կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-06-19 15:20
Քաղաքական

Եթե Սերժ Սարգսյանը կամ Տիգրան Սարգսյանը ''օրթախ'' են քեզ հետ…

Եթե Սերժ Սարգսյանը կամ Տիգրան Սարգսյանը ''օրթախ'' են քեզ հետ…

ԱԺ-ում «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային եւ մաքսային արտոնություններ տրամադրելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը մեջբերեց Քսենյա Սոբչակի հետ գործարար Ռուբեն Վարդանյանի հարցազրույցից մի հատված:

 

ՀԱԿ պատգամավորը նշեց, որ հարցազրույցում գործարարը կարծիք է հայտնում, որ ՀՀ-ում գործում է կոշտ բանկային համակարգ, որտեղ, սակայն, ինքը ներդրումներ է անում, որովհետեւ բարի հարաբերություններ ունի իշխանությունների հետ: «Մարդը, փաստորեն, բացահայտ ասում է, որ մեր երկրում ներդրումներ կարող ես անել միայն այն դեպքում, երբ Սերժ Սարգսյանը կամ Տիգրան Սարգսյանը «օրթախ» են իր հետ»,- հայտարարեց Զուրաբյանը:

 

Ըստ նրա` բոլորին էլ պարզ է, թե այս օրենքն ինչ թերություններ ունի, ինչ սողանցքեր է բացում հարկային պարտավարություններից խուսափելու համար: «Պարզ չէ՞ր, որ եթե այս նախագծով մենք կառավարությանն ենք տալիս արտոնյալ ընկերությունների ցուցակ կազմելու իրավունքը, ապա այս ավազակապետական կառավարությունը կչարաշահի այս դրույթը, եւ շատ կազմակերպություններ հերթ կկանգնեն»,- հայտարարեց Զուրաբյանը եւ ընդգծեց, որ ՀԱԿ-ը երկու պատճառով չի մերժում այս ներդրումը: Ըստ նրա` երկրում ներդրումների հարցում այնպիսի վիճակում ենք հայտնվել, որ բռնվում ենք անգամ նման` կոռուպցիոն ռիսկերով լի, հեքիաթային նախագծից, միայն թե ապահովվի ինչ-որ ֆինանսական հոսք, որ թեկուզ ինչ-որ չափով զսպվի արտագաղթը: