Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մարտ ամսին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր ռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ Ալեքսանդր Գրիգորյանը թատրոնը «վերածել» է բիզնես-կենտրոնի: Թերթի տեղեկություններով` Ալեքսանդր Գրիգորյանի փեսան` Էրվին Ամիրյանը, թատրոնի շենքում սառույցի արտադրամաս է հիմնել: Իսկ Գրիգորյանի դուստրը՝ Նորա Գրիգորյանը, «7th heaven» անվամբ հարսանյաց սրահ է բացել թատրոնի հարակից տարածքում:
Խնդիրն այն է, որ թատրոնի շենքի մի մասը հանձնում են վարձակալության, եւ այդ կապակցությամբ էլ ծագում են տարատեսակ խոսակցություններ: Հարցի հետ կապված` yerkir.am-ը գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ մշակույթի նախարարությանը: Մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը, պատասխանելով հարցմանը, տեղեկացնում է, որ «Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոն» ՊՈԱԿ-ի տարածքը պետական սեփականություն է, և ՀՀ օրենսդրությամբ` պետական գույքի տնօրինումը վերապահված է ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությանը:
«Վերջինիս կողմից 27.05.2008-ի N 6/008 անհատույց օգտագործման պայմանագրով Աբովյան փողոց թիվ 7 հասցեում գտնվող շենքը անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով տրվել է ՀՀ մշակույթի նախարարության ենթակայությամբ գործող «Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոն» ՊՈԱԿ-ին: Պետական սեփականություն հանդիսացող տարածքների վարձակալության տրամադրման գործընթացը համաձայն ՀՀ կառավարության 2001թ. փետրվարի 22-ի N 125 որոշման` կատարվում է ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության կողմից (աճուրդային եղանակով): Ներկայում թատրոնի տարածքում սառույցի արտադրամասի կամ «7th heaven» անվամբ հարսանյաց սրահի գործունեություն ծավալելու համար տարածքների վարձակալության տրամադրման հայտեր մշակույթի նախարարությունը չի ստացել»,- ասում է փոխնախարարը ու հավելում, որ թատրոնի աշխատանքներն ընթանում են բնականոն և փակման մասին խոսք անգամ լինել չի կարող:
Ի դեպ, 2014 թվականին սուբսիդիայի պայմանագրով պետբյուջեից թատրոնին հատկացվել է շուրջ 188 մլն, իսկ 2015 թվականին նախատեսվում է հատկացնել 210 մլն դրամ: Գումարի ավելացումը պայմանավորված է աշխատավարձերի բարձրացմամբ:
Մանրամասներին կանդրադառնանք առաջիկայում: