Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2014-07-07 13:40
Հասարակություն

Զանգեցին, ներկայացավ ԱԱԾ-ի ինչ-որ գնդապետ, ասաց, որ ցանկանում են ինձ հետ զրուցել. երիտասարդին կանչել են ԱԱԾ

Զանգեցին, ներկայացավ ԱԱԾ-ի ինչ-որ գնդապետ, ասաց, որ ցանկանում են ինձ հետ զրուցել. երիտասարդին կանչել են ԱԱԾ

ԱԱԾ-ն զրույցի է հրավիրել էլեկտրաէներգիայի դեմ բողոքին մասնակցած երիտասարդներից  մեկին` Վաղինակ Շուշանյանին:

 

Հիշեցնենք, որ Վաղինակ Շուշանյանը, դեմ լինելով էլեկտրաէներգիայի թանկացմանը, ակտիվորեն մասնակցում է բողոքի բոլոր դրսևորումներին: ՀԾԿՀ շենքի մոտ բողոքի ակցիայի ժամանակ` հուլիսի 1-ին, նրան հաջողվել էր մուտք գործել շենք եւ մասնակցել ՀԾԿՀ նիստին, որի ժամանակ, դիմելով ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանին, ասել էր. «Ես իմ ջեբի մասին եմ մտածում, ես հասարակ քաղաքացի եմ: Էդ 4 դրամը դուք չեք տալու, դուք չեք վճարելու: Ես՝ ուսանող, հաշմանդամ մայր ու քույր պահողս, չեմ տալու էդ փողը: Պետք եղավ` ահաբեկչություն էլ կանեմ»:

 

Yerkir.am-ի հետ զրույցում Վաղինակ Շուշանյանը նշեց, որ ինքը տեղյակ չէ, թե ինչի համար են իրեն հրավիրել ԱԱԾ: Նա նշեց, որ ներկա պահին գտնվում է Երևանից դուրս` բարեկամի թաղմանը, և հենց այդ ժամանակ` ոչ այդքան հարմար պահի են իրեն զանգել ԱԱԾ-ից:

 

«Զանգեցին, ներկայացան, որ ԱԱԾ-ի ինչ-որ գնդապետ էր, անունը չեմ հիշում, ասաց, որ ցանկանում են ինձ հետ զրուցել, չասացին, թե ինչի մասին են ցանկանում զրուցել: Ես էլ ասացի, որ միայն ծանուցագիր ներկայացնելուց հետո կարող եմ ներկայանալ, ինչից հետո ասաց, թե` մի' վախեցի, ոչ մի վարչական խնդիր չկա, ուղղակի ցանկանում են զրուցել քեզ հետ: Ես էլ կրկնեցի, որ կապ չունի, թե ինչի մասին են ուզում զրուցել, մինչև չստանամ ծանուցագիր, թե ինչի համար են հրավիրում ԱԱԾ, չեմ ներկայանա»,- ասաց Վաղինակ Շուշանյանը: ԱԱԾ գնդապետն էլ պատասխանել է. «Դե որ ծանուցագրով, ուրեմն` ծանուցագրով»:

 

Վաղինակ Շուշանյանը կարծում է, որ ԱԱԾ կանչում են ՀԾԿՀ նիստի ժամանակ իր` թեև արդար, բայց տաքարյուն հայտարարությունների համար: Ըստ նրա` ԱԱԾ-ն դուրս է գալիս իր լիազորություններից` զանգելով ու ԱԱԾ հրավիրելով քաղաքացիներին` առանց իրավական ծանուցագրի: