Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
Ազգային ժողովում շարունակվում է ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության 15-րդ նիստը: Քննարկվում են տարածաշրջանային խնդիրները:
Ելույթ ունեցավ ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը և խոսեց ԼՂ հակամարտության կարգավորման մասին: Նա նշեց, որ ԼՂ հակամարտության վերջին զարգացումները լավատեսություն չեն ներշնչում: Արզումանյանը նշեց, որ Ադրբեջանը շարունակում է հակադրվել Մինսկի խմբի ձևաչափին` սրելով վիճակը սահմանին և վտանգելով ՄԽ նախորդ վեց տարիների կատարած աշխատանքը: Այդ ամենը հանգեցնում է երկկողմանի մեծ կորուստների:
«Ադրբեջանի կողմից իրավիճակի սրման վերջին դեպքը երեկ էր, երբ հայկական կողմն ունեցավ երեք զոհ և չորս վիրավոր: Ադրբեջանի այս ապակառուցողական դիրքորոշման պայմաններում Մինսկի խումբը ստիպված եղավ առաջին անգամ մտահոգություն հայտնել ՝ այդ մասին խոսելով Ադրբեջանում ու կոչ անելով հավատարիմ մնալ հակամարտության կարգավորման ՄԽ սկզբունքներին: Սակայն Ադրբեջանը շարունակում է մշտական ռազմատենչ հռետորաբանությունը, հայերի նկատմամբ ատելության քարոզչությունը՝ սպառնալով լուծել ԼՂ խնդիրը ռազմական ճանապարհով»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ Ադրբեջանը վերջին տարիներին զենքի ներմուծումների ծավալն ավելացրել է 249 տոկոսով, իսկ ներմուծվող զենքի 85 տոկոսը ձեռք է բերում Ռուսաստանից, որը, որպես Մինսկի խումբը ներկայացնող երկիր, պարտավոր է որևէ մեկին զենք չմատակարարել:
Ալեքսանդր Արզումանյանը հավելեց, որ Հայաստանը ճանաչում է ԼՂ հակամարտության կարգավորման մանդատ ունեցող միակ ձևաչափ, այն է՝ ԵԱՀԿ ՄԽ ձևաչափը, և որ Հայաստանը կողմ է հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը: