կարևոր
3289 դիտում, 3 ամիս առաջ - 2024-07-08 19:25
Հասարակություն

Փաստաբանս ամեն ինչ ասաց․ Վլադիմիր Գասպարյանը հրաժարվեց ելույթ ունենալ

Փաստաբանս ամեն ինչ ասաց․ Վլադիմիր Գասպարյանը հրաժարվեց ելույթ ունենալ

Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Վարդգես Սարգսյանի նախագահությամբ, տեղի ունեցավ ՀՀ նախկին ոստիկանապետ, գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի, նրա նախկին տեղակալ Լևոն Երանոսյանի, ոստիկանության ներքին աուդիտի վարչության պետ Վարդան Թունյանի և ոստիկանության զորքերի զորամասի հրամանատար Գուրգեն Գրիգորյանի գործով դատական լսումները։

Այսօրվա նիստում նախատեսված էր պաշտպանների ճառերի հրապարակումը և մեղադրյալների վերջին խոսքը, սակայն մինչ այդ Վլադիմիր Գասպարյանի պաշտպանը միջնորդություն ներկայացրեց՝ նշելով, որ այլ գործով Վլադիմիր Գասպարյանի նկատմամբ դատաբժշկական փորձաքննություն է իրականացվել, որով արձանագրվել են մի շարք հիվանդություններ, որոնք անհամատեղելի են կալանքի հետ։

Պաշտպանը նշեց, որ միջնորդություն ներկայացնելը պայմանավորված է եղել մեղադրական ճառից։ Գործի վարույթը վերսկսելու և դատաբժշկական փորձաքննություն նշանակելու միջնորդությունը դատարանը քննեց դռնփակ ռեժիմում։ Դատարանը որոշեց մերժել միջնորդությունը՝ նշելով, որ հիվանդությունները չունեն բարդության այն աստիճանը, որը սահմանված է կառավարության համապատասխան որոշմամբ, միևնույն ժամանակ, դատարանը նշեց, որ ներկայացված տեղեկությունները դատարանը հաշվի կառնի, եթե մեղադրական վճիռ կայացվի։

Վլադիմիր Գասպարյանի պաշտպան Ալեքսանդր կոչուբաեւը իր խոսքում հայտարարեց, որ ակնհայտ է, որ այստեղ թիրախավորված է Վլադիմիր Գասպարյանի անձը:

Դատարանը ձայնի իրավունք տվեց նաեւ Վլադիմիր Գասպարյանին, ով ասաց, որ փաստաբանն արդեն ամեն ինչ ասաց, եւ հրաժարվեց ելույթից:

Վլադիմիր Գասպարյանի գործով դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ դատավճիռ կայացնելու, որը կհրապարակվի վաղը՝ հուլիսի 9-ին, ժամը 14:30-ին։

Նշենք, որ Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (յուրացում կամ վատնում) եւ 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահում)։

Ըստ մեղադրանքի՝ Ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձինք, այդ թվում` Վլադիմիր Գասպարյանը եւ Լեւոն Երանոսյանը կատարել են պաշտոնեական դիրքի չարաշահում, պաշտոնեական կեղծիք եւ պետական միջոցներից խոշոր չափերի հափշտակություն։ Դրանց հետեւանքով պետությանը պատճառվել է շուրջ 114 մլն դրամի վնաս: