կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-08-23 12:43
Իրավական

Անցումային արդարադատության ինստիտուտին հարկ է դիմել միայն բացառիկ դեպքերում. Գևորգ Դանիելյան

Անցումային արդարադատության ինստիտուտին հարկ է դիմել միայն բացառիկ դեպքերում. Գևորգ Դանիելյան

Արդարադատության նախկին նախարար, Բարձրագույն դատական խորհրդի անդամ Գևորգ Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Անցումային արդարադատությունը բնավ նոր երևույթ չէ նորանկախ Հայաստանի պատմության մեջ, այն որոշակի բաղադրիչներով կիրառվել է նաև նախկինում, ուղղակի զուտ այդ ինստիտուտի անվանումը չի դրվել շրջանառության մեջ, ինչն էլ, հավանաբար, այնպիսի տպավորություն է ստեղծել, թե դա բոլորովին նոր ու անկանխատեսելի զարգացումներ է ունենալու, ընդհուպ՝ արդարադատություն իրականացնելու իրավասությամբ օժտված տարաբնույթ հանձնաժողովների ձևավորումը:

Նախ, պաշտոնական աղբյուրները ողջամտորեն ու միանշանակ հերքեցին այդպիսի զարգացումների հեռանկարը: Ինչ վերաբերում է մինչ այս պահն անցումային արդարադատության դրսևորումներին, ապա հենց այդպիսին էր, օրինակ, 1990-ականների սկզբներին Գլխավոր դատախազությունում իմ ղեկավարությամբ ստեղծված «Ռեպրեսիայից տուժած անձանց արդարացնելու և փոխհատուցում տալու հայտերի քննարկման» հանձնաժողովը:

Մենք պահանջում էինք ՊԱԿ-ից, ՆԳՆ-ից և այլ մարմիններից (այդ թվում՝ միութենական) արխիվային գործերը և ուսումնասիրության արդյունքներով կազմում ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ, ինչն արդեն բավարար իրավական հիմք էր համարվում անձին արդարացված համարելու համար: Ամբողջ խնդիրն այն էր, որ կար բանավեճ, թե արդյո՞ք, այսպես կոչված «դվոյկաներն» ու «տրոյկաները» համարվում էին օրենքով ստեղծված դատարաններ, որպեսզի նրանց ակտերը ևս բեկանվեին դատական կարգով:

Իմ մոտեցումն այդ ժամանակ այն էր, որ դրանք դատական ատյաններ չեն եղել, ուստի իրավաչափ հիմք չկար հազարավոր գործերի վերանայումը վերապահել դատարաններին և անհարկի ծանրաբեռնել: Եթե համարժեք ուսումնասիրեք դատական համակարգի պատմությունը, անշուշտ կհայտնաբերեք անցումային արդարադատության, այդ թվում՝ դատավորների վերանշանակման նաև այլ դրսևորումներ: Պարզապես այս ինստիտուտին հարկ է դիմել միայն բացառիկ և խիստ հիմնավորված դեպքերում ու սահմաններում, դրա ցանկացած տարատեսակ ունի ինչպես դրական, այնպես էլ բացասական դրսևորումներ և միշտ չէ, որ ուղեկցվում է ակնկալվող արդյունքներով:

Մնում եմ այն տեսակետին, որ այս փուլում էական դեր կարող է ունենալ հանրային վստահություն վայելող միջազգային փորձագետներից կազմված խորհրդատվական կառույցների ձևավորումն ու Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության կոնվենցիային կից 16-րդ արձանագրության հենքով ՄԻԵԴ-ից խորհրդատվություն հայցելու պրակտիկայի աշխուժացումը ...»: