կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-17 13:22
Քաղաքական

Զեկույցի անգլերեն տարբերակում «Հայոց ցեղասպանություն» եզրույթը չկա. պատգամավորը՝ եվրոպացիներին

Զեկույցի անգլերեն տարբերակում «Հայոց ցեղասպանություն» եզրույթը չկա. պատգամավորը՝ եվրոպացիներին

Այսօր ԱԺ-ում անցկացվում են լսումներ, որոնք կազմակերպել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը՝ «Արեւելյան գործընկերության Ռիգայի գագաթաժողովին ընդառաջ» թեմայով:

 

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի անդամ Թևան Պողոսյանը, իր դիտարկումները ներկայացնելով, նշեց, որ անհրաժեշտ է նոր իրավական հիմք Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման համար:

 

Թևան Պողոսյանի խոսքով՝ ԵՏՄ նոր միությունում Հայաստանի շահերը, կարծես,  հեշտ ու արագ չեն բավարարվում, և նա հույս հայտնեց, որ ԵՄ-ի հետ Հայաստանը ապագայում կունենա նոր պայմանագիր:

 

Պատգամավորը կոչ արեց ԵՄ-ին` ազնիվ լինել, քանի որ, ըստ նրա, Հայաստան-ԵՄ ասոցացման տեքստերը համաձայնեցնելուց հետո շուրջ մեկ տարվա կտրվածքով` մինչև սեպտեմբերի 3-ը, ԵՄ-ն ոչինչ չձեռնարկեց: Մինչդեռ` Հայաստանը այդ մեկ տարվա ընթացքում մի քանի անգամ արտահայտել է իր կամքը՝ ստորագրել ասոցացման պայմանագրի քաղաքական մասը:

 

Պատգամավորը հարց ուղղեց ԵՄ ներկայացուցիչներին, թե ինչո՞ւ ձգձգվեց այդ` մտքերի փոխանակման գործընթացը: «Որովհետև ունեցել ենք անվտանգության հարց»,- կարծիք հայտնեց Թևան Պողոսյանը՝ ասելով, որ ԵՄ ճկունությունը աշխատեց Ուկրաինայի պարագայում, բայց չաշխատեց Հայաստանի պարագայում:

 

Նա հույս հայտնեց, որ ԵՄ-ն կփորձի լուծել Հայաստանի համար մանդատի խնդիրը, և ապագայում Հայաստանը կունենա նոր պայմանագիր: Իսկ Ռիգայի գագաթաժողովում քննարկումները` Հայաստանին մանդատ տալու, Հայաստանում վիզաների ազատականացման, մարդու իրավունքների, քաղաքացիական հասարակության, արդարադատության և տուրիզմի զարգացման վերաբերյալ, այդ ամենը շատ դրական է: Պատգամավորը հույս հայտնեց, որ այս անգամ Ռիգայից կվերադառնան գործնական ծրագրով:

 

Պատգամավորը հարց ուներ՝ ուղղված ԵՄ դեսպաններին: «Հետաքրքիր է ձեզանից լսել` արդյո՞ք պատրաստվում է ԵՄ-ն վերադարձնել ԵՄ-Թուրքիա անդամակցության քննարկումներում Հայաստանի հետ հարաբերությունների բարելավման խնդիրը: Քիչ առաջ մեզ բաժանեցիք Եվրոպական հարևանության քաղաքականության գործողությունների օրակարգի անգլերեն տարբերակը, այնտեղ բոլոր այն մասերում, որոնք վերաբերում են Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներին,  չկա «Հայոց ցեղասպանություն» եզրույթը: Պատրաստվո՞ւմ եք, արդյոք, խմբագրել այս զեկույցը, որ անգլերեն տարբերակում գրվի ճիշտ բառը` «ցեղասպանություն»,-հետաքրքրվեց պատգամավորը: