Փոխարժեքներ
07 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.14 |
EUR | ⚊ | € 428.65 |
RUB | ⚊ | ₽ 4.5492 |
GBP | ⚊ | £ 501.6 |
GEL | ⚊ | ₾ 142.05 |
Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Տավուշի մարզի հանրակրթական դպրոցներում գործում է 1-4-րդ դասարանների աշակերտներին անվճար սննդի ապահովման ծրագիր, որն իրականացնում են ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը և ԿԶՆԱԿ հիմնադրամը: Մարզի շատ դպրոցներում աշակերտների ծնողներն ամեն ամիս 500-1000 դրամ գումար են հավաքում, որպեսզի դպրոցական սննդի ծրագրի շրջանակներում աշակերտներին անվճար տրվող սնունդը հագեցնեն իրենց գնած կաթնային, մրգային հավելացուներով, ճաշացուներով, աշակերտների սնունդը համեղ ու կալորիական դարձնեն։
Սոցիալապես անապահով որոշ ծնողներ լրագրողիս բողոքել են, որ տարբեր առիթներով դպրոցում գումար են հավաքում, իրենք անապահով են, դրամահավաքությանը պատրաստ չեն: Հավաքվող գումարի չափը աշակերտների ծնողներն են որոշում, սակայն դպրոցների տնօրենները լավատեղյակ են հավաքվող գումարի չափից, դրանց ծախսից։
Խնդրի վերաբերյալ մարտի 19-ին տեղեկատվական հարցում եմ ուղարկել Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին, հարցնելով․ «Դուք տեղյա՞կ եք, որ 1-4-րդ դասարանների աշակերտներին անվճար սննդի ապահովման ծրագրի հետ կապված՝ որոշ դպրոցներում անվճար սննդից օգտվող աշակերտների ծնողներից գումարներ են հավաքում։ Ո՞ր դպրոցներում են հավաքում այդ գումարները, ինչքա՞ն գումար են հավաքում, ի՞նչ նպատակով են այն ծախսում»։
Մարզպետարանից գրավոր պատասխանել են․ ««Դպրոցական սնունդ» ծրագրի շրջանակում դպրոցներում դրամահավաքության մասին առ այսօր ահազանգ չենք ստացել»:
Մարտի 31-ին նորից եմ այդ հարցն առաջադրել մարզպետին, մարզպետարանից պատասխանել են, որ այդ հարցով նախկինում ինձ պատասխանել են։
Տավուշի մարզի պետական հանրակրթական դպրոցներում, որոնք գործում են մարզպետարանի ենթակայության ներքո, ծնողներից ամեն ամիս գումարներ են հանգանակում, որոշ կարիքավոր ծնողներ բողոքում են դրամահավաքությունից, իսկ մարզպետը այս ամենից անտեղյակ է։ Այդ դեպքում ինչո՞ւ են իրենց կառավարած ոլորտից անտեղյակ մարզպետ Հայկ Ղալումյանը և մարզպետարանի պաշտոնյաները, համեմատաբար բարձր աշխատավարձից զատ, տարեկան մոտ 65 միլիոն դրամ պարրգևավճար ստանում շուրջ 13 միլիարդ դոլար պետական պարտք ունեցող Հայաստանի սուղ բյուջեից»: