կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-28 11:54
Հասարակություն

«Ինչպե՞ս ենք ուզում հետ վերցնել մեր հողերը. տասը միլիոն քրդերին ասելու ենք հաջողությո՞ւն»

«Ինչպե՞ս ենք ուզում հետ վերցնել մեր հողերը. տասը միլիոն քրդերին ասելու ենք հաջողությո՞ւն»

Տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանն այսօր լրագրողներին կարծիք հայտնեց, որ Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի միջոցառումները բավական լավ էին կազմակերպված: Նրա բնորոշմամբ` հաստատվեց մի չափման ձող, որը հաստատեց Հռոմի պապը:

 

«Հռոմի պապը մեզ ճիշտ տեղը դրեց և ասաց, որ մենք Նարեկացու ազգն ենք: Սա ևս ձող էր: Թուրքիա-Հայաստան, այսպես կոչված, մրցակցության մեջ Հայաստանը հաղթող դուրս եկավ: Թուրքիան չկարողացավ հարամել ապրիլի քսանչորսը: Այդ երկիրը հարամեց հենց իր տոնակատարությունը: Սրանից հետո այդ տոնակատաթրությունը կապվելու է Հայոց ցեղասպանության հետ: Այս ամենից հետո պետք է արձանագրենք, որ նրանք չեն փայլում դիվանագիտությամբ»,- ասաց Բաբայանը:

 

Խոսելով Սերժ Սարգսյանի`  թուրքական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցի ընթացքում հնչեցրած այն տեսակետի մասին, թե Հայաստանը Թուրքիային հողային պահանջ չի ներկայացնում, նա նշեց. «Խոսվում է հողային պահանջների մասին: Ինձ մոտ տպավորություն է, որ կիրառվում է Լենինի սկզբունքը` մտնենք կռվի մեջ, հետո կերևա: Ես ուզում եմ շեշտել այն հանգամանքը, որ մեր պահանջատիրությունը պետք է հստակ լինի: Թուրքերի ամենամեծ մեղքը ցեղասպանությունն է: Ինչպե՞ս ենք մենք ուզում հետ վերցնել մեր հողերը: Առանց բնակչությա՞ն: Տասը միլիոն քրդերին ասելու ենք հաջողությո՞ւն: Պետք է ռեալ նայենք այս ամենին: Եթե թուրքերը ցանկություն ունենային վերացնել Հայաստանը, մեր հողերը կվերադարձնեին: Մենք կսկսեինք ապրել քրդերի հետ»:

 

Ռուբեն Բաբայանի կարծիքով` այս տեսակի պահանջատիրությունը նմանվում է նրան, որ քարտեզը վերցնենք ու մկրատով կտրենք:

 

Գրականագետ Դավիթ Գասպարյանը այս թեմայի առնչությամբ համոզմունք հայտնեց, որ Սերժ Սարգսյանի այն ասածը, որ մենք չունենք հողային պահանջներ, դիվանագիտական քայլ էր: «Մեր ամբողջ պատմության մեծ մասը այնտեղ է: Մենք պահանջատեր ենք: Բնական է, որ պահանջատիրության իրականացումը հեշտ չի լինելու, բայց չէ՞ որ թուրքի ուզածն էլ դա է հենց: Մենք թուրքի պես ենք մտածում, եթե ասում ենք պահանջատեր չենք»,- ասաց նա: