կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-02-03 16:06
Առանց Կատեգորիա

Մեկ ամսում ի՞նչ պատահեց Հովիկ Աբրահամյանին

Մեկ ամսում ի՞նչ պատահեց Հովիկ Աբրահամյանին

Երևանի քաղաքապետ Տ. Մարգարյանի ատենախոսության պաշտպանության ժամանակ ԵՊՏՀ-ում տեղի ունեցած միջադեպը, երբ այդ համալսարանի մի քանի գերակտիվ ներկայացուցիչներ Տարոնին անձնուրացորեն պաշտպանեցին լրագրողներից՝ վերջիններիս նույնիսկ հայհոյելու գնով, նույն օրերին խիստ զարմացրել էր Տարոնի մի կուսակցին՝ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին: «Սխալ են արել, որ խոչընդոտել են լրագրողներին: Ես դատապարտում եմ և ինչ-որ ձևով կփորձեմ պարզել իրավիճակը», միջադեպի թարմ տպավորության տակ իր վրդովմունքն էր կիսել նա Ամանորյա ընդունելության ժամանակ լրագրողների հետ զրույցում:

 

Սակայն, ինչպես երևում է արդեն այսօր մեկնարկած ԱԺ գարնանային նստաշրջանի առաջին նիստից, Հովիկ Աբրահամյանը, հավանաբար՝ Սերժ Սարգսյանի «լույսի ներքո», իրավիճակն արդեն պարզել է. հիմա նա տարակույս չունի, որ ատենախոսության պաշտպանության օրը ԵՊՏՀ-ում տեղի ունեցածը սադրանք էր, «շինծու» գործ, որով Տարոնի և ՀՀԿ-ի դասակարգային թշնամիները փորձել են ստվեր նետել քաղաքապետի և նրա կուսակցության վրա: Ափսոս, հայտնի չէ, թե Հ. Աբրահամյանն ինչ ուսումնասիրություններ է կատարել (ի դեպ, նա «տեղում» ուսումնասիրություններ կատարելու լիազորություններ ունի՝ իբրև այդ բուհի կառավարման խորհրդի նախագահ), բայց փաստորեն «պարզել» է իրավիճակը՝ կտրուկ ու անսպասելիորեն փոխելով իր դիրքորոշումը միևնույն միջադեպի վերաբերյալ:

 

Հիմա՝ ամենակարևորը. այսօր կայացած ԱԺ նիստում Հ. Աբրահամյանը փաստորեն մարտահրավեր է նետել լրատվամիջոցներին, համենայն դեպս՝ նրանց, ովքեր այդ պատմական օրը ապարդյուն փորձել են լուսաբանել Տարոնի պաշտպանությունը, սակայն խոսափողներն ու կամերաները ձեռքներին՝ «ընկել» են Տարոնի պաշտպանության կենդանի պատի տակ: Հ. Աբրահամյանը մարտահրավեր է նետել՝ լրատվամիջոցներին մեղադրելով շինծու գործի, այն է՝ սադրանքի և դրան մասնակցելու մեջ: Վերջիններս, անկասկած, «գաղջ» լրատվամիջոցներ են, սակայն հարկ է, որ միավորվեն՝ արժանապատվորեն պաշտպանվելու իշխանական այս կրկնվող մեղադրանքից: Մանավանդ որ մեղադրանքը խարանի է նման:

 

Լ. Ս.