|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Այսօր ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում տեղի ունեցավ հանդիպում թուրքագիտության բաժնի ուսանողների և Հայոց ցեղասպանության գլխավոր իրագործողներից մեկի՝ Ջեմալ փաշայի թոռան՝ Հասան Ջեմալի հետ:
Ջեմալը հարցերին պատասխանելիս պարբերաբար շեշտում էր, որ «Երևան է եկել հայերի հրավերով՝ Հայոց ցեղասպանության մասին իր գիրքը ներկայացնելու», այլ ոչ թե ասելու այն, ինչ մենք ենք ցանկանում լսել, նաեւ մեջբերեց անգլիացի գրող Ջորջ Օրվելի հայտնի խոսքը. «Ազատությունն այն է, երբ կարողանում ես ասել այն, ինչ մարդիկ չեն ցանկանում լսել»:
Yerkir.am-ի լրագրողը կրտսեր Ջեմալից հետաքրքրվեց, թե տրամաբանակա՞ն է, արդյոք, որ միայն գիրքը ներկայացնելու համար է եկել Երևան, չէ՞ որ դա կարող էր անել առանց Թուրքիայից Հայաստան հասնելու՝ համացանցի միջոցով:
«Դրա փոխարեն ինչո՞ւ եք Հայաստան եկել և այսքան մարդու, գուցե անկախ Ձեզանից, վերքերն եք թարմացնում՝ նրանց հարցերին չպատասխանելով»,- հարցրեց մեր լրագրողը:
Ջեմալն իր ասածին հակասեց` պնդելով, թե իրեն սխալ ենք հասկացել:
«Գրքի նախաբանում ես Օրվելի խոսքերն եմ մեջբերել, դա չի նշանակում, որ եկել եմ Երևան՝ մարդկանց ցավերը թարմացնելու: Այս գիրքը գրած, այս շապիկն ընտրած մարդն ինչպե՞ս կարող է նման բան ասել: Հո խենթ չեմ: Ընդհակառակը՝ եկել եմ, որպեսզի անհատապես ներդրում ունենամ ցավերն ապաքինելու, դրանք փակելու հարցում: Այլապես, կգրեի այս գիրքն ու այլևս չէի խոսի, ինչպես շատերն ինձ առաջարկում են: Կարծում եմ` թյուրըմբռնում է եղել, կամ ես լավ չեմ կարողացել արտահայտել միտքս: Ես առաջին մարդը չեմ, ով բարձրաձայնում է Հայոց ցեղասպանության մասին, սակայն այս գիրքն է , որ առաջին անգամ տպագրվում է «1915. Հայոց ցեղասպանություն» անունով: Դրա համար Իսմայիլ Բեշիքչին 17 տարի բանտարկվել է, Թաներ Աքչամը ստիպված է եղել ապրել արտերկրում, Ռագըփ Զարաքօլուն ևս քանի տարիներ բանտարկվել է: Նրանք դա ինչ-որ բանի դիմաց չեն արել, այլ՝ իրենց մտավորական անձնավորությունից ելնելով: 1915 թվականն ու Ցեղասպանությունը Թուրքիայում տաբու են, այդ տաբուն կոտրողներն այս գիրքը գրելուց շատ ավելի մեծ համարձակությամբ են գործել: Ես պարզապես գրքին այդ անունն եմ տվել: Իմ խնդրանքը ձեզանից` առանց ձեր ցավերը մոռանալու, իմացեք, որ Թուրքայում կան մի շարք մարդիկ, ովքեր կիսում և հասկանում են ձեր ցավերը: Եթե մեկը նման գիրք է գրում, բայց չի կարողանում ձեզ հետ խոսել, մոռացեք ուրեմն՝ չենք կարող այդ պատերը ջարդել: Մեր գլխում կան պատեր, որոնք, այսպես, թե այնպես, «օկուպացվել են»: Լինի մանկապարտեզում, թե դպրոցում` մենք չենք նկատում այդ պատերը: Ես 18 տարեկանում գնացի Քեմբրիջի համալսարան: Այնտեղ եգիպտացի մի աղջկա հետ ծանոթացա: Ինձ հարցրեց՝ Ջեմալ ազգանունը որտեցի՞ց է գալիս: Ասացի՝ Ջեմալ փաշայից: Ասաց՝ աս սաֆա՞խ` արյունարբու Ջեմա՞լը: Ասացի` այո, և նա շրջվեց, հեռացավ: Արաբերենում Ջեմալ փաշային հիշատակում են որպես մսագործի: 2009 թվականին Հարվարդի համալսարանում ելույթից հետո վերադարձի ժամանակ օդանավակայանում մի հայ գործընկեր մոտեցավ ինձ, իրար ձեռք սեղմեցինք: Ասաց, որ որդին է ինձ մատնանշել, այնտեղ նստած է, բայց չի ցանկացում մոտենալ, մատաղ սերունդն այսպիսին է»,- ասաց Հասան Ջեմալը:
Ապա, կտրուկ անցում կատարելով համալսարանների գոյության կարևորությանը, նա ասաց. «Համալսարանները կան, քանի որ գոյություն ունեն քննադատական մտածողություններ: Դրա համար սառնարյուն եղեք, և ոչ միայն այլոց նկատմամբ եղեք քննադատական, այլեւ ինքներդ ձեր հանդեպ»:
Այսպիսով` անպատասխան մնաց բոլորին հետաքրքրող այն հարցը, որ ինչո՞ւ է Հասան Ջեմալը իրականում եկել Երևան:
Հիշեցնենք, որ երեկ «Մոսկվա» կինոթատրոնում սկանդալ տեղի ունեցավ, երբ Հասան Ջեմալի հեղինակած «1915. Հայոց ցեղասպանություն» գրքի երեւանյան շնորհանդեսի ավարտից հետո գրքի թարգմանիչ Ռուբեն Մելքոնյանը հայտարարեց, որ «Հրանտ Դինք» հիմնադրամը խեղաթյուրել է իր թարգմանությունը` այն դարձրելով «թուրքամետ»:
Բացի այդ` մարդիկ բողոքում էին, որ ոչ մի կերպ հնարավոր չեղավ հարց ուղղել Ջեմալին, ով շրջապատված էր իր «թիկնապահներով»: