կարևոր
1171 դիտում, 3 ժամ առաջ - 2025-04-07 23:17
Հասարակություն

Պռոշյանցիները վաղը քայլերթով կշարժվեն դեպի Երևան․ ի՞նչ են ասել նրանց կառավարությունում

Պռոշյանցիները վաղը քայլերթով կշարժվեն դեպի Երևան․ ի՞նչ են ասել նրանց կառավարությունում

Yerkir.am տեղեկություններով՝ վաղը Պռոշյան համայնքի բնակիչները քայերթով կշարժվեն դեպի Երևան։ 

Ինչպես հայտնի է, այսօր համայնքի բնակիչները հանդիպում են ունեցել Կառավարությունում։ Հանդիպման ընթացքում բնակիչները ներկայացրել են իրենց պահանջները, սակայն Կառավարության  ներկայացուցիչները կտրուկ մերժել են, որից հետո համայնքի բնակիչները հավաքվել են գյուղի մշակույթի տանն ու համատեղ որոշել, որ չեն դադարելու բարձրաձայնել իրենց արդարացի պահանջների մասին ու պայքարելու են  մինչև վերջ։ Yerkir.am-ի տեղեկություններով՝ քննարկման ողջ ընթացքում մշակույթի տան մոտ մեծաթիվ ոստիկաններ են եղել, որոնք, ամենայն հավանականությամբ, հսկել են համայնքի բնակիչների շարժը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Քասախ և Պռոշյան համայնքների բնակիչները փակել էին Աշտարակ տանող մայրուղին։ Պատճառն այն է, որ իշխանությունները թիվ 25 և 59 երթուղին սպասարկող ավտոբուսները հանում են, փոխարենը ավելի թանկ արժեքով ավտոբուսներ են սպասարկելու երթուղին, բացի այդ նաև երթուղին է  կրճատվելու, որը զգալիորեն դժվարացնելու է  բնակիչների տեղաշարժը։

 Նաև հիշեցնենք՝ որոշում է կայացվել՝ Կոտայքի մարզի միջմարզային և ներմարզային կանոնավոր փոխադրումների չվացուցակները և երթուղիների սխեմաները հաստատելու մասին, համաձայն որի Պռոշյան-Երևան ուղևորափոխադրումը պետք է իրականցնի «ՄուլտիՏրանսպորտ» ՍՊԸ-ին պատկանող թիվ 277 միկրոավտոբուսով: Երթուղու սկզբնակետը գյուղ Պռոշյանն է, վեջնակետը՝ Երևանի ֆիզիկայի ինստիտուտը։ Երթուղու երկարությունը 15 կմ է, տևողությունը 20 րոպե, ուղեվարձը՝ 250 դրամ, տրանսպորտային միջոցների քանակը՝ 6, աշխատանքային ժամերը՝ առավոտյան ժամը 07:00-ից մինչև 19:00-ն: 

Այժմ Երևանի հետ կապը ապահովում է «Երևան Տրանսպորտ» ՓԲԸ-ին պատկանող թիվ 25 երթուղիով, ուղեգիծը՝ Պռոշյան-Ավան-Զեյթուն, շաբաթ օրը այս երթուղին դադարելու է գործել։