կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-11-18 20:07
Քաղաքական

Այլևս «Իմ կուսակցությունն իմ ժողովուրդն է» կարգախոսն անցյալում է. Շարմազանով

Այլևս «Իմ կուսակցությունն իմ ժողովուրդն է» կարգախոսն անցյալում է. Շարմազանով

Մամուլում հրապարակումներ են շրջանառվում, թե մինչև նոյեմբերի 26-ը` ՀՀԿ-ի համագումարը, բոլոր անկուսակցական նախարարները անդամագրվելու են Հանրապետական կուսակցությանը: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ ինքը նման տեղեկություններ չունի: «Ես նման տեղեկություններ չունեմ, բայց դա պարոն նախարարի` անձնական որոշելու խնդիրն է՝ կանդամակցի, թե՞ չի անդամակցի»,- ասաց ԱԺ փոխնախագահը:

Մեր ճշտող հարցին՝ այս պահի դրությամբ` դիմումներ կա՞ն, Շարմազանովը պատասխանեց, որ դեռ չկան: Նրա խոսքով` եթե դու քաղաքականության մեջ ես, ապա շատ ավելի տրամաբանական է, որ լինես կուսակցական:

«Պառլամենտական համակարգում, եթե դու զբաղվում ես ակտիվ քաղաքականությամբ, պետք է լինես կուսակցական, այլևս անկուսակցական քաղաքական գործիչների էպոպեան անցյալում է: Դա շատ լավ ապացուցեց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Անհնար է լուրջ դերակատարում ունենալ քաղաքականության մեջ՝ չլինելով այս կամ այն քաղաքական թիմի անդամ»,-ասաց Շարմազանովը, ապա հավելեց. «Այլևս «Իմ կուսակցությունն իմ ժողովուրդն է» կարգախոսն անցյալում է: Հիմա մենք գնում ենք կուսակցությունների հզորացման ճանապարհով: Պառլամենտական համակարգում այդպես է»:

Շարմազանովը շեշտեց, որ Կարեն Կարապետյանի կառավարությունը Հանրապետականի կառավարությունն է: «Նրանք մեր քաղաքական թիմի անդամ են և իրականացնում են այն քաղաքականությունը, որը մենք համարում ենք ճիշտ: Չկա կառավարության առանձին թիմ, և չկա ԱԺ առանձին  թիմ, կա մեկ, միասնական թիմ, որի ղեկավարն է Սերժ Սարգսյանը»,- ասաց նա:

Հարցին՝ գուցե ժողովրդի շրջանում նման կարծիք կար, և այդ պատճառո՞վ են անկուսակցական նախարարները անդամագրվելու ՀՀԿ-ին, Շարմազանովը պատասխանեց. «Չկա նման բան, ժողովրդի մոտ նման բան չկա: Բոլորը մեր քաղաքական թիմի ներկայացուցիչներ են, և կարծում եմ, որ տրամաբանականն անդամագրվելն է»: