Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ-ում լրագրողները ԱԺ նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանից հետաքրքրվեցին ՀՀ ԱԳՆ տարածած այն հայտարարության մասին, ըստ որի` Ադրբեջանը սադրիչ նամակ է հղել ՄԱԿ-ի ԱԽ-ին` ըստ էության, մերժելով 1994թ. կնքված զինադադարի եռակողմ համաձայնագիրը: Հերմինե Նաղդալյանի խոսքով՝ Ադրբեջանը դիմեց ՄԱԿ՝ 1994թ.-ի զինադադարի մասին պայմանագիրը չեղարկելու, որովհետև հասկանում է, որ ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ ստեղծված դրությունը Ադրբեջանի օգտին չէ։
«Իրավիճակն ադրբեջանանպաստ չէ, և սա նրանք գիտակցում են։ Ադրբեջանն ուզում է բեկում մտցնել իրավճակի մեջ։ Բեկումը մտցնելու տարբեր ճանապարհներ կան՝ դիվանագիտական, քաղաքական, դիվանագիտական, որոնք փորձարկվել են, ու կարծես, պատասխանը հասցվել է մեր կողմից, բանակի կողմից, միջազգային հանրության կողմից։ Ադրբեջանը դեմքը պահելու խնդիր ունի, ուստի որոշ գործողություններ լինելու են այս լույսի ներքո»,- նշեց ԱԺ փոխնախագահը։
Ըստ նրա՝ միջազգային հանրությունը, մասնավորապես՝ Մինսկի խումբը, պիտի միահամուռ լինի, հետևողական։
«Ապրիլյան պատերազմի, դրան հետևող օրերի ժամանակ ԵԱՀԿ բազմաթիվ պետություններ հանդես են եկել հայտարարություններով, որոնք եղել են գրավոր, բանավոր: Հայտարարություններ են արվել ՄԽ-ի կողմից, որ Ադրբեջանի կողմից 94-95թ. զինադադարի մասին պայմանագրի խզմանն ուղղված քայլերն անընդունելի են, և որ միջազգային հանրությունն այսօր տեսնում է հնարավորություն՝ վերադառնալու բանակցություններին՝ զենքի չօգտագործմամբ, սահմանին հետաքննական մեխանիզմի ներդրմամբ»,- նշեց Հերմինե Նաղդալյանը։
Նրա խոսքով՝ Մադրիդյան սկզբունքներից Հայաստանն «անսահման երջանիկ չէ, որովհետև կան վիճելի կետեր, որ, օրինակ, պետք է երկրորդ անգամ հանրաքվե անցկացվի, երբ Ղարաբաղի ժողովուրդը մի անգամ արդեն իր խոսքն ասել է»:
«Բայց և այնպես` մենք ասում ենք, որ գնում ենք փոխզիջման։ Մեր փոխզիջումը ոչ թե հինգ ազատագրված տարածքներն են, այլ Մադրիդյան սկզբունքների ամբողջական համալիրը, որտեղ մենք ներկայանում ենք ինքնիշխան պետության համար պայքարող։ Դրա համար մենք ընդունում ենք, որ երբ կլինի հանրաքվե, կընդունվի կարգավիճակի մասին որոշում, աշխարհը կընդունի ԼՂ անկախությունը, մենք էն հողերը, որոնց վրա այդ իրավունք չունենք, մենք էդ հողերը չենք ուզում․․․ Սա մեր բուֆերային զոնան է, մեր անվտանգության երաշխիքն է։ Դրսում հաճախ Մադրիդյան սկզբունքներից առանձնացնում են մի բան՝ ում ինչպես ձեռնտու է: Բայց ՄԽ-ն մի քանի անգամ ուշադրությունը սևեռել է նրա վրա, որ Մադրիդյան սկզբունքները համալիր են, չկա մեկը, որի վրա պետք է սևեռվել, որ` նախ սա լուծենք, հետո` նա։ Մենք լուծում ենք այդ տարածքում ապրող ժողովրդի ինքնորոշման իրավունքը»,- ասաց ԱԺ փոխխոսնակը:
Հիշեցնենք, որ, ՀՀ ԱԳՆ հաղորդագրության համաձայն, «այսօր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում եւ Անվտանգության խորհրդում տարածվել է ս.թ. ապրիլի 14-ի Ադրբեջանի հերթական սադրիչ նամակը, որտեղ փորձ է արվում, պատասխանատվությունը Հայաստանի վրա դնելով, միակողմանիորեն չեղարկել 1994թ. մայիսի 12-ին Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջեւ ստորագրված զինադադարի եռակողմ անժամկետ համաձայնագիրը»: