կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-08 15:41
Առանց Կատեգորիա

Սեֆիլյանի իրավական եւ ընկերական մեղքը

Սեֆիլյանի իրավական եւ ընկերական մեղքը

Ժիրայր Սեֆիլյանի եւ նրա ընկերների ձերբակալության կապակցությամբ ՀՀ Քննչական կոմիտեն արդեն տարածել է ձերբակալության հիմնավորումները պարունակող հայտարարություն: Եթե ավելի պարզ բառերով ասենք, ապա Սեֆիլյանենք, համաձայն այդ հայտարարության, ձերբակալվել են, քանի որ հայտարարել են, որ այս տարվա ապրիլի 24-ից /օրի հիշարժանությունը կապ չունի/ կազմակերպելու են համընդհանուր ըմբոստություն, հեղափոխություն, որը շատ հնարավոր է` զինված լինի, ինչը, հասկանալի է, հղի է անկանխատեսելի եւ ողբերգական հետեւանքներով:

 

Ո՞վ չգիտի, որ, ՀՀ Քրեական օրենսգրքի համաձայն, զինված հեղափոխության կոչը, առավել եւս` այն իրականացնելու օրի, ժամի, վայրի հայտարարումը համարվում է հանցագործություն եւ ենթակա է քրեական պատժի: Հետեւաբար, Սեֆիլյանը եւ ընկերները, ստացվում է, միայն հեղափոխության կոչ անելով եւ դրա համար հասարակության շրջանում զինված ընդվզման հիմքեր նախապատրաստելով, արդեն իսկ հանցագործություն են կատարել, չեմ ուզում ասել` հանցագործ են:

 

Օրինակ` եթե ինչ-որ մեկը հրապարակավ հայտարարում է, որ ինքն այսինչ օրը, այսինչ ժամին զինված հեղափոխություն է անելու, նա արդեն իսկ հանցագործություն է կատարում, եւ եթե ոստիկանները կամ այլ ուժայիններ նրան չեն ձերբակալում, թույլ տալով, որ այդինչ օրը եւ այդինչ ժամին գա եւ կատարի իսկ հայտարարած քայլերը, ուրեմն նպաստում են այդ հանցագործության կատարմանը, ինչի ականատեսը ոչ վաղ անցյալում եղել ենք: Այլ կերպ ասած` ոստիկանները պարտավոր են ձերբակալել բոլոր նրանց, ովքեր զինված հեղափոխության անցկացման օր եւ ժամ են նշում` կոչ անելով բոլորին` միանալ իրենց: Այսինքն` Սեֆիլյանենց պարագայում ոստիկանությունը գործել է օրենքով` իր իսկ ստանձնած պարտավորությունների եւ լիազորությունների շրջանակում: Սա` Սեֆիլյանի եւ նրա ընկերների ձերբակալության իրավական գնահատականտ տվեցինք:

 

Բայց հարցն ունի նաեւ բարոյական, եթե կուզեք` ընկերական կողմ: Սեֆիլյանը եւ նրա ընկերները չեն սիրում ընդունել խորհուրդներ, օրինակ` նրանց ասում են` եթե անգամ հեղափոխություն եք անում, այդ օրը մի' արեք, եւ ասում են նրանցից ոչ պակաս հեղափոխականները: Չեն լսում: Օրինակ` ասում են` եթե Հայաստանում ուզում եք ռեժիմ տապալել, Արցախ մի' գնացեք այդ կոչերով: Չեն լսում: Օրինակ` ասում են` քաղաքացիներին իրենց ստանձնած վարկային պարտավորությունները չմարելու` չհաշվարկված /մեղմ ասած/ կոչ մի' արեք: Էլի չեն լսում: Ասում են նաեւ, որ կոնկրետ այս 100-ը ամյակ չէ, տարելից է: Էլի չեն լսում: Եթե լսեին, գուցե այսօր ձերբակալված էլ չլինեին: Ինչը նրանց պայքարն ավելի արդյունավետ կդարձներ:

 

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

 

Հ. Գ.-ՀՀ Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածը. Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը բռնությամբ փոփոխելուն, պետական իշխանությունը բռնությամբ զավթելուն ուղղված հրապարակային կոչերը համարվում են հանցագործություն եւ պատժվում են տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով: