Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նոյեմբերի 1-17-ը Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնը մասնակցել է Մոսկվայում կայացած «Սմոտրինի» (“Смотрины”) ժամանակակից ռուսական դրամայի միջազգային փառատոնին՝ նվիրված ռուս ժամանակակից գրող, դրամատուրգ, «Լիտերատուրնայա գազետա» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Յուրի Պոլյակովի ստեղծագործական ժառանգությանը:
Նոյեմբերի 10-ին Մոսկվայի Սվետլանա Վրագովայի «Մոդեռն» թատրոնի բեմում ռուսական դրամատիկական թատրոնը ցուցադրել է «Աֆրոդիտեի ձախ կուրծքը» /ըստ Յու. Պոլյակովի պիեսի/ ներկայացումը (նոր կազմով)` թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանի բեմադրությամբ: Հանդիսատեսը ջերմությամբ է ընդունել հայ դերասանների խաղը: Բարձր գնահատականի է արժանացել Գրիգորյանի ռեժիսուրան և ՀՀ վաստակավոր արտիստներ Ֆրեդ Դավթյանի, Սերգեյ Մագալյանի աշխատանքները: 450 տեղանոց հանդիսասրահը լեփ-լեցուն է եղել (դրվել են նաև լրացուցիչ աթոռներ): Նշենք, որ «Աֆրոդիտեի ձախ կուրծքը» ներկայացման առաջնախաղը կայացել է 2008-ին:
«Սմոտրինի» փառատոնին այս տարի ցուցադրվել է 13 ներկայացում՝ հետևյալ թատրոնների մասնակցությամբ. Նիժիգորոդի մարզային դրամատիկական թատրոն, Կիրովի մարզային դրամատիկական թատրոն, Պենզայի մարզային դրամատիկական թատրոն, Երևանի ռուսական դրամատիկական թատրոն (Հայաստան), Վասիլևսկի պետական դրամատիկական թատրոն, Կեչկեմտ քաղաքային թատրոն (Վենգրիա), Հարավ-ղազախական ռուսական դրամատիկական թատրոն (Ղազախստան), Սիմֆերոպոլի ռուսական դրամատիկական թատրոն, Մոսկվայի Գորկու անվան գեղարվեստական թատրոն, «ՍամԱրտ» Սամարայի պատանի հանդիսատեսի թատրոն, «Ժավորոնկի» թատերական կենտրոն, Մոսկվայի «Մոդեռն» թատրոն, Ռուսական բանակի կենտրոնական ակադեմիական թատրոն, Բալթիական նավատորմի դրամատիկական թատրոն, Իրկուտսկի ակադեմիական դրամատիկական թատրոն, Տուլայի դրամայի ակադեմիական թատրոն, Վոլգոգրադի «ՆԷՏ» թատրոն, Մոսկվայի Սատիրայի ակադեմիական թատրոն:
Փառատոնի նախագահն է Յուրի Պոլյակովը:
Նոյեմբերի 12-ին և 13-ին Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնը մասնակցել է նաև Մոսկվայում անցկացվող «Մեծ հյուրախաղեր-2015» ծրագրին, որի շրջանակում ցուցադրել է «Կրքեր ըստ ռևիզորի» /հեղինակ՝ Ն. Գոգոլ, բեմադրությունը՝ Ա. Գրիգորյանի/ և «Ամեն ինչ վաճառվում է» /հեղինակ՝ Ա. Օստրովսկի, բեմադրությունը՝ Ա. Գրիգորյանի/ ներկայացումները: Մոսկվայի Կինոդերասանի թատրոնի բեմում հայ դերասանները մեծ հաջողություն են ունեցել: Ջերմ է եղել հանդիսատեսի արձագանքը: Բարձր գնահատականի է արժանացել ՀՀ վաստակավոր արտիստ Ֆրեդ Դավթյանի, երիտասարդ դերասան Մանվել Խաչատրյանի աշխատանքները: «Մեծ հյուրախաղեր» ծրագիրն անցկացվում է ՌԴ մշակույթի նախարարության, Մոսկվայի մշակույթի դեպարտամենտի և Հյուրախաղային գործունեության աջակցման համերկրային կենտրոնի աջակցությամբ:
«Մեծ հյուրախաղեր» ծրագիրն իր մեջ ամփոփում է ոչ միայն ՌԴ, այլ նաև ԱՊՀ երկրների տարածքում գտնվող ռուսական թատրոնների հյուրախաղեր՝ ՌԴ տարածքով: Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի հյուրախաղերին աջակցել է Ռուսաստանի հայերի միությունը (ղեկավար՝ Արա Աբրահամյան):
Հավելենք, որ Ռուսաստանի հայերի միության կողմից թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Ալեքսանդր Գրիգորյանը և տնօրեն ՀՀ վաստակավոր արտիստ Ֆրեդ Դավթյանը արժանացել են մրցանակի՝ ՌԴ հետ բարեկամության և համագործակցության, մշակութային կապերի ամրապնդման և խորացման գործում նշանակալի ավանդի համար: