կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-11 16:50
Առանց Կատեգորիա

Սեֆիլյանի «հակառակորդն» Արցա՞խն է

Սեֆիլյանի «հակառակորդն» Արցա՞խն է

«Երբ Արցախը պետություն հռչակվեց, այն ստեղծվեց ոչ թե Հայաստանի Հանրապետությանը հակադրվելու համար, այլ ժամանակավոր տակտիկական լուծում էր, որպեսզի, ի վերջո, այս երկու պետությունները միավորվեին միջազգային իրավունքի ինչ-ինչ պայմաններում»,- 1in.am-ին տված հարցազրույցում ասում է «Հիմնադիր խորհրդարան» (ՀԽ)-ի նախագահ Գարեգին Չուքասզյանը՝ փորձելով հիմնավորել, թե ինչու են իրենք Արցախը համարում Հայաստանի մարզ:

 

Առաջին հայացքից թվում է, թե Չուքասզյանը խոսում է աքսիոմատիկ ճշմարտությունների մասին: Իրականում, սակայն, նման մոտեցումը ոչ միայն քաղաքական կարճատեսության դրսևորում է, այլև բնույթով հակազգային է և դավադրական: Ինչպես հայտնի է, Ղարաբաղյան շարժումը սկսվեց 1988թ. դեկտեմբերի 20-ին ԼՂԻՄ մարզային խորհրդի ընդունած՝ Ադրբեջանի ԽՍՀ-ի կազմից դուրս գալու և Հայաստանի ԽՍՀ-ի կազմ մտնելու հայտնի որոշումից հետո, որը այլ բան չէր, քան Հայաստանին միավորվելու իրավաքաղաքական ակտ: Թեեւ այն ամբողջությամբ համապատասխանում էր ԽՍՀՄ սահմանադրությանը, սակայն այդ միավորումը փաստացի տեղի չունեցավ, այսինքն` այդ ժամանակ հնարավոր չեղավ Արցախը դարձնել Հայաստանի «մարզերից մեկը»: ԽՍՀՄ-ի փլուզման ընթացքում Ադրբեջանից անջատման գործընթացի իրավաչափությունն ապահովելու համար ընտրվեց հանրաքվեի միջոցով ԼՂ-ի ժողովրդի ինքնորոշման ճանապարհը, որի սկիզբը դրվեց 1991թ. դեկտեմբերի 10-ին:

 

Դա իսկապես տակտիկական քայլ էր Հայաստանին հետագայում միանալու ճանապարհին, որը, սակայն, հնարավոր էր և է ապահովել բացառապես այդ հանրաքվեի արդյունքները միջազգայնորեն ճանաչելուն հասնելուց հետո: Անկախության այս հանրաքվեն է, ըստ էության, առ այսօր ընկած ԼՂՀ-ի սուվերենության ճանաչմանն ուղղված` հայկական կողմի դիրքորոշման հիմքում:

 

Այս մարտավարությունը ոչ միայն 1991թ. հանրաքվեից առաջ և դրանից հետո անցած 24 տարիներին երբևէ չի վիճարկվել հայկական և ոչ մի քաղաքական, հասարակական շրջանակի կողմից, այլև Արցախյան ազատամարտն ամբողջությամբ ուղղված է եղել այդ հանրաքվեի արդյունքների, այսինքն` ԼՂՀ-ի գոյության իրավունքի պաշտպանությանը: 1994թ. հրադադարի պայմանագիրը, որպես հակամարտության լիիրավ կողմ, ստորագրել է նաև ԼՂՀ-ն՝ դրանով հաստատելով բանակցային կողմ լինելու` իր լիարժեք իրավունքը: 1997-98թթ. ԼՂՀ-ն Հայաստանի իշխանությունների մեղքով կորցրեց այդ կարգավիճակը, և հենց այդ պահից հիմք տրվեց Ադրբեջանին` սկսելու հակամարտության էության ամբողջական և հետևողական խեղաթյուրումը` այն ինքնորոշման իրավունքի հարթությունից տեղափոխելով տարածքային վեճի դաշտ:

 

ԼՂ հարցում Ադրբեջանի քաղաքականության բուն նպատակը հենց ԼՂՀ-ն Հայաստանի դե ֆակտո մարզ ներկայացնելն է: Եվ այն մասով, որ Հայաստանն է ապահովում ԼՂՀ-ի բյուջեի զգալի մասը, պատասխանատվություն կրում ԼՂՀ-ի անվտանգության համար, կարգավորման բանակցություններում հանդես գալիս նրա անունից, հենց այս կոնտեքստում է շահարկվում Ադրբեջանի կողմից:

 

Եվ ահա այս ֆոնին հանկարծ ՀԽ-ն փորձում է համոզել, որ Ադրբեջանն իսկապես ճիշտ է, որ ԼՂՀ 1991թ. անկախության հանրաքվեն, 2006թ. սահմանադրական հանրաքվեն, մոտ տասնյակի հասնող համապետական ընտրությունները սովորական տունտունիկ էին, որ պատերազմը Հայաստանն է սկսել, քանի որ նպատակ ուներ ԼՂ-ն իրեն միացնել և փաստացի արդեն արել է դա: Հետևաբար, ուզի ՀԽ-ն, թե` ոչ, ԼՂՀ-ն հայտարարելով Հայաստանի մարզ, ոչ միայն գործում է 1991թ. դեկտեմբերի 10-ի` ԼՂՀ անկախության հանրաքվեի ոգու և նպատակների դեմ, այլև ջուր է լցնում ադրբեջանական դիվանագիտության ջրաղացին: Նման պնդումները տրամաբանական և հասկանալի կլինեին այն դեպքում, եթե Գարեգին Չուքասզյանի կողմից մատնանշվող «տակտիկական լուծումը», այսինքն` ԼՂՀ-ի անկախության միջազգային ճանաչումն ապահոված լինեինք:

 

Եթե արցախահայությունն այդ ժամանակ չցանկանար, կամ Հայաստանից դրան խոչընդոտելու փորձեր արվեին, ոչ միայն հիմնավորված այլև անհրաժեշտ կլինեին Արցախը Հայաստանի մարզ հռչակելու հայտարարությունները, Արցախը Հայաստանից օտարելու, նրանց միջև բետոնե պատ կառուցելու դեմ ուղղված քաղաքական պայքարը:

 

Որևէ մեկը, թերևս, անբնական բան չէր նկատի նրանում, որ ՀԽ-ն Հայաստանին մեղադրեր, ասենք, ԼՂՀ սուվերենության ճանաչման ուղղությամբ անբավարար քայլեր կատարելու, ԼՂՀ-ին բանակցություննհերից դուրս թողնելու, իր ինքնիշխանությունը մաս-մաս կորցնելու, ԵՏՄ մտնելով` ԼՂՀ-ի անվտանգությունը թուլացնելու մեջ: Սակայն պնդել, թե Արցախը Հայաստանի մարզ է, նշանակում է քարուքանդ անել ԼՂՀ-ի ինքնորոշման ամբողջ իրավական հենքը և ամրապնդել Հայաստանի՝ օկուպանտ լինելու՝ Ադրբեջանի կողմից ներկայումս տիրաժավորվող տեսակետը: Եթե դեմ էիք անկախացման ճանապարհով Հայաստանին միացման՝ կիրառված մեթոդաբանությանը, ապա դրա մասին պետք էր մտածել այն ժամանակ:

 

Նման հարցերում քնից հանկարծ վեր թռածի պահվածք դրսևորելը լավագույն դեպքում քաղաքական անհասության վկայություն է, վատագույն դեպքում՝ տխուր մտորումների տեղիք տվող նպատակաուղղված գործունեություն: Բայց ՀԽ-ն իր շեշտադրումներով թույլ է տալիս մտածել, որ գործում է վատագույնի տարբերակով: Թե' Civilnet-ին նախօրեին տված հարցազրույցում և թե' այսօր հրավիրած ասուլիսում ԼՂՀ իշխանություններին ՀԽ ղեկավարներից Ժիրայր Սեֆիլյանը ոչ միայն «հակառակորդ» է որակում, այլև «թրքաբարո»: Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ, հատկապես վերջին որակումը հնչեցնելով, Սեֆիլյանը հիմնավոր է դարձնում Բերձորի դեպքերի հետ կապված ղարաբաղյան կողմի այն պնդումները, թե հենց նմանատիպ արտահայտություններով են ավտոերթի մասնակիցները ոստիկաններին ոչ իրավաչափ գործողությունների սադրել:

 

Նման որակումները հայաստանյան իրականությունում նոր չեն: 2008թ. փետրվարին էլ հենց այդպիսի որակումները հանգեցրին հասարակության ծայրահեղ բևեռացման, ինչի հետևանքը եղավ մարտիմեկյան ողբերգությունը: Ամենասարսափելին այն է, որ այսօր արդեն նման որակումները տրվում են Հայաստան-Արցախ հարաբերությունների կոնտեքստում, և դա՝ մի շրջափուլում, երբ թիկունքից զգալի է պատերազմի տաք շնչառությունը:

 

Սեֆիլյանն ասուլիսի ընթացքում խոսում է այն մասին, թե, ընտրելով Արցախը ներհայաստանյան քաղաքական պրոցեսների մաս դարձնելու նպատակով իրազեկման ավտոերթի մերժման ճանապարհը, ԼՂՀ իշխանություններն ընտրել են Արցախը վարկաբեկելու ճանապարհը: Բայց դա՞ է, արդյոք, ավելի շատ Արցախը վարկաբեկում, թե՞ ԼՂՀ սուվերենության միջազգային ճանաչման գործընթացը ներսից պայթեցնելը: Ի՞նչ որակում կարելի է տալ այն ուղեգծին, որի նպատակը, փաստորեն, աշխարհին ցույց տալն է, որ ԼՂՀ-ն բացարձակ կայացած պետություն չէ, և այս ողջ ընթացքում ազգովի լծված ենք եղել ընդամենը ԼՂՀ-ի պետականության միֆը ստեղծելու գործին: Գուցե ՀԽ-ն այդպես մտածելու բավարար պատճառներ ունի: Բայց ամոթ պետք է լիներ դա աշխարհին ի ցույց դնելը՝ հանուն այն նպատակների, որոնց համար կռիվ է տվել նաև Սեֆելյանն ինքը:

 

Գևորգ Դարբինյան