կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-11-11 18:17
Մշակույթ

Ո՞վ, եթե ոչ` Սպիվակովը. Հասմիկ Պողոսյան

Ո՞վ, եթե ոչ` Սպիվակովը. Հասմիկ Պողոսյան

Այսօր Գյումրիում Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգով /գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Վլադիմիր Սպիվակով/ կամփոփվի «Գյումրին` ԱՊՀ երկրների մշակութային մայրաքաղաք» ծրագիրը:

 

Yerkir.am-ի հետ զրույցում ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը նշեց, թե շատ կուզեր, որ հենց գյումրեցիները գնահատեին, թե որքանով էր հատկանշական Գյումրու համար նման պատվի արժանանալը, քանի որ բոլոր միջոցառումները Գյումրու եւ գյումրեցիների համար են արվել:

 

«Ես հույս ունեմ, որ գյումրեցիներն իսկապես զգացել են մշակութային մայրաքաղաքի շունչը: Կարեւոր էր այն, որ հենց Գյումրիում հիմնադրվեցին ծրագրեր, որոնք դարձան միակը` Գյումրիի համար, օրինակ` «Դուետ» թատերական փառատոնը, «Արտ էքսպոն», «Ի սկզբանե բանն էր» պոեզիայի, հացի, աշուղական երգի փառատոները: Դրանք այն ծրագրերն էին, որոնք մեր մշակութային կյանքում չկային, բաց էին մնացել, եւ Գյումրին դարձավ դրանց ե՛ւ հիմնադիրը, ե՛ւ կենտրոնը»,- ասաց Պողոսյանը:

 

Ըստ նրա` ծրագրի շրջանակներում շուրջ 50 միջոցառում է իրականացվել, որոնց մի մասն առաջին անգամ է կյանքի կոչվել:

 

Հարցին, թե որքանով է հատկանշանական այն, որ հենց Սպիվակովի այցով է ծրագրի փակումն արվում, նախարարը պատասխանեց` էլ ո՞վ, եթե ոչ` Սպիվակովը. «Մի մարդ, որն իսկապես հավատարիմ է այդ քաղաքին, եւ ողբերգության պահին առաջիններից մեկն էր, որ եկավ Գյումրի: Հետագայում էլ երկրաշարժի տարելիցների օրերին նա միշտ համերգով եղել է Գյումրիում»: