավ հասկանալ, թե ինչ է կատարվել մինչև հիմա, և որպեսզի գազի համակարգը լավ ծառայի ժողովրդին: Իսկ եթե Դաշնակցությունը տեսնի, որ քաղաքական մեծամասնության նպատակն է խնդիրը կոծկելը, ապա, Ռուստամյանի խոսքով, ՀՅԴ-ն հանդես կգա հատուկ հայտարարությամբ և եզրակացությամբ:

 

Պատգամավորը համոզված է, որ կա հնարավորություն, որպեսզի հանձնաժողովը արդյունավետ աշխատի, ծառայի իր նպատակին, ուստի ընդդիմությունը պետք է օգտագործի ամենափոքր հնարավորությունը: Եվ ժողովուրդը կտեսնի, որ հանձնաժողովն ավարտեց իր աշխատանքները, հանգեց որոշակի եզրակացությունների, ապացուցեց կառավարությանը, որ պետք չէր թաքուն աշխատել, այլ պետք է համագործակցել ԱԺ-ի հետ: Ուստի, պատգամավորի խոսքով, այս հանձնաժողովի ստեղծմամբ դրված է նաև ԱԺ հեղինակության մեծացման հարցը: «Սա քայլ է, որ ԱԺ-ն այս լծակն օգտագործի: Եթե հանձնաժողովին միս ու արյուն տանք, բոլորը կհամոզվեն, որ ԱԺ-ին չի կարելի կաշկանդել, ԱԺ-ի հետ հաշվի պետք է նստել և ԱԺ-ին վերադարձնել իր դերն ու հեղինակությունը: Իհարկե, նիստերի թաքունությունը չեմ հասկանում. ես ինչ պետք է՝ դրսում ասելու եմ»,- ասաց Արմեն Ռուստամյանը: