կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-25 12:19
Հասարակություն

Թուրքերը նախ գյուղի երիտասարդ տղամարդկանց տարան, հետո էլ՝ գեղեցիկ աղջիկներին

Թուրքերը նախ գյուղի երիտասարդ տղամարդկանց տարան, հետո էլ՝ գեղեցիկ աղջիկներին

Սերոբ Դեմիրճյանի պատմությունը

Էրզրումի վիլայեթի Դերչան գավառի Կոթեր գյուղ


Խորհրդահայ գիտնական, էլեկտրատեխնիկ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամ Կամո Դեմիրճյանն ArmenianGenocide100.org-ին է ներկայացրել իր և ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղար (1974-1988թթ.) Կարեն Դեմիրճյանի ընտանիքի պատմությունը:

 

Լուսանկարում՝ Դեմիրճյանների ընտանիքը. առաջին շարքում՝ Կամո Դեմիրճյան, Լուսյա Կարախանյան, Սերոբ Դեմիրճյան, երկրորդ շարքում՝ Կարեն Դեմիրճյան:

 

«Հայրս ծնվել է Էրզրումի վիլայեթի Դերչան գավառի Կոթեր գյուղում, որը գտնվում է Էրզրում քաղաքից ոչ հեռու, Եփրատ գետի ափին: Երբեմն տխրությամբ պատմում էր, թե ինչպես սկսեցին թուրքերը իրենց տեղահանությունը և ինչպես իրեն հաջողվեց փրկվել: Նախ հավաքում են գյուղի երիտասարդ տղամարդկանց ու տանում անհայտ ուղղությամբ: Կարճ ժամանակ անց լուր է տարածվում, որ նրանց բոլորին սպանել են: Հետո տանում են գյուղի գեղեցիկ կանանց ու աղջիկներին: Հայրս ցավով էր հիշում, որ նրանց մեջ էր իր քույրը` գեղեցկուհի Սաթենիկը: Գյուղում մնում են միայն ահաբեկված, անօգնական տարեցներն ու երեխաները: Եվ մի օր էլ թուրք ասկյարները հավաքում են բոլորին ու քշում անհայտ ուղղությամբ

 

Ո՞ւր էին տանում` ոչ ոք չգիտեր: Հուսահատ ու դժբախտ թափորը թակարդի մեջ էր: Առջևում թուրք ասկյարներն էին, ետևում` քուրդ խուժանը: Կամրջի վրայով անցնելիս թուրքերը ջուրն են գցում տղա երեխաներին` ստիպում են ցած թռչել կամրջից, հետո կրակում նրանց վրա: Շատերին են սպանում: Հայրս, որ մեծացել էր Եփրատի ափին, լավ լողալ գիտեր, կարողանում է լողալով հեռանալ և ափ դուրս գալ: Նրա հետ փրկվում են նաև 2-3 տղա: Սկսվում են նրանց թափառումները:

 

Սոված, հոգնած, շրջանցելով ճանապարհները, որ թուրքերի չհանդիպեն, նրանք շարունակ քայլում են` հուսալով և ձգտելով հանդիպել ռուսական զորքերին: Հայրս իրենց թափառումներից մի հետաքրքիր դեպք էր պատմում: Պատահաբար տեսնում են մի լքված փուռ: Դա մեծ փուռ էր, մի քանի վառարանով, որտեղ, ըստ երևույթին, հաց էին թխել ռուսական զորքի համար: Վայրը ամայի էր, վառարանները չէին աշխատում: Երեխաները մտնում են փուռ, հուսալով` հաց գտնել: Հայրս ամենանիհարն էր և ճկունը: Նրան օգնում են մտնել վառարանի մեջ: Գտնում է երկու բոքոն հաց, ուրախանում են, բայց հենց այդ ժամանակ թուրքեր են մտնում փուռ` նույնպես հաց գտնելու հույսով: Երեխաները թաքնվում են, հայրս վառարանի մեջ անշարժանում է: Նրանք երկար փայտե թիակով հաց են որոնում վառարանի մեջ և միայն հրաշքով չեն դիպչում հորս: Հայրս ստիպված, որպեսզի դադարեցնեն որոնումները, զգուշությամբ հացերից մեկը դնում է փայտե թիակի վրա: Թուրքերը հացը վերցնում են ու հեռանում: Հայրս և ընկերները այդ մի բոքոն հացից օրը մի քանի փշուր ուտելով, շարունակում են իրենց ճանապարհը, մինչև հասնում են Աշտարակ, որտեղ կար որբերի ընդունման կետ: Դա, իմ կարծիքով, 1915 թ. վերջին էր: Ձմեռը անց են կացնում Աշտարակում, իսկ ամառն այնտեղ որբանոց է բացվում:

 

Մայրս ծնվել է 1906 թ. Վանում, այն ժամանակվա համեմատ հարուստ և զարգացած ընտանիքում: Հոր անունը և ազգանունը նա շատ լավ էր հիշում` Հովսեփ Կարախանյան: Վանում բավականաչափ հայտնի ընտանիք էր: Պապիս եղբայրը սովորել էր Ամերիկայում, իսկ այդ ժամանակ աշխատում էր Ստամբուլում: Մորս երկու եղբայրները սովորում էին Ստամբուլում: Մայրս պատմում էր, որ իրենք իշխանական տան հետնորդներ են: Պապս զբաղվում էր հիմնականում գյուղատնտեսությամբ, դա իր գլխավոր զբաղմունքն էր, սակայն ուներ նաև ձկնորսական արդյունահանություն Վանա լճում: Մորս պատմելով` նա բարձրահասակ, գեղեցիկ տղամարդ էր:

 

Երբ սկսվում է կոտորածը` պապս որոշում է մյուս համաքաղաքացիների հետ ընտանիքով հեռանալ Վանից: Այդ ժամանակ մորս երկու եղբայրները, իրադրության սրվելու հետևանքով, Ստամբուլից վերադարձել էին տուն: Հավաքվում են բոլորը և հեռանում: Երբ բավականին հեռացել էին, պապս հիշում է, որ ցեղական եզներին մսուրում կապած է թողել: Խղճում է անասուններին: Ընտանիքին հանձնարարում է սպասել իրեն, իսկ ինքը վերադառնում է տուն: Տատս երեխաների հետ երկար է սպասում ամուսնուն, բայց ապարդյուն: Ամուսինը չի վերադառնում: Տատս, անհանգստացած, որոշում է գնալ տեսնել, թե ինչ է պատահել ամուսնուն: Վերադարձին ականատես է լինում սարսափելի տեսարանի` բակում սպանված ամուսնու դիակն էր: Հետո ողբերգությունը շարունակվում է: Թուրքերը հարձակվում են նրանց վրա, եղբայրները փախչում են դեպի Վանա լիճը, նետվում ջուրը, լողալով այնքան են հեռանում ափից, որ խեղդվում են մոր աչքի առաջ: Երբ նրանց դիակները դուրս են բերում ջրից, մայրը չի դիմանում վշտին: Թուրքից մեկին, որ իրենց տան աշխատողն էր եղել, խնդրում է սպանել և իրեն, որովհետև այդ բոլորրից հետո այլևս ապրել չի ցանկանում: Ըստ երևույթին, այդպես էլ անում է թուրքը:

 

Մայրս և փոքր քույրը, որ թաքնվել էին խոտի դեզի մեջ, ականատես էին այդ սարսափելի տեսարանին: Երկուսով` սոված, ծարավ, երկար թափառումներից հետո հանդիպում են կազակների զորախմբի, որոնք վերցնում են նրանց, իրենց հետ, տանում են Էջմիածին և հանձնում են որբախնամ ընկերությանը: Հովհաննես Թումանյանը այդ ժամանակ իր աղջիկների հետ Էջմիածնում էր՝ որբերին և գաղթականներին օգնություն կազմակերպելու համար: Մորս իրենց հետ տանում են Թիֆլիս: Թիֆլիսից եկած մի հարուստ ընտանիք էլ տանում է մորաքրոջս, ըստ երևույթին, որդեգրելու նպատակով: Մայրս հետագայում նրանից ոչ մի լուր չի ստանում, իսկ որոնումները արդյունք չեն տալիս: Թումանյաննները որոշ ժամանակ իրենց տանը պահելուց հետո մորս տեղավորում են Ալեքսանդրապոլի որբանոցում:

 

Մայրս պատմում էր, որ բանաստեղծի ընտանիքը թեև բազմանդամ էր և պայմաններն էլ շատ չափավոր, հաճախ էին որբ` ընտանեկան ջերմությունից զրկված երեխաների բերում իրենց տուն` պահում, խնամում, սփոփում: Թումանյանների ընտանիքի մասին մորս մոտ պահպանվել էին ջերմ հիշողություններ: Հետագայում՝ Երևանում, մայրս շատ մտերիմ էր բանաստեղծի դստրերի հետ: Հատկապես Թումանյանների տանը մորս մոտ ձևավորվեցին կենցաղային և ընտանեկան շատ կարևոր սկզբունքներ, բնավորության գծեր` համեստություն կենցաղում, հոգատարություն ընտանիքի անդամների նկատմամբ, համերաշխություն: Այս բոլորը նա հետագայում պատվաստում էր մեզ` դեռ վաղ հասակից:

 

Ալեքսանդրապոլի մանկատանն էլ մայրս և հայրս ծանոթանում են: Հայրս կապուտաչյա, շեկ մազերով, սպիտակամորթ, բարեկազմ պատանի էր: Դեռևս մանկական տարիներին իր կապույտ աչքերի և շեկ մազերի համար նրան «մալական» էին ասում: Մի անգամ այդ հանգամանքը նրան փրկում է: Փախուստի ժամանակ նրան հանդիպում են երկու սպա` թուրք և գերմանացի: Հարցնում են` ո՞վ ես: Ասում է` մալական եմ և նրան բաց են թողնում: Հայրս որբանոցի ֆուտբոլային թիմի անդամ էր: Նա իր ճկուն խաղի համար, Կատու մականունն էր ստացել: Ֆուտբոլի թիմի կապիտանն էր Հայկազյան ազգանունով մի երիտասարդ (Մոսկվայում ՀԽՍՀ-ի նախկին ներկայացուցիչ Էդվարդ Հայկազյանի հորեղբայրը): Հայրս պատմում էր, որ մանկատանը իսկական ֆուտբոլային մրցամարտ էր տեղի ունենում, և մի անգամ ռուսական բանակի թիմի հետ խաղալիս գործը հասնում է կռվի: Հենց մանկատանն էլ իմ ծնողների մեջ ծագում է փոխադարձ համակրանք:

 

Որոշ ժամանակ հետո հորս մանկատնից հեռացնում են ընդհատակյա կոմերիտական բջջի աշխատանքներին մասնակցելու համար և ուղղարկում են զինվորական ծառայության՝ Լենինականի բանակային զինվորական բաժանմունք: Այստեղ ծառայության հետ միաժամանակ նա սովորում և ավարտում է բանակային ռազմաքաղաքական դասընթացները, որից հետո աշխատանքի է նշանակվում հրետանային գնդում որպես սպա նախ ՝ Լենինականում, հետո՝ Քանաքեռում: Երկար ընդմիջումից հետո, մայրս և հայրս կրկին հանդիպում են այս անգամ արդեն առհավետ: Հանդիպումը տեղի ունեցավ Կիրովականում, որտեղ մայրս աշխատում էր որպես ուսուցչուհի` որբանոցից դուրս գալուց հետո:

 

Զորամասը, որտեղ ծառայում էր հայրս ամառային վարժանքների էր եկել Կիրովական: Դա ըստ երևույթին, 1926 թվականն էր: Ծնողներս ամուսնացան Քանաքեռում: Այստեղ էր Դեմիրճյանների առաջին տունը, որտեղ ծնվեցի ես 1927թ., իսկ 1932թ.-ին եղբայրս՝ Կարենը: Ինչ վերաբերում է Դեմիրճյան ազգանունին, ապա նրա ի հայտ գալու պատմությունը շատ յուրօրինակ է: Հորս ապուպապերը սերնդե սերունդ եղել են դարբիններ: Երբ նրան որբանոց էին ընդունում` հարցնում են: – Անունդ ինչ է: Նա պատասխանում է. – Սերոբ: – Հորդ անո՞ւնն ինչ է: – Նշան: – Ազգանո՞ւնդ: Չի հասկանում, նորից են հարցնում: – Ինչպե՞ս էին գյուղում ձեզ անվանում: – Դեմրչի,– ասում է նա, որ թուրքերեն նշանակում է դարբին, և այդպես էլ գրում են` Դեմիրճյան: Այդ ազգանունով էլ նա շարունակեց իր կյանքը:

 

Եվ այժմ, մտովի վերհիշելով մեր ապրած տարիները, ես նորից եմ համոզվում` այն ամեն լավի համար, որ կա մեր մեջ` պարտական ենք մեր ծնողներին: Նրանց գենետիկան, նրանց հոգու առանձնահատկությունները ձևավորեցին Կարենի բարձր պատասխանատվությունը իր ժողովրդի ճակատագրի նկատմամբ, պատրաստակամությունը ամբողջովին նվիրվել և անձնվիրաբար անել ամեն ինչ հանուն այդ ժողովրդի: