Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տեղեկացրել էինք, որ այսօր երեկոյան` ժամը 20:30-ին, Հանրապետության հրապարակում տեղի կունենա «24/04» նվագախմբի համերգը: 43 երկրի 123 երաժիշտներ համախմբվել են` Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու և իրենց բողոքի ձայնը բարձրացնելու համար:
Yerkir.am-ի հետ զրույցում ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը նշեց, որ նման միջոցառումն ավելի կարևոր է, քան մենք ինքներս կխոսեինք Ցեղասպանության մասին: Ըստ նրա` կարևոր է, որ աշխարհն է միանում մեր ցավին, այն էլ` հավաքական ձևով:
«Մենք ոչ թե խոսում ենք առանձին երկրների կարծիքի, մտահոգության կամ ընդունած հռչակագրերի մասին, այլ սա, կարծես, աշխարհի հավաքական կարծիքը լինի ընդդեմ Ցեղասպանության: Երաժշտական միասնական ձևով հանդես գալը ցույց է տալիս, որ կա այս հարցի միասնական լուծում: Չափազանց կարևոր է այն հանգամանքը, որ բոլորը երիտասարդներ են. Ցեղասպանության ճանաչման, ընդդեմ ցեղասպանությունների գործընթացը մենք, կարծես, փոխանցում ենք երիտասարդ սերնդին, որոնք պետք է ուղղակի ամեն ջանք գործադրեն, որ երբևիցե ցեղասպանությունները չկրկնվեն»,- ասաց նախարարը:
Ըստ նրա` Թուրքիան վերջապես պետք է ընդունի, որ եղել է Ցեղասպանություն, և իր ժխտողական քաղաքականությունը պետք է մի կողմ թողնի.«Թուրքիան չի կարող Ցեղասպանություն իրականացնել, իսկ հետո պարզ աչքերով նայել աշխարհի երեսին ու ասել, թե նման բան չի եղել: Եղել է Ցեղասպանություն, նպատակային ձևով կոտորվել են մարդիկ: Թուրքիան պետք է նվազագույնը ընդունել և ներողություն խնդրել այնպես, ինչպես ժամանակին արեց Գերմանիան. այս փուլում գերնպատակը սա է»:
Նախարարի կարծիքով` Ցեղասպանության 100-րդ տարելիցով մենք մի նոր փուլ ենք մտնում, նոր որակով, նոր մոտեցումներով և նոր կարգախոսով` «Հիշում եմ և պահանջում»: «Այս կարգախոսն ապագայի համար է, մենք պետք է գնանք այս կարգախոսի իրականացմանը»,- ասաց Պողոսյանը: