կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-01-12 13:05
Մշակույթ

Հիմնական եւ անհրաժեշտ անելիքը դեռեւս գտնված չէ. Հասմիկ Պողոսյան

Հիմնական եւ անհրաժեշտ անելիքը դեռեւս գտնված չէ. Հասմիկ Պողոսյան

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ ՀՀ մշակույթի նախարարությունը կկազմակերպի շրջիկ ցուցահանդես, որը կհյուրընկալվի տարբեր երկրների Ազգային ժողովներում, նախարարությունների շենքերում, մշակութային կենտրոններում: «Պետք է այնպես անենք, որ ուր էլ պտտվենք, հանդիպենք հայկական մշակույթի ներկայացմանը»,-  yerkir.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

 

Ըստ նախարարի` ՀՀ մշակույթի նախարարությունը մի շարք միջոցառումներ է իրականացնելու, որոնց շրջանակներում արդեն իսկ ստացել է Ցեղասպանության մասին պատմող մոտ 20 ֆիլմերի սցենարներ:

 

«Սակայն այս անգամ չենք շտապելու. միջազգային ժյուրին պետք է ընտրի լավագույնը: Անհրաժեշտ է, որպեսզի դրանք «դրսի աչքով» դիտվեն»,- ասաց նախարարը` հավելելով, որ այս ամենի հետ մեկտեղ կհավաքագրվի եւ կստեղծվի Ցեղասպանության մասին պատմող գրքերի մատենաշար, կլինեն նաեւ գեղարվեստական ստեղծագործությունների մրցույթներ:

 

Պողոսյանը նշում է, որ Հայոց ցեղասպանության թեման մեզ այնքան ցավ պատճառած նյութ է, որ բոլորս անընդհատ խոսում ենք երեւույթի մասին, սակայն չենք կարողանում գտնել այն գլխավոր միջոցառումը, որը պետք է կազմակերպել: Հիմնական եւ ամենաանհրաժեշտ անելիքը դեռեւս գտնված չէ. պնդում է նախարարը:

 

Ըստ նրա` Ցեղասպանության համատեքստում անհրաժեշտ է շեշտել յուրաքանչյուր հայի` որպես մեծ անհատականության` գիտնականի, բժշկի, երաժշտի, հասարակական, քաղաքական գործչի եւ այլն, կորստի փաստը:

 

Կ. Հ.