կարևոր
898 դիտում, 4 ժամ առաջ - 2025-04-07 21:19
Արցախ

Կոչ ենք անում զերծ մնալ Արցախի իրավական դաշտում երբևէ գոյություն չունեցած փաստաթղթի շահարկումից. Շտաբ

Կոչ ենք անում զերծ մնալ Արցախի իրավական դաշտում երբևէ գոյություն չունեցած փաստաթղթի շահարկումից. Շտաբ

ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունը որևէ իրավական հիմք չունի և իրական խնդիրներից հասարակության ուշադրությունը շեղելու անհաջող փորձ է: Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի տեղեկատվական շտաբը:

«Բռնի տեղահանությունից հետո Արցախի իշխանությունները ցուցաբերել են զսպվածություն՝ փորձելով խուսափել ավելորդ շահարկումներից և ազգամիջյան խնդիրներից: Սակայն, տեղեկատվական դաշտում պարբերաբար տեղ գտած սադրիչ հայտարարություններին չարձագանքելը հարուցում է հասարակության արդարացի դժգոհությունը:

Ստացվում է այնպես, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, հղում անելով Արցախի իրավական դաշտում երբևիցե գոյություն չունեցած փաստաթղթին, միաժամանակ անտեսում է Արցախի Հանրապետության անկախության մասին հռչակագիրը, սահմանադրությունը և օրենքները՝ նույն կերպ վարվելով Հայաստանի՝ Արցախի և նրա ժողովրդի նկատմամբ ունեցած պարտավորությունների պարագայում, այդ թվում՝ որպես անվտանգության երաշխավորի:

Արցախի Հանրապետության սահմանադրությամբ որևէ պաշտոնյա, այդ թվում՝ երկրի ղեկավարը, լիազորված չէ լուծարել հանրապետությունը: Հետևաբար, ոչ ոք չի կարող լուծարել համաժողովրդական հանրաքվեով ստեղծված պետությունը: Այդ լիազորության իրավատերը Արցախի ժողովուրդն է, և այն անբաժանելի է նրանից:

Արցախի Հանրապետության՝ այսպես կոչված լուծարման հրամանագիրը ստորագրվել է Ադրբեջանի լայնածավալ հարձակման հետևանքով ստեղծված ծանրագույն իրավիճակում, երբ Արցախը միայնակ մնալով հակառակորդի՝ տասնյակ անգամներ գերազանցող զինված ուժերի դեմ, երբ Ադրբեջանի գրոհային ստորաբաժանումները ներխուժում էին Ստեփանակերտ, շրջկենտրոններ և այլ բնակավայրեր, երբ բոլոր միջպետական ճանապարհները վերահսկվում էին նրանց կողմից, իսկ պաշտպանության բանակի մեծ մասը հայտնվել էր շրջափակման մեջ, և կար զինծառայողների ու Արցախի խաղաղ բնակչության ֆիզիկական ոչնչացման ուղիղ սպառնալիք, ինչպես նաև Ադրբեջանի կողմից արգելափակված ՀՀ-ի հետ կապող միակ ճանապարհի բացման խիստ անհրաժեշտություն՝ Արցախի ժողովրդի անվտանգ դուրս բերումն ապահովելու նպատակով:

Հիմնականում հայկական որոշ շրջանակների կողմից պարբերաբար հիշատակվող այդ թուղթը չէր կարող կոչվել փաստաթուղթ, քանի որ այն հակասահմանադրական էր, ավելին՝ հակասում էր «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Արցախի Հանրապետության օրենքին, որի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ են մտնում դրանցում սահմանված ժամկետներում, սակայն ոչ շուտ, քան դրանց պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից՝ բացառությամբ այն դեպքերի, երբ օրենքով սահմանված է, որ տվյալ նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ է մտնում հրապարակվելուց հետո՝ անմիջապես:

Վերոնշյալ օրենքի 28-րդ հոդվածը նաև սահմանում է, որ նորմատիվ իրավական ակտերի հրապարակումն իրականացվում է նորմատիվ իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում (arlexsis.am) հրապարակելու միջոցով:

Այսպես կոչված հրամանագիրը՝ որպես փաստաթուղթ, տեղ չի գտել նորմատիվ իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում և չի հրապարակվել պաշտոնապես, այլ վերջինիս վերաբերյալ ադրբեջանական կողմի պահանջով մամուլի հաղորդագրություն է տարածվել Արցախի տեղեկատվական շտաբի էջերով, ինչը չի կարելի համարել փաստաթղթի պաշտոնական հրապարակում:

Հաշվի առնելով հետագա հնարավոր շահարկումները՝ Երևան տեղափոխվելուց օրեր անց նախագահ Սամվել Շահրամանյանի հրամանագրով նույն հարթակում անվավեր է ճանաչվել 2023 թվականի սեպտեմբերի 26-ի հրամանագիրը, որի չհրապարակումը մեր կողմից ևս պայմանավորված էր մի շարք հանգամանքներով:

Ելնելով այս պարզ իրողությունից՝ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը որևէ իրավական խոչընդոտ չունի Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգ բերել Արցախի և նրա տեղահանված բնիկ ժողովրդի հարցը:

Այդ նպատակով պատրաստ ենք ՀՀ կառավարությանը տրամադրել բոլոր հիմնավոր փաստաթղթերը, իսկ անհրաժեշտության դեպքում՝ դրանք հրապարակել:

Հերթական անգամ կոչ ենք անում զերծ մնալ Արցախի իրավական դաշտում երբևէ գոյություն չունեցած փաստաթղթի շահարկումից»,- ասվում է հայտարարության մեջ: