Փոխարժեքներ
07 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.14 |
EUR | ⚊ | € 428.65 |
RUB | ⚊ | ₽ 4.5492 |
GBP | ⚊ | £ 501.6 |
GEL | ⚊ | ₾ 142.05 |
Արցախի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Վահրամ Բալայանը «Ապառաժ»-ի հետ զրույցում մեկնաբանել է ՀՀ ԱԳՆ-ի Ազատությանը տված պատասխանը՝ Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությունից հրաժարվելու մասին։
«Արցախի հանրապետության եւ ընդհանրապես Արցախի լինելության հարցը՝ ժողովրդի իրավասության տիրույթում է, ժողովուրդ ասելով միայն նկատի չունեմ արցախահայությանը, խոսքը վերաբերում է հայ ժողովրդին, որովհետեւ Արցախը միայն արցախահայությանը չէ՝ Արցախը համայն հայության հայրենիքի մի հատվածն է, հետեւաբար, Արցախի ճակատագիրը չի կարող ժողովրդի մեկ հատված որոշի կամ այս կամ այն պաշտոնյան ու գործիչը։
Պետք է նկատենք, որ, ճիշտ է, այս թեզը բավական երկար ժամանակ շրջանառության մեջ է դրված, որ Արցախի նախագահի ստորագրությամբ Արցախ պետության էջը փակվել է, նախ նշեմ, որ ԱՀ Սահմանադրությամբ Նախագահին նման իրավաություններ տրված չէ, մանավանդ, որ Նախագահը բացատրել է իր այդ քայլը եւ այդ որոշումը բեկանվել է, երբ Արցախի ժողովրդին վտանգ չէր սպառնում։
Հետեւաբար, այն իրավական որեւէ հիմք չունի եւ ՀՀ ԱԳՆ-ի՝ ԱՀ Նախագահի հրամանագրին շեշտադրում անելն անընդունելի է, դա թերեւս պատասխատավությունից հրաժարվելու մի ձեւ է։ Ըստ էության, Հայաստանի Հանրապետությունը Արցախի անվտանգության երաշխավորն է եղել եւ սա նշանակում է քո ունեցած պատասխատվության չափաբաժնից հրաժարվում ես։
Ինչ վերաբերվում է Արցախի իշխանությունների Ադրբեջանի իշխանությունների հետ բանակցելու հարցերին, ապա պետք է նշեմ, որ 2020 թվականից հետո՝ ԱՀ իշխանությունները այսպես ասած բանակցում էին Ադրբեջանի իշխանությունների հետ։ Նախագահ Արայիկ Հարությունյանն էլ դա չհերքեց, սակայն հարցը դրանում չէ, հարցը նրանում է, թե ինչ էր պահանջում Ադրբեջանը։
Ադրբեջանը երեք հիմնական պահանջ ուներ՝ կազմալուծել Արցախի Պաշտպանության բանակը, Արցախի իշխանության մարմինները եւ երրորդը՝ այդ տխրահռչակ ինտեգրումը Ադրբեջանին, այսինքն՝ կանաչ անձնագրերի տրամադրումը, որը նշանակում է ընդունել Ադրբեջանի հպատակությունը։
Ադրբեջանը բազմիցս է շեշտել, որ Ղարաբաղի հայերը ընտրության մեծ հնարավորություն չունեն, նրանք պետք է ընդունեին Ադրբեջանի կազմում մնալը։ ՀՀ իշխանությունների այն պնդումը, որ եթե Արցախը բանակցեր Ադրբեջանի հետ ու ինչ-որ հարց կլուծվեր, ապա դա այդպես չէ, որովհետեւ քննարկումները եղել են, դրանք եղել են թե՛ Իվանյանում (Խոջալու), թե՛ Եվլախում ունեցած վերջին հանդիպումներին, սակայն Ադրբեջանը մշտապես այդ երեք պահանջն էր դնում»,- նշել է նա։
Վահրամ Բալայանի գնահատմամբ Արցախի իշանությունները երբեք չեն խուսափել Ադրբեջանի հետ բանակցելուց, սակայն Ադրբեջանը հրաժարվում էր եւ իր պահանջներն առաջ տանում։