կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-18 11:10
Քաղաքական

Ազնիվ չէ մեղադրել Հայաստանին. Թևան Պողոսյանը՝ եվրոպացիներին

Ազնիվ չէ մեղադրել Հայաստանին. Թևան Պողոսյանը՝ եվրոպացիներին

Այսօր ԱԺ-ում ընթացող` «Եվրանեսթ»-ի ԽՎ չորրորդ լիագումար նիստում հայկական պատվիրակության ներկայացուցիչ, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը նիստի մասնակիցների ուշադրությունը բևեռեց այն հանգամանքի վրա, որ իրականում եվրոպական Նոր հարևանության ծրագիրը հիմնված է եղել հենց անվտանգության խնդրի վրա, այն արմատ է առել եվրոպական անվտանգության և պաշտպանողական քաղաքականության ծրագրից, ահա` ինչու եվրոպական նոր քաղաքականության ծրագիրը, 2006-ից սկսած, տարածվել է և ընդգրկել Արևելյան գործընկերության և Հարավային գործընկերության շրջանակները:

 

«Բայց այդ ծրագրում ոնց որ թե պակասում էր հենց անվտանգությունն ու պաշտպանությունը: Կա շահերի հարց: Ինձ համար զարմանալի է այն մոտեցումը, որ մի կողմից ԵՄ-ն նախընտրում է ավելի շատ համագործակցել այն երկրների հետ, որոնք ցանկանում են ԵՄ-ի հետ համագործակցել, բայց կյանքը ցույց է տալիս, որ ԵՄ-ն աշխատում է այն երկրների հետ, որտեղ ունի իր սեփական շահերը և անվտանգություն ապահովելու հարցում էլ առաջնորդվելու է` իր շահերից ելնելով:

 

Ցավում եմ, որ ունեինք մի իրավիճակ, երբ Հայաստանի նման երկրին հնարավոր էր ինչ-որ չափով ճնշել, բայց չմոռանանք, որ երեք տարվա բանակցությունների ընթացքում Հայաստանը միշտ բարձրաձայնել է իր խնդիրների, սահմանների հարցի մասին` միշտ ասելով որ կողմնակից է «և, և» քաղաքականությանը: Այս իմաստով ազնիվ չէ մեղադրել Հայաստանին, թե Հայաստանի մեջ է խնդիրը:

 

Ես կցանկանայի, որ եվրոպական կողմն իր վերանայումը չձգի մինչև հուլիս, որովհետև մայիսին Ռիգայում համաժողով է լինելու, և այդ ճկունության քաղաքականությունը, որը դուք ասում եք, ցանկալի կլինի ցուցադրել այօրվանից, այլ ոչ թե սպասենք և միայն հուլիսից լինենք ճկուն»,- ասաց Թևան Պողոսյանը: