Հրապարակախոս, քաղաքագետ Դավիթ Վանյանը գրում է.
«Մենք մի ամբողջ կյանք ապրեցինք քեզ համար, իմ սուրբ Հայրենիք։
Կռվեցինք, զոհվեցինք, հաղթանակներ տարանք քեզ հետ, նաև պարտություն ու զրկանքներ։ Սակայն մենք նունն ենք, նույն խմորից ու արյունաթաթախ հողից հունցված քո խենթ զավակներն ենք, ովքեր ոգեղեն մնացին և հոգեպես անպարտելի․․․ Եւ սիրում ենք, պաշտում ենք քեզ ավելի ուժեղ, ավելի՝ միայն սիրելու դատապարտված․․․
Բայց դու մեզ լքում ես, արհամարհում մեր տեսակը, հույսդ դրել ես քո ոխերիմ թշնամու անհավանական ու աննախադեպ բարության, բարեկամության վրա, իսկ մեզ քարկոծում ես, իմ սիրելի Հայրենիք։
Սա իմ և իմ ընկերների ողբերգությունն է, մեր սրտի խորը վերքը, որի հանդեպ դու այդքան սառն ու անտարբեր գտնվեցիր, իսկ մենք չհասկացանք, թե ինչպե՞ս դու այսքան մանրացար, քաղքենիացար, սառնացար ու օտարեցիր մեզ քեզանից։
Օտարեցի՞ր, ավելին։ Դու մեզ ես մեղադրում քո բոլոր սայթաքումներում։ Փոխանակ պաշտպանելու մեզ, մեր տեսակը բազմապատկելու, նահատակների սխրանքը մեծարելու, դու, իմ հայրենիք, արհամարհում ես այդ հերոսներին և քեզ նետել ես դարավոր թշնամիներիդ գիրկը։
Ի՞նչ է սա։ Արդյո՞ք մեր պետականության, ապա և տեսակի վերջն է։
Ո՜Չ։
Մենք դեռ վեր ենք հառնելու ու բազմապատկվելու։
Մի քանի հարյուր հազար ընտրող, միայն ստամոքսի ու սեփական վախերի քվեարկությամբ՝ իրավունք չունեն, չեն կարող տասը միլիոն հայի երազանքի,Արցախի ու պատմական Հայրենիքի հարց լուծել։ Եվ անտարբերության ու սեփական տեսակից խորշելու այս սատանան, ում դու ընտրեցիր, իմ Հայրենիք, նզովյալ է լինելու ու արտաքսվելու է քո մարմնից ու հոգուց։
Եվ կգան նոր գործիչներ, բորբ ու աննկուն, ովքեր կբարձրացնեն պատվախնդրության շարքերն ու վերջ կտան Հայի այս կրավորական կենսակերպին։
Կեցցե ազգային հեղափոխությունը»։