կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-07-10 13:41
Առանց Կատեգորիա

Սեֆիլյանի ստատուսն ու Աբրամովիչի երրորդ խորհուրդը

Սեֆիլյանի ստատուսն ու Աբրամովիչի երրորդ խորհուրդը

Մի արտահայտություն կա` ուշադիր եղեք ձեր մտքերին, դրանք ձեր գործողությունների սկիզբն են: Այս համատեքստում առաջարկում ենք ուշադիր լինել Ժիրայր Սեֆիլյանի ստատուսներին, քանի որ, ամենայն հավանականությամբ, դրանք լինելու են Ազատության հրապարակում շարունակվող «դեմ» շարժման գործողությունների հիմքը:

Օրինակ` երեկ, նախքան Ազատության հրապարակում ցույցի մեկնարկը, Սեֆիլյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում ստատուս գրեց, թե պետք է պայքարել ոչ թե թալանի, այլ թալանչիների դեմ: Հասկանալի է, որ «թալանչիներ» բառով Սեֆիլյանը նկատի ունի «ռեժիմը», հասկանալի է նաեւ, որ անգամ Սեֆիլյանը գուցե «ռեժիմ» բառից հոգնել է:

Արդեն հանրահավաքի ժամանակ ելույթ ունեցողները, ճիշտ է, բառացիորեն չկրկնեցին Սեֆիլյանի ստատուսը, բայց շեշտեցին, որ պայքար է սկսվում իշխանավորների դեմ, եւ, քանի որ մեր երկրում շատերի համար իշխանավոր, ռեժիմ, թալանչի բառերը հոմանիշներ են, ուրեմն Սեֆիլյանի ստատուսը դարձավ շարժման գործողությունների հիմք:

Անձնավորված պայքար է սկսվում, ընդ որում` առանց որեւէ երաշխիքի, թե թալանչիների հեռացումից հետո արդյո՞ք ուրիշ թալանչիներ չեն գալու, հետեւաբար` գուցե թալանի դեմ պայքարն ավելի թիրախային էր` անկախ նրանից, թե ով է թալանողը: Ինչեւէ, եթե անգամ պայքարը դեպի թալանչիներն ուղղելը ճիշտ չէ, այնուամենայնիվ, ճիշտ է, որ այն կազմակերպողները համարձակություն ունեցան խոստովանելու, որ իրենց պայքարը քիչ կապ ունի հոսանքի սակագնի բարձրացման դեմ ծավալված պայքարի հետ:

Համաձայնեք` այլ բան է, երբ դու հրապարակում բղավում ես` «ոչ սակագնի բարձրացմանը», բոլորովին այլ բան է, երբ բղավում ես` «Սերժիկ, հեռացիր»: Ուրեմն պետք է միայն ողջունել տղաների` ազնիվ լինելու որոշումը, քանի որ նրանք առաջին անգամ երեկ հայտարարեցին, որ իրենք պայքարում են ուրիշ բաների դեմ:

Բոլորովին վերջերս հայտնի ռուսաստանցի գործարար Ռոման Աբրամովիչը հանդես էր եկել 11 խորհրդով` ուղղված բոլոր նրանց, ովքեր ցանկանում են ավելի լավ ապրել: Օրինակ` երրորդ խորհրդով Աբրամովիչն ասում է, որ պետք չէ կանոններ հորինել, եւ ցանկալի է հնարավորինս խուսափել «պետք է», «անհրաժեշտ է», բառերով առաջնորդվելուց: Ընդ որում, ըստ Աբրամովիչի, հիշյալ բառերով առաջնորդվողը ոչ միայն ինքն իր համար է ստեղծում առաջ շարժվելու խոչընդոտներ, այլեւ, երբ փորձում է նման գործելակերպը տարածել ուրիշների վրա, նրանց կողմից ընկալվում է որպես ֆանատիկոս, ինչն էլ հանգեցնում է նրան, որ մարդիկ տարածություն են պահում նմաններից:

Այսինքն` ամեն անգամ, երբ մարդկանց ասում եք` «դուք պետք է գաք Ազատության հրապարակ», քանի որ «մենք միասին պետք է վերջ տանք թալանչիներին», որովհետեւ «մեզ անհրաժեշտ է ստեղծել ժողովրդավարական ազատ երկիր», դրանով իսկ մարդկանց մեծամասնության համար ընկալվում եք որպես ֆանատիկոս, եւ մարդիկ, հետեւաբար, ձգտում են տարածություն պահել ձեզանից:

Հովիկ Աֆյան