Փոխարժեքներ
07 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.14 |
EUR | ⚊ | € 428.65 |
RUB | ⚊ | ₽ 4.5492 |
GBP | ⚊ | £ 501.6 |
GEL | ⚊ | ₾ 142.05 |
Իրականում, Ասադի տապալումից հետո Իսրայելը իր վերահսկողության տակ է վերցրել Սիրիայի հարավ-արեւմուտքում գտնվող տարածքը, կապի ուղիներ է բացել դրուզների հետ եւ հարվածել սիրիական բանակին պատկանող զենքի եւ ծանր տեխնիկայի պահեստների մեծ մասին: Բացի այդ, իսրայելական զորքերը ներխուժումն առաջ են մղել բուֆերային գոտուց այն կողմ՝ մայրաքաղաք Դամասկոսից հասնելով 20 կմ հեռավորության վրա: Նեթանյահուն հայտարարել է՝ Սիրիայի հարավի օկուպացիան «մշտական է լինելու» եւ պահանջել զինաթափել նրա հարավային շրջանը: Բացի այդ, Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացն ընդգծել է՝ Իսրայելը «թույլ չի տա թուրքական պրոտեկտորատ Սիրիայում», թեեւ «չի ցանկանում առճակատում, ինչպես նաեւ Թուրքիայի զորքերի տեղակայումն իր սահմանների մոտ»:
Ինտրիգն այն է, ենթադրում է Al Jazeera-ն, որ դժվար է որոշել, թե արդյոք Թել Ավիվը Վաշինգտոնի գաղտնի համաձայնությամբ գործում է «թուրքական Սիրիան կոտրելու» համար, թե ինքնուրույն «խաղ» է վարում: Այս կապակցությամբ Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Հաքան Ֆիդանը, ամեն դեպքում, հայտարարություն է արել, որԹ»ուրքիան Սիրիայում Իսրայելի հետ ոչ մի առճակատում չի ցանկանում»: Այնուամենայնիվ, իրադարձությունների ընթացքը չի բացառում տարածաշրջանում երկու հզոր բանակների միջեւ զինված հակամարտության հնարավորությունը։ Այն ժամանակ,ըստ Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության մի պաշտոնյայի՝ «երկու երկրները, եւ ոչ միայն նրանք, ստիպված կլինեն թանկ գին վճարել»։
Բայց խնդիրը, իհարկե, ոչ միայն եւ ոչ այնքան սիրիական կազուսի մեջ է։ «Մոսադի» նախկին բարձրաստիճան ղեկավարներից Օդեդ Այլամի ստորագրությամբ վերլուծության մեջ, որը հրապարակվել է JCFA-ում, որը Իսրայելի արտաքին քաղաքականության առաջատար ինստիտուտներից մեկն է, նշվում է․ «Անկարան հետապնդում է իր ազդեցության ոլորտի ընդլայնման ռազմավարությունը ինչպես արեւելյան Միջերկրական ծովում, այնպես էլ Սիրիայում», եւ կոչ է անում նույնիսկ «հետեւել թուրք-եգիպտական մերձեցմանը»: Նրա կարծիքով՝ «Անկարայի եւ Կահիրեի միջեւ հարաբերությունների զարգացումը, թեեւ սահմանափակ է, կարող է նեղացնել Իսրայելի դիվանագիտական եւ օպերատիվ գործողությունների ոլորտը, եւ չի կարելի բացառել, որ Եգիպտոսը կարող է Իսրայելի համար վերածվել ավելի չեզոք կամ անկանխատեսելի դերասանի»: Նրա կարծիքով՝ այդ համատեքստում «Իսրայելին անհրաժեշտ է մշակել անվտանգության այդ նոր հավասարմանը հակազդելու բազմաչափ ռազմավարություն՝ հաշվի առնելով Անկարայի հնարավոր տեղաշարժը դեպի Չինաստան-Ռուսաստան առանցք՝ սուննի «նեոօսմանական» միջանցքով դեպի Իսրայելի սահմաններ»:
«Մոսադը» նման սցենարը հիպոթետիկ չի համարում։ Բանն այն է, որ Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները լրջորեն փոխել են տարածաշրջանային լանդշաֆտը, եւ այնպիսի երկրներ, ինչպիսիք են Լիբանանը, Իրաքը, Հորդանանը, Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան, Քաթարը եւ ԱՄԷ-ն, անցել են Դամասկոսի կողմը: Ամերիկայի եւ Իսրայելի ճնշումը Եգիպտոսի, Հորդանանի եւ Սաուդյան Արաբիայի վրա՝ Գազայից տեղահանված պաղեստինցի փախստականներին ընդունելու համար, նույնպես նպաստեց այս տարածաշրջանային դաշինքի ամրապնդմանը: Ինչ վերաբերում է Թուրքիային, որը տարիներ շարունակ աջակցել է սիրիական ընդդիմությանը, ապա նա հայտնվել է մի նոր իրականության առջեւ, որը մի կողմից նրան տալիս է աննախադեպ ազդեցություն, որը տարածվում է մինչեւ Իսրայելի սահմանները, մյուս կողմից՝ հարվածի տակ է դնում անջատողական շարժումներին, որոնք կարող են տարածաշրջանում փլուզել ոչ միայն Թուրքիան։ Պատահական չէ, որ Իսրայելը սկսել է ակտիվացնել Սիրիայի ապակայունացմանն ուղղված իր ջանքերը՝ օգտագործելով փոքրամասնության «քարտեզը»՝ ներքին ճգնաժամ ստեղծելու համար։ Այնպես որ, Սիրիայում թուրք-իսրայելական դիմակայության հետեւում կանգնած է մի նոր «մեծ խաղ», որը կարող է նաեւ Թրամփին այս համադրությամբ լուրջ եւ բարդ ընտրության առաջ կանգնեցնել: Ըստ երեւույթին, դրա հետ է կապված Նեթանյահուի նախատեսված շտապ այցը Վաշինգտոն՝ Թրամփի հետ հանդիպելու համար: Այս մասին, հղում անելով սեփական աղբյուրներին, հայտնել է Axios պորտալը՝ նշելով, որ ի սկզբանե ուղեւորությունը նախատեսված էր ապրիլի կեսերին։
Ստանիսլավ Տարասով
Աղբյուրը՝ iarex.ru-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի