Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը, Yerkir.am-ի հետ զրույցում անդրադառնալով Սերժ Սարգսյանի` թուրքական «Հյուրիեթ»-ին տված հարցազրույցին, նշեց, որ մեր նախագահը ցուցաբերել է դիվանագիտական ճկունություն, և նրա դիտարկումները իրերի և երևույթների ճիշտ գնահատման արդյունք են: Տեղեկացնենք, որ Սերժ Սարգսյանը հարցազրույցի ընթացքում մի ուշագրավ միտք է արտահայտել. նշել է, որ մենք Թուրքիային չենք ներկայացնում հողային պահանջ:
«Իրականում մենք երբևէ հողային պահանջով չենք էլ ներկայացրել: Որևէ նախագահ երբևէ նման հարց չի ներկայացրել Թուրքիային: Սերժ Սարգսյանի հարցազրույցում կար մի հետաքրքիր դիվանագիտական քայլ. Սարգսյանն ասաց, որ մենք Թուրքիային չենք ներկայացնում հողային պահանջ, բայց չասաց, որ մենք չունենք հողային պահանջ»,- նշեց թուրքագետը:
Նրա դիտարկմամբ` աշխարհաքաղաքական, դիվանագիտական այս իրավիճակում Սերժ Սարգսյանի տեսանկյունից ճիշտ չէր լինի հայտարարել, որ մենք ունենք հողային պահանջ Թուրքիայից, սակայն հստակ է, որ Հայաստանը և հայ ժողովուրդը Թուրքիայից հողային պահանջ ունեն, և վաղ, թե ուշ, հարմար իրավիճակում այդ պահանջն անպայման ներկայացվելու է: «Ես կարծում եմ` սովորական քաղաքական գործչի կամ վերլուծաբանի համար հեշտ է հայտարարել, որ մենք չենք ներկայացնում հողային պահանջ, սակայն նախագահի կողմից նման պահանջի ներկայացումը ենթադրում է ավելի լուրջ քաղաքական զարգացումներ: Նախագահը, առաջնորդվելով պատասխանատվության զգացումով, նման ձևակերպում է արել: Սա չի նշանակում, որ մենք չունենք հողային պահանջ»,- ասաց Մելքոնյանը:
Նա նշեց նաև, որ մեր պահանջատիրությունը պետք է վերաբերի ոչ միայն հողերին, այլև գույքին, մշակույթին: «Իմ կարծիքով` Հայոց ցեղասպանության միայն միջազգային ճանաչումն ինքնանպատակ է: Ճանաչմանը պետք է հաջորդեն մեր պահանջատիրական մյուս գործողությունները»,- ընդգծեց թուրքագետը:
Ռուբեն Մելքոնյանը մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Գերմանիայի Բունդեսթագի` Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի քվեարկության հետաձգման հիմքում ավելի շատ քաղաքական խնդիրներ են, որոնք ներկայացվում են տեխնիկականի քողի ներքո: «Չմոռանանք, որ Թուրքիան ու Գերմանիան լուրջ հարաբերություններ ունեն, չմոռանանք նաև, որ Թուրքիայում կա մի քանի միլիոնի հասնող թուրքական համայնք: Գերմանիան Առաջին աշխարհամարտի տարիներին Թուրքիայի դաշնակիցն էր և Հայոց ցեղասպանության իրականացման հարցում ամենևին էլ ոչ երկրորդական դերակատարություն է ունեցել»,- ընդգծեց թուրքագետը` հավելելով. «Ես հույս ունեմ, որ գերմանական ժողովրդավարությունը կկարողանա հաղթահարել այդ խնդիրները և իրերը կկոչի իրենց անուններով»:
Լուսինե Հակոբյան