կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-07-09 18:08
Առանց Կատեգորիա

Հայաստանը հողային պահանջնե՞ր է առաջադրում Թուրքիային

Հայաստանը հողային պահանջնե՞ր է առաջադրում Թուրքիային

Երևանում կայացած «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» խորագրով իրավաբանների համահայկական երկրորդ համաժողովի աշխատանքներին մասնակցած ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը արել է ուշագրավ, եթե չասենք սենսացիոն հայտարարություններ` կապված Հայոց ցեղասպանության կազմակերպիչներին կամ հրահրողներին բացահայտելու, բայց հատկապես` Ցեղասպանության հետևանքները փոխհատուցմամբ վերացնելու հնարավորություններին: «Իմ խորին համոզմամբ` Ցեղասպանության զոհերի ժառանգները պետք է նյութական փոխհատուցում ստանան, Հայ եկեղեցուն պետք է վերադարձվեն Թուրքիայի տարածքում հրաշքով կանգուն մնացած եկեղեցիները եւ եկեղեցապատկան հողերը, Հայաստանի Հանրապետությունը պետք է ստանա իր կորցրած տարածքները եւ այլն: Բայց այդ բոլոր պահանջները պետք է ունենան անթերի իրավական հիմնավորումներ»,- ընդգծել է Աղվան Հովսեփյանը:

 

Դժվար է ասել` Հովսեփյանն այդ խորհրդաժողովին իբրև սովորական իրավաբա՞ն է մասնակցել, թե՞ որպես ՀՀ գլխավոր դատախազ: Սակայն թե' կազմակերպիչները և թե' անձամբ Հովսեփյանը չէին կարող չիմանալ, որ անկախ նրանից` ինչ կարգավիճակով է մասնակցում նմանատիպ միջոցառումների, նրա արած ցանկացած արտահայտություն, միտք կամ պնդում ընկալվելու է իբրև պաշտոնական: Եթե դա իսկապես պաշտոնական դիրքորոշում է, ապա նշանակում է, որ Ցեղասպանության ճանաչման և հատկապես` փոխհատուցման հետ կապված խնդիրների համատեքստում Հայաստանի արտաքին դիվանագիտությունը ենթարկվում է փոփոխությունների:

 

Բանն այն է, որ նախկինում Հայաստանը երբեք պաշտոնապես չի պնդել, որ Ցեղասպանության զոհերի ժառանգների նյութական փոխհատուցման պահանջատերն է: Առավել ևս, որ առ այսօր այդ վնասների չափը հստակ ճշգրտված չէ ու լուրջ ուսումնասիրությունների ու փաստագրումների կարիք ունի: Ցեղասպանության ժառանգները, ովքեր հիմքեր ու փաստաթղթեր են ունեցել, որոնք հավաստում են ամերիկյան, եվրոպական և թուրքական բանկերում իրենց նախնիների ունեցած ավանդների, թուրքական բանկերի կողմից հայերին պատկանող հողատարածքներն ու ունեցվածքը յուրացնելու վերաբերյալ, առ այսօր ինքնուրույն են պայքարում այդ բանկերից փոխհատուցում ստանալու ուղղությամբ, որից Հայաստանը փաստացի անմասն է: Նույնը վերաբերում է նաև եկեղեցապատկան հողերին: Այդ կապակցությամբ ընդամենը ամիսներ առաջ Թուրքիային ուղղված համատեղ կոչով հանդես եկան Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն և Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա-ն: Իսկ դրանից ավելի վաղ` 2011թ., ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն էր ընդունել 306-րդ բանաձևը, որով կոչ էր անում Թուրքիայի կառավարությանը վերադարձնել եկեղեցապատկան հողերն ու կալվածքները: Այնպես որ` նաև այս մասով Հայաստանը որևէ մասնակցություն չի փորձել ունենալ:

 

Բայց Հովսեփյանի հայտարարության մեխը, ըստ էության, նրա պնդումն է այն մասին, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է ստանա իր կորցրած տարածքները: ՀՀ գլխավոր դատախազը, փաստացի հողային պահանջ է ներկայացնում Թուրքիային, ընդ որու` դա անում է պետության անունից, մի բան, որից Հայաստանի Հանրապետության 22-ամյա պատմության ընթացքում բոլոր իշխանությունները ոչ միայն հետևողականորեն խուսափել են, այլև նախագահի մակարդակով հստակ հայտարարել, որ նման պահանջ Հայաստանը Թուրքիայի հանդեպ չունի:

 

2008թ. Անկարայում լույս տեսնող «Թըրքիշ դեյլի նյուզ»-ի և «Հյուրիեթի» սյունակագիր Մեհմեթ Ալի Բիրանդի հետ կայացած հարցազրույցում այն ժամանակ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հստակ հայտարարում է. «Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչումից հետո Հայաստանն ի վիճակի չի լինի Թուրքիայի դեմ իրավական գործողությունների նախաձեռնություն սկսել: Ցեղասպանության ճանաչման դեպքում Հայաստանը հողային պահանջ չի ունենա: ...Հայաստանն այդ հողերի ժառանգորդը չէ»: Հետագա տարիներին այս քաղաքականությունը և խնդրո առարկայի վերաբերյալ պաշտոնական դիրքրոշումը էական փոփոխությունների չի ենթարկվել: Ավելին` 2009թ. «գիշերային դիվանագիտության» ուղղակի արգասիքը դարձավ հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում հայ-թուրքական զույգ արձանագրությունների նախաստորագրումը, որը, չնայած սառեցված կարգավիճակին, դեռևս գտնվում է Հայաստանի պառլամենտի օրակարգում: Այդ արձանագրությունների նախաստորագրմամբ Հայաստանը փաստացի ճանաչում է Հայաստան-Թուրքիա ներկայիս սահմանները, որոնք գծվել են 1921թ. Կարսի տխրահռչակ պայմանագրով: Այլ կերպ ասած` դրանով հայկական կողմը պատրաստակամություն հայտնեց իրավական ձևակերպում և ուժ տալ այդ երկրի նկատմամբ որևէ տարածքային պահանջ չունենալու կեցվածքին: Եվ այն հանգամանքը, որ Հայաստանը չի հայտարարել այդ արձանագրություններից իր ստորագրությունը ետ կանչելու մասին, այս պատրաստակամությունը մնում է ուժի մեջ:

 

Եվ հենց այս ֆոնին է հետաքրքրական Հովսեփյանի հայտարարությունը, որը կարող է երկու բան նշանակել: Առաջին` նա պարզապես հանդես է գալիս որպես հայ մարդ ու խոսում բացառապես իր և իր նման մտածողների անունից: Բայց դա անելով` Հովսեփյանը, որպես գլխավոր դատախազ, չէր կարող չիմանալ, որ ուղղակիորեն հակադրվում է պետական քաղաքականությանը, որի բարոյական իրավունքն ինքը գուցե չունի: Եթե այս տեսանկյունից ենք մոտենում հարցին, ապա Հովսեփյանի քայլն ակնհայտ դեմարշ է վարվող քաղաքականությանը, որը լիազորությունների ժամկետն սպառող դատախազը չի երկնչում կատարել հատկապես իշխանության մոտ վստահությունը մեծ հաշվով կորցրած լինելու հանգամանքներում: Սակայն եթե այդպես է, ապա առնվազն տարօրինակ է, որ հատկապես արտաքին գործերի նախարարությունը նման հայտարարությունը թողնում է անարձագանք:

 

Երկրորդ` Աղվան Հովսեփյանի այս հայտարարությունը ինքնաբուխ չէ և հետապնդում է հեռուն գնացող նպատակներ: Չի բացառվում, որ այսպիսով պաշտոնական Երևանն անուղղակի սպառնում է հրաժարվել սեղանին գտնվող հայ-թուրքական արձանագրություններից և աստիճանաբար` Ցեղասպանության 10-րդ տարելիցին ընդառաջ, սկսում Թուրքիային հողային պահանջներ առաջադրելու իրավական նախադրյալներ ստեղծելու նոր գործընթաց: Եթե այդպես է, ապա Հայաստանի արտաքին քաղաքականությունն իսկապես ենթարկվում է շրջադարձային փոփոխությունների: Սակայն այդ հայտարարությունը կարող է նաև զուտ մարտավարական նշանակություն ունենալ, որի նպատակը միջազգային հանրությանը դրդելն է, որպեսզի վերջինս Անկարային դրդի վերանայել արձանագրությունները չստորագրելու և հատկապես դա ԼՂ հիմնահարցի հետ կապելու իր ներկայիս կուրսը: Սա կարող է պայմանավորված լինել հայ-թուրքական սահմանը հնարավորինս արագ բացելու` հայաստանյան իշխանությունների ցանկություններով:

 

Գևորգ ԴԱՐԲԻՆՅԱՆ