կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2017-12-22 16:48
Մշակույթ

Ստանիսլավսկու անվան թատրոնի առջևում մեծ գրախանութ կբացվի

Ստանիսլավսկու անվան թատրոնի առջևում մեծ գրախանութ կբացվի

2018-ին նոր գրախանութներ կբացվեն. տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում հայտնեց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը՝ խոսելով գրահրատարակչության ոլորտում սպասվող փոփոխությունների մասին:

Նախարարը տեղեկացրեց, որ գարնան նախաշեմին ականատես կլինենք նոր, մեծ և ժամանակակից գրախանութի բացմանը, որը կառուցվում է Ստանիսլավսկու անվան թատրոնի առաջնամասում՝ երկու հարկում: «Այս պահին վերանորոգման աշխատանքներ են տարվում, և մինչև ապրիլ այն կբացվի: Այն կլինի ժամանակակից ծառայություններով. երեխաները կարող են իրենց ժամանակն անցկացնել, գրքերի շնորհանդեսներ կլինեն, մի խոսքով՝ գրողների և ընթերցողների սիրելի վայրը կդառնա»,- ասաց Ամիրյանը:

Ինչ վերաբերում է պետպատվերով հրատարակվող գրքերին և գրողների բողոքին, որ դրանց թիվը շատ քիչ է՝ 10-ից չի անցնում, ապա նախարարը նշեց, որ մեր առավելությունն է, որ ունենք այդքան շատ գրող և այդքան գործեր. կարելի է ընտրել լավագույններից լավագույնը: «Սակայն պետք է հաշվի առնել, որ կա սահմանափակ բյուջե, որի մեջ պետք է տեղավորվել: Եթե որոշում ենք ինչ-որ բան փոխել մեր կյանքում, ուրեմն պետք է պատրաստ լինել քննադատության և դժգոհությունների: Ցանկացած բարեփոխման հետևում կան բողոքներ, քանի որ հնարավոր չէ բավարարել բոլորի պահանջները»,- ասաց նա:

Մշակույթի ոլորտին հատկացված ֆինանսների հետ կապված էլ նախարարը նշեց, որ չնայած 7 տոկոսով կրճատվել է ֆինանսավորումը /տրամադրվել է 26, 7 մլրդ դրամ/, սակայն գրագետ աշխատանքի դեպքում կարելի է այդ 7 տոկոսը լրացնել սեփական աշխատանքով: