կարևոր
1309 դիտում, 4 ժամ առաջ - 2025-04-07 21:48
Հասարակություն

Արարատ Միրզոյանը Դուբայում ոչ պաշտոնական հանդիպում է ունեցե՞լ ադրբեջանական կողմի հետ. «Փաստինֆո»

Արարատ Միրզոյանը Դուբայում ոչ պաշտոնական հանդիպում է ունեցե՞լ ադրբեջանական կողմի հետ. «Փաստինֆո»

«Փաստինֆո»-ի դիվանագիտական աղբյուրի փոխանցմամբ, Արարատ Միրզոյանը գիշերակացով կանգ է առել Դուբայում, որտեղ ոչ պաշտոնական շփումներ է ունեցել ադրբեջանական պատվիրակության հետ։ Տեղեկության վերաբերյալ մեկնաբանություն խնդրեցինք ԱԳՆ-ից՝ խնդրելով հայտնել նաեւ, թե ինչու չի հաղորդվել Արարատ Միրզոյանի Միացյալ արաբական Էմիրություններ կատարած այցի մասին։

Հայաստանի ԱԳՆ-ից   նախ փորձեցին հերքել, որ Միրզոյանը եղել է Դուբայում՝ առաջարկելով հայտնել աղբյուրը։ Բնականաբար«Փաստինֆո»-ն մերժեց աղբյուրը բացահայտելու առաջարկը, ինչից որոշ ժամանակ անց հաստատեցին, որ Միրզոյանը Դուբայում, այդուհանդերձ, եղել է։ 

«Չլուսաբանված այց, այդ թվում՝ ԱՄԷ, տեղի չի ունեցել: Ղազախստան կատարած պաշտոնական այցից մարտի 28-ին նախարար Միրզոյանը վերադարձել է Աստանա-Դուբայ-Երևան թռիչքով»,- հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից՝ պնդելով, թե այնտեղ որեւէ հանդիպում տեղի չի ունեցել։

«Դուբայում որևէ պաշտոնական հանդիպում կամ ոչ պաշտոնական շփում որևէ երկրի ներկայացուցչի հետ տեղի չի ունեցել: Այս պատասխանը տրամադրվում է որպես Ձեր հարցման մեջ նշված սխալ «տեղեկությունների» հերքում»,- նշել են ՀՀ ԱԳՆ-ից ու չեն պարզաբանել, թե ինչու է նախարարը գիշերակաց ունեցել  «տարանցիկ երկրում»։  Եւ ինչու էր ի սկզբանե հերքվում Ա. Միրզոյանի Դուբայում լինելու հանգամանքը, եթե, իհարկե, թաքցնելու ոչինչ չկար։ Արձանագրենք, որ ԱԳՆ-ից հաստատել են Ա.Միրզոյանի ԱՄԷ-ում լինելու փաստը այն բանից հետո, երբ տեղեկացան, որ ունենք ականատես։

Աղբյուրը՝ Փաստինֆո