կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-10-16 16:01
Մշակույթ

Ռուսական կայքը սխալվեց. Ստանիսլավսկու անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար է նշանակվել

Ռուսական կայքը սխալվեց. Ստանիսլավսկու անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար է նշանակվել

Տեղեկացրել էինք, որ երեկ Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնի վերաբերյալ ռուսական լրատվամիջոցներից «Ռեգնում»-ը հրապարակմամբ էր հանդես եկել` նշելով, որ ՀՀ մշակույթի նախարարության վարած քաղաքականությունն ակնհայտորեն նպատակ է հետապնդում փակել թատրոնը: Կայքի հաղորդմամբ՝ նախարարությունը փորձում է գեղարվեստական ղեկավարի թեկնածուներից Սուրեն Շահվերդյանին նշանակել այդ պաշտոնում, որպեսզի ավելի հեշտացնի թատրոնը փակելու գործընթացը:

Նշենք նաև, որ ՀՀ մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանը կայքի հրապարակումը մեզ հետ զրույցում որակել էր որպես պատվեր: Փոխնախարարը հավաստիացրել էր, որ իրենք թատրոնը փակելու ոչ մի մտադրություն չունեն:

Թատրոնի գեղարվեստական ղեկավարի թափուր պաշտոնին հավակնում էր երկու թեկնածու՝ Սուրեն Շահվերդյանը և Կարեն Ներսիսյանը, ովքեր պետք է մեկ ներկայացում բեմադրեին, և ըստ այդմ էլ որոշվեր՝ ով կդառնա գեղարվեստական ղեկավար:

Ռուսական կայքը սխալվեց. այսօր, թատրոնի տնօրեն Ֆրեդ Դավթյանի որոշմամբ, թատրոնի գեղարվեստական ղեկավար է նշանակվել Կարեն Ներսիսյանը: Նշենք, որ նա բավական երկար տարիներ ապրում և աշխատում էր Մոսկվայում, իսկ իր առաջին քայլերը թատերական կյանքում հենց Ստանիսլավսկու թատրոնում է արել՝ բեմադրելով իր դիպլոմային աշխատանքները: