կարևոր
2845 դիտում, 1 տարի առաջ - 2023-09-10 20:44
Քաղաքական

Երբ ասում են «ասեք՝ կանենք», վերաբերում է Թուրքիային ու Ադրբեջանին, նրանք ասում են՝ սրանք անում են․ Անդրանիկ Թեւանյան

Այսօր ոչ թե Երեւանի քաղաքապետի կամ ավագանու ընտրություն է, այլ ընտրություն պատերազմի ու խաղաղության միջեւ՝ ասաց «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թեւանյանը Սասունցի Դավթի արձանի մոտ մեկնարկած հանրահավաք-երթի ժամանակ։

Նա մատնանշեց Հայաստանի սահմանին Ադրբեջանի զորքի կուտակումներն ու Հայաստանի՝ նոր կործանարար պատերազմի շեմին լինելը, որի մեղավորը Նիկոլ Փաշինյանն է։

«Մենք զգուշացնում էինք, որ քանի դեռ նա վարչապետի աթոռին է՝ Հայաստանն ու Արցախը մշտապես հայտնվելու են պատերազմի վտանգի առջեւ։ Նիկոլ Փաշինյանն է պատերազմ բերողը, թեեւ խաբում էր՝ իբր խաղաղություն է բերելու»,-ասաց Անդրանիկ Թեւանյանը։

Ապա թվարկեց պատճառները, թե ինչու է նա անընդհատ պատերազմ բերում․ որովհետեւ անընդհատ պատրաստակամություն է հայտնում զիջումների գնալու, իսկ թշնամու ախորժակը ուտելիս է բացվում, բացի այդ Նիկոլ Փաշինյանը մենակ է թողել Հայաստանին թշնամու դեմ, որի հետ նաեւ Թուրքիան է։

Հայաստանը, Անդրանիկ Թեւանյանի խոսքով, մինչեւ ուժեղանալը ունի 2 տարբերակ․ առաջինը՝ դաշնակիցների միջոցով կարողանալ պաշտպանել իր անվտանգությունը, եւ երկրորդ՝ անընդհատ գնալ զիջումների եւ այդպես փորձել, իբր, հասնել խաղաղության։

«Անընդհատ զիջումների ճանապարհը չի ավարտվելու Արցախով, չի ավարտվելու Սյունիքով, այլ ավարտվելու է Հայաստանով։ Երկրորդ ճանապարհը դաշնակիցների՝ Իրանի ու Ռուսաստանի, հետ նորմալ հարաբերությունների հաստատումն է։ Բայց դա Նիկոլ Փաշինյանը միտումնավոր փլուզել է։ Ինչո՞ւ։ Որովհետեւ միայն Թուրքիայի ազդեցության ներքո նա կարող է պաշտպանել իր իշխանությունը եւ անձնական անվտանգությունը»,-ասաց Անդրանիկ Թեւանյանը։

Բայց քանի որ Թուրքիան Ադրբեջանի հետ ամբողջ Հայաստանն է պահանջում, նշեց նա, մենք որեւէ շանս չունենք անընդհատ զիջելով ստանալ ինչ-որ խաղաղություն եւ գոյատեւել այս տարածաշրջանում։ Մնում են դաշնակիցները։

Դաշինքի առաջնորդի համոզմամբ, Նիկոլ Փաշինյանը դիտմամբ է թողնում մեզ առանց դաշնակիցների, որպեսզի իր կաշին փրկի Թուրքիայի ազդեցության ներքո։ Եվ մենք պետք է ամեն ինչ անենք, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությանը վերջ տրվի, որպեսզի մենք ունենանք խաղաղություն։

«Սրանք որ ասում են «ասեք՝ կանենք», դա հայ ժողովրդին չի վերաբերում, դա վերաբերում է Թուրքիային ու Ադրբեջանին․ նրանք ասում են ինչ-որ բան՝ սրանք անում են դա»,-ասաց Անդրանիկ Թեւանյանը։

Մեր խնդիրը, ըստ նրա, պետք է լինի Երեւանի ավագանու ընտրությունը վերածել իշխանափոխության գործընթացի, որը խաղաղության ապահովման միակ երաշխիքն է։

«Մեր ընտրությունն է՝ կա՛մ Հայաստան ու Արցախ, կա՛մ Նիկոլ Փաշինյանի իշխանություն ու նրա անձնական անվտանգություն»,-ասաց Անդրանիկ Թեւանյանն ու հավելեց․ «Մայր Հայաստան» դաշինքն ընտրում է Հայաստանն ու Արցախը, եւ ժողովրդի աջակցությամբ պետք է հասնի իշխանափոխության ու խաղաղության։