Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Նիկոլը եկել է, հարուստների ախորժակը մնացել է նույնը, հասարակ քաղաքացին էլի շարունակում է վատ ապրել. սա ոչ թե աբսուրդ է, այլ անբարոյականություն է»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Մենուա Հարությունյանը:
Ներքաղաքական զարգացումները հանրային տարբեր հարթակներում շարունակում են պահպանել իրենց թոփ-թեժ կարգավիճակը: Այդ զարգացումներին զուգահեռ՝ ակտիվացել են քննարկումները, մտքերի փոխանակումները, որոնց հիմքում իշխանությունների քայլերի օբյեկտիվ ու սուբյեկտիվ վերլուծությունն է:
Քաղաքագետ Մենուա Հարությունյանը հաճախ է հանդես գալիս քննադատական ելույթներով ու հատկապես վիրտուալ աշխարհում «ֆեյքային» քննադատության արժանանում: Նա պատմեց՝ ոչ վիրտուալ իրականության մեջ էլ, օրինակ՝ փողոցում, հաճախ անծանոթները սեփական կարծիքն են հայտնում իր դիրքորոշման նկատմամաբ: Կարծիքները երբեմն առողջ են, հաճախ՝ նիկոլապաշտությամբ շաղախված, լինում են նաև ագրեսիվ դիմադրություններ:
Մենուա Հարությունյանը վերլուծեց հանրային տրամադրությունների դաշտը. «Անորոշության զգացողությունը մարդկանց չի լքելու, ավելին՝ բերելու է խաբվածության զգացողության: Այն, որ ամիսներ շարունակ ես ասում էի, Նիկոլը տոտալ խաբում է ժողովրդին, հիմա արդեն հասարակության շերտերն սկսում են հասկանալ, որ այո՛, իրենք խաբված են: Սոցիալապես վատ ապրող շերտերը, ովքեր աջակցեցին Նիկոլին իշխանությունը բռնազավթելիս, մտածում էին, որ նախորդ իշխանությունն է մեղավոր, որ իրենք վատ են ապրում. Նիկոլը կգա, և իրենց կյանքը կփոխվի: Հիմա անցել է մոտ 2 տարի, մարդիկ հարցնում են՝ լավ, բա մենք ինչո՞ւ չենք լավ ապրում, ինչի՞ց է, որ Նիկոլն ու նրա թայֆեն սկսել են լավ ապրել, որևէ խնդիր չունեն, որովհետև պետական բյուջեն օգտագործոմ են, ասես իրենց անձնական բյուջեն է: Ժողովուրդը համեմատում է ընդդիմադիր ու վարչապետ Նիկոլի ելույթները, տեսնում է՝ երկու տարբեր մարդիկ են»:
Շարունակելով հանրային տրամադրությունների թեման՝ Մենուա Հարությունյանը վստահ է՝ մարդիկ սկսել են մտածել՝ լավ, ո՞նց ազատվեն Նիկոլից, ումո՞վ ազատվեն, ո՞ւմ հավատան, որ էլի չխաբվեն: Ներքաղաքական իրավիճակը փոխելու ճանապարհներ է նշում քաղաքագետը: Նրա կարծիքով՝ առողջ քաղաքական ուժերը պետք է համախմբվեն, ժողովրդի հետ խոսեն կոնկրետ ծրագրային, հստակ մեխանիզմների լեզվով, բացատրեն մարդկանց, թե որ քայլերի արդյունքում և ինչպես են փոխելու մարդկանց կյանքը, որպեսզի հաջորդ իշխանությունը ևս չլինի ստախոս:
«Մեծ հաշվով՝ հասարակությունը մեղքի մեծ բաժին ունի այս ամենում, բայց մեր ժողովուրդն է, մեղք է, չի կարելի անընդհատ խաբել», - ասաց քաղաքագետը:
Մենուա Հարությունյանը կարծում է, որ 2020-ը վճռորոշ տարի է լինելու: Քաղաքական դաշտը հետևյալ հարցի շուրջ հավաքական դիրքորոշում ունի. եթե բոլորը չեն պահանջում Փաշինյանի իշխանության հեռացումը, ապա գոնե պահանջում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ:
«Նույնիսկ ՀՅԴ-ն ու Գագիկ Ծառուկյանը, որոնք փաստացի Նիկոլ Փաշինյանին փողոցից բերեցին ու վարչապետ դարձրին, և եթե այս ուժերը չլինեին, Նիկոլը վարչապետ չէր դառնա, այսօր նրանք էլ են փաստացի քննադատում Նիկոլին: Դաշնակցությունը նրան քննադատում է ազգային արժեհամակարգի դեմ ոտնձգություններ անելու հարցում, Գագիկ Ծառուկյանն էլ կոնկրետ քննադատում է տնտեսական բարեփոխումներ չիրականացնելու համար. ներդրումներ չկան, երկիրը չի զարգանում: Նիկոլի աջակիցներն են նույնիսկ Նիկոլի դեմ խոսում»,-իրավիճակն այսկերպ է դիտարկում Մենուա Հարությունյանը:
Քաղաքագետի կանխատեսումներով առաջիկայում քաղաքական պահանջ կձևավորվի՝ կամ գնալ խորհրդարանական արտահերթ ընտրությունների, կամ Փաշինյանին աջակցած քաղաքական ուժերը, այդ թվում ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն, պետք է ձևավորեն ներհեղափոխական օրակարգ՝ հետևյալ ասելիքով՝ մենք միասին դարձել ենք այսպես կոչված հեղափոխություն, հիմա դու՝ Նիկոլ, վարկաբեկում ես հեղափոխությունը, չես կարողանում ժողովրդի հույսերն արդարացնել:
Մենուա Հարությունյանը, շարունակելով ներհեղափոխական օրակարգի թեման, իրավիճակից դուրս գալու հաջորդական փուլը համարում է հետևյալը՝ ներհեղափոխական ուժերից ինչ-որ մեկը կդառնա վարչապետ, որը երկրի տնտեսությունը կզարգացնի, կկարողանա իրականացնել ժողովրդի հույսերը:
Եթե քաղաքական զարգացումներն այս սցենարով չընթանան, ուրեմն՝ արտահերթ ընտրություններ կլինեն, ինչին Մենուա Հարությունյանն այնքան էլ կողմ չէ: Չի ուզում ժողովրդի համար նոր անհարմարություններ, հոգեբանական լարված իրավիճակներ ստեղծվեն:
Քաղաքական հաջորդ սցենարը Մենուա Հարությունյանը տեսնում է Նիկոլ Փաշինյանի՝ իշխանությունն ամեն գնով իր ձեռքում պահելու մեջ: Այդ տարբերակի իրագործումը նա պատկերացնում է պետական միջոցներն օգտագործելով ու վախի մթնոլորտ ստեղծելով:
«Մեր քաղաքական, հասարական դաշտն այսօր վախի մթնոլորտում է գտնվում: Եթե ես կամ ինձ նման մարդիկ քննադատում են, դեռ չի նշանակում, որ խոսքի ազատություն կա: Դա ուղղակի մեր անձնական համարձակությունն է: Շատերն ուզում են խոսել, քննադատել, բայց չեն անում, որովհետև Նիկոլենց սատարող «ֆեյքերը», որոնք հենց իրենց կողմից էլ ֆինանսավորվում են, սկսում են անձնապես վիրավորել՝ հաշվի չառնելով, որ դու ընտանիք, հայր, մայր ունես: Շատերը չեն խոսում, որ ֆեյքային սպառնալիքներին չենթարկվեն»,- կարծում է «ֆեյքերի» հարձակման թիրախում հաճախ հայտնվող քաղաքագետը:
Նրա կարծքով՝ անառողջ, ատելության մթնոլորտը մեր երկրում ավելի ու ավելի է սրվում: Մենուա Հարությունյանն ուրիշ պետությունների օրինակն է նշում, որտեղ տարբեր ազգերի ու կրոնների մարդիկ հաշտ ու խաղաղ ապրում են կողք կողքի, իսկ միատարր ազգաբնակչություն ունեցող Հայաստանում բոլորն ատում են իրար:
«Թուրքիայի, Ադրբեջանի նման գիշատիչ հարևաններ ունենք, որոնք մեզ հոշոտելու համար հարմար պահի են սպասում, իսկ մեր երկրում ներքին թշնամանքն անթույլատրելիի սահմանն էլ է անցել: Թշնամությունն ու ատելությունն ուղղակի սերմանվել են Նիկոլի կողմից, նա այս ամենի թիվ 1 պատասխանատուն ու հեղինակն է»,- համոզված է Մենուա Հարությունյանը: