Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վաղը «Մոսկվա» կինոթատրոնում տեղի կունենա Հրանտ Հակոբյանի «Հանդիպում» վավերագրական ֆիլմի պրեմիերան: Ֆիլմը նվիրված է Ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հակոբյանը նշեց, որ ֆիլմի հիմքում ընկած է Արտաշես Գևորգյանի՝ 1922-ի հուլիսի 25-ին Թիֆլիսում «Նեմեսիս» գործողության շրջանակներում Ջեմալ փաշային սպանող հայ վրիժառու Արտաշես Գևորգյանի թոռան և Ջեմալ փաշայի թոռան` Հասան Ջեմալի հանդիպումը:
«Սա հանդիպում է նաև մեր անցյալի, խնդիրների, պատմության հետ: Կարծում եմ` հենց հանդիպումների միջոցով էլ պետք է առաջ գնանք` բնականաբար, պահանջատեր լինելով հանդերձ: Եթե մեկը մյուսի հետ շարունակի խռով մնալ` ինչպե՞ս կարող ենք ինչ-որ հարց լուծել»,- ասաց Հակոբյանը:
Նկարահանումներ են արվել նաև Թուրքիայում, որտեղ հանդիպումներ են եղել տեղի քաղաքական գործիչների հետ, որոնք բացեիբաց նշում են, որ, այո, եղել է Ցեղասպանություն, և դատապարտում են թուրքական կառավարությանը, որն այդպես էլ չի ցանկանում ընդունել այդ իրողությունը:
«Մեզ հետ էին նաև Դինքի եղբայրները, որոնք ուղղորդում էին` ում դիմել: Մենք նկարահանել ենք նաև 2014-ի ապրիլի 24-ին Թուրքիայում տեղի ունեցող բողոքի ակցիայից: Գիտե՞ք` որոշել էինք ապրիլի 24-ին` ժամը 19:15-ին էլ սկսել ակցիան Թաքսիմի հրապարակում, բայց այն փակել էին` պատճառաբանելով, թե մայիսի 1-ի հետ է կապված /1977-ի մայիսի 1-ին Աշխատավորների տոնի ժամանակ տեղի ունեցավ ողբերգական իրադարձություն, որի ժամանակ զոհվեց շուրջ 34 մարդ, մինչ օրս բողոքի ակցիաներ են տեղի ունենում հրապարակում/»,- ասաց ռեժիսորը:
Ֆիլմի գլխավոր դերակատար, հայ վրիժառու Արտաշես Գևորգյանի թոռ Արտաշես Գևորգյանն էլ, իր հերթին, նշեց, որ առաջին անգամ Հասան Ջեմալի հետ հանդիպել է 2008-ին, և հանդիպման ժամանակ ավելի շատ բարդույթավորվել է Ջեմալը, ոչ թե ինքը: «Խոսակցության առաջին րոպեներից անցավ այդ բարդույթը, քանի որ մենք խոսում էինք ոչ թե անցյալի, այլ ապագայի մասին: Այնուհետև մենք նամակագրական կապի մեջ ենք եղել: 2014-ին Ջեմալը կրկին Հայաստանում էր, մենք հանդիպեցինք, և նա ասաց, թե բավական չէ՞ լարված հարաբերություններ ունենալ, և արդյոք ժամանակը չէ՞` առանց գերտերությունների նստել երկխոսության: Ես, բնականաբար, իմ համաձայնությունը տվեցի»,- ասաց Գեւորգյանը:
Նա հավելեց, որ ապագան ավելի շատ կախված է թուրքերից` այն իմաստով, որ թուրք հասարակությունը պետք է իմանա իրականությունը, իր պատմության մութ կետերը և ոչ թե հայերից, այլ իր իշխանությունից:
Կինոգետ Սերգեյ Գալստյանն էլ նշեց, որ Հակոբյանի ֆիլմերը գեղարվեստական մտածողություն ունեն և այս մեկն էլ բացառություն չէ: Ըստ նրա` առաջին հայացքից «Հանդիպում» վերնագիրը կարծես ոչինչ չի ասում, սակայն ֆիլմը նայելիս պարզ է դառնում, թե ինչի մասին է խոսքը, և թե ինչքան ճիշտ վերնագիր է ընտրվել:
«Ֆիլմը մի շատ կարևոր հարցի պատասխան է տալիս` ո՞րն է մեր ապագան: Ֆիլմում նշվում է, որ ապագան երկու ժողովուրդների երկխոսությունն է և խաղաղությունը: Ֆիլմը նաև թուրքերին ցույց է տալիս իրենց դեմքը` նաև պատմական ակնարկ կատարելով` անցած-գնացածի հետ կապված»,- ասաց կինոգետը: