Փոխարժեքներ
14 10 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.57 |
EUR | ⚊ | € 443.25 |
RUB | ⚊ | ₽ 4.7324 |
GBP | ⚊ | £ 510.46 |
GEL | ⚊ | ₾ 141.2 |
2025 թ. սեպտեմբերի 16-ին Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան թատրոնում բեմադրիչ Դավիթ Հարությունյանի հրավերով ներկա գտնվեցի ՛՛Չարենց՛՛ ներկայացման առաջնախաղին: Հրավիրատոմսի վրա որպես թատերախաղի հեղինակ գրված էր Վալերի Փիլոյան, իսկ երկը բնորոշված էր ՛՛Դրամատիկական քրոնիկոն՛՛:
Դերասանները բեմի հնարավորությունների և իրենց ստեղծագործական կարողությունների սահմաններում էին: Առանց ընդմիջման իրար հաջորդեցին երեք տեսարաններ՝ Չարենցի սիրո մի քանի դրվագներ, Չարենցի հարցաքննությունները՝ որպես ժողովրդի թշնամի, Ստալին, Բերիա և Չարենցը՝ զոհ: Ներկայացումը դիտեցի առանց ոգևորության: Բեմական աղմուկ-աղաղակը շատ էր: Տհաճությամբ տպավորվեց Չարենցին Աստղիկի նետած ՛՛սայլուկ՛՛ արտահայտությունը:
Ներքին անցումային կապերը, մանավանդ ընդմիջումային դադարների բացակայությամբ, թույլ էին, ինչն ավելի զգալի էր առաջին երկրորդ պատկերային անցման դեպքում: Բեմում շարժվող Չարենց անունով մեկը կար, բայց կերպարը չկար:
Ներկայացումը կայացավ, հանդիսականները երկար և հոտնկայս ծափահարեցին, դերասանները և բեմադրիչը գլուխ խոնարհեցին հանդիսականի առջև, բեմ հրավիրեցին նաև ՛՛հեղինակին՛՛, նա ևս գլուխ տվեց, իջնելիս թատերասրահի միջանցքում փորձեց սեղմել նաև իմ ձեռքը, բայց ես ձեռքս չմեկնեցի և ահա թե ինչու:
Նախ՝ ներկայացման մեջ կային փաստական սխսլներ:
Չարենցը Բակունցի հետ ծանոթացել և մտերմացել է 1926 թ. մարտին Երևանում, ուստի՝ Բակունցը չէր կարող 1921 թ հունիսին ներկա լինել Չարենցի և Արփենյկի ամուսնությանը և շնորհավորել նրանց:
Գուրգեն Մահարուն 1937 թվականին դատապարտել են ոչ թե հինգ, այլ տասը տարվա աքսորի:
Ընդհանուր թերություն էր կերպարների հպանցիկությունը, պակասում էր դրամատիզմը, հոգեբանական խորություն փոխարեն ավելի շատ ճիչեր էին ու աղմուկ: Դա գալիս էր նյութի մակերեսային ցուցադրումից: Ամեն ինչ մի տեսակ հապճեպ էր, վազքի մեջ, անավարտ: Հոգեբանական ներգործության փոխարեն չտպավորվող թատերական հնարներ էին:
Բայց այս ամենը, ինչպես ասում են, հեչ, կարելի է խմբագրել, վերանայել, ուղղել...
Վիրավորականը իմ վաստակի ուրացումն էր: Ամբողջ երկրորդ պատկերում՝ հարցաքննություններ ու ամեն տեսակի ցուցմունքներ, հնչում էին փակ պահոցներից իմ հայտնաբերած, հայերեն թարգմանած, համակարգած և իմ գրքերում տպագրած մենախոսություններն ու երկխոսությունները:
Այո՛, ծանր է ու վիրավորական՝ նստել դահլիճում և տեսնել, թե ինչպես են տարիների քո հոգեմաշ աշխատանքը վերագրում իրենց: Սա՝ որպես բացահայտ գրագողություն, քրեորեն պատժելի իրողություն է, որի ակունքներն իմ բազմաթիվ գրքերն են, որոնցից կհիշատակեմ մի քանիսը միայն՝
Ողբերգական Չարենցը, 1990,
Փակ դռների գաղտնիքը, 1994,
Եղիշե Չարենցի կյանքը և ժամանակը, 2022.
Չարենց, 2023:
Նաև՝ Ակսել Բակունց. Կյանքը և ստեղծագործությունը, 1999,
Գուրգեն Մահարի. Կյանքը և ստեղծագործությունը, 2013:
Ավելացնեմ, որ գրել եմ նաև մի թատերգություն՝ ՛՛Եղիշե Չարենցի հավատաքննությունը կամ Բանաստեղծի վերջին աղոթքը՛՛ (2003), որի մեջ կերտված Չարենցի և Մուղդուսու կերպարները ասես նույնությամբ տեղափոխվել են վանաձորյան բեմ:
Հիշեցնեմ, որ հսկայական նևութ ու բացահայտումներ են պարունակում նաև իմ աշխատասիրությամբ լույս տեսած հետևյալ գրքերը՝
Ե. Չարենց, Նորահայտ էջեր, 1996,
Ե. Չարենց, Գիրք մնավցորդաց, 2017,
Չարենցի հետ. Հուշեր, գիրք 1, 2, 1997, 2008:
Կրկնում եմ՝ գրագողությունը քրեորոն պատճելի է, իսկ վաստակի ուրացումը՝ վիրավորական: 1999 թվականին համանման մի վիճակի մեջ հայտնվեց բեմադրիչ Լիպարիտ Մանյանը, ով իմ հրապարակումների ու գրքերի հիման վրա Գորիսի թատրոնում բեմադրեց ՛՛Ակսել Բակունցի լռությունը՛՛ թատերախաղը և ազդագրիի վրա՝ որպես հեղինակ, գրեց իր անունը: Նա արագ գիտակցեց իր սխալը և հաջորդ օրն իսկ թատրոնի մուտքի առջև փակցված ազդագիրն արդեն նոր բովանդակություն ստացավ այսպիսի անհրաժեշտ հավելումով՝ ՛՛Ըստ Դավիթ Գասպարյանի հրապարակումների՛՛: Այն ժամանակ ես ներողամիտ գտնվեցի...
Հերթը Վանաձորի թատրոնինն է:
Այս կապակցությամբ ասեմ՝ հետազոտական աշխատանքը կա՛մ վերացել է, կա՛մ իջել նվազագույն աստիճանի: ՛՛Գիտնականները՛՛ մեկը մյուսից մեջբերումներ են գողանում, իբր թե՝ իրենք են հայտնաբերել: Ատենախոսություններ են գրվում արտագրություններով: Հեռուստահաղորդումներ են ստեղծվում մասնագետներին նկարահանելով, հետո նրանց ասածը իրենց անունից վերապատմում են, այսինքն՝ որպես հեղինակ, վերագրում իրենց, իսկ իսկական հեղինակին մի կարճ դրվագով ցույց տալիս ու վերջ:
Բոլոր ասպարեզում պակասել է մասնագւտական վերահսկողությունը, ինչն էլ դուռ է բացում ամեն տեսակի սխալների առջև:
Իսկ թատրոնում ամեն ինչ աչքի առաջ է և վերաներկայացվելու, այսինքն՝ վերակրկնվելու վտանգ ունի... Դրանից խուսափելու համար թատրոնի ղեկավարությանն առաջարկում եմ հարցը քննարկել և ճիշտ եզրակացություն անել:
Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ
Դավիթ ԳԱՍՊԱՐՅԱՆ
17 19. 09. 2025