Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Խաչիկ Վարդանյանի վկայությունը
1914թ., Սղերդ
Ցեղասպանությունը վերապրած Խաչիկ Վարդանյանը պատմում է, որ 1914-ին Նաբային գյուղից 15-45 տարեկան բոլոր տղամարդկանց զինվորագրել են: Նաբայինցի մի տղամարդ, որը փախել էր թուրքական բանակից, պատմել է, որ թուրք սպաները հայ և թուրք զինվորների միջև խտրականություն են դրել` հայերին առանձին սենյակում օրերով քաղցած են պահել: 1915-ի հունիսին 200 քուրդ հարձակվել է Նաբայինի վրա և, դիմադրության չհանդիպելով, հավաքել բոլորին ու կացինով դաժանորեն սպանել: Հղի կանանց փորերը բացել են և, զավակներին հանելով, ձողի մի ծայրին ցցելով, բացականչել են. «Սա հայի դրոշակ է»: Նաբային գյուղից ողջ են մնացել երեք տղամարդ, մի կին և մեկ տղա:
«1914 թ. դեկտեմբերի 20-ին Նաբայինէն 15-45 տարեկան բոլոր տղամարդիկը զինուոր տարին: Որոշեալ ժամանակին չներկայացող զինուորացուներուն տուները կը հրդեհէին, ստացուածքը կը գրաւէին, և կիները կը բռնաբարէին. այսպէս մշեցի ոստիկան Մուսթաֆա էֆէնդին, գալսեցի Սմայիլ էֆէնդին, սղերդցի Հասան էֆէնդին և այլն բռնաբարեցին Յակոբ Կակոսեանի կին Ներգիզ և Ֆարսօ Մուրատեանի կին Գինօն և այլն:
Նաբայինցի Վարդան Յարութիւնեան, որ թրքական բանակէն փախած էր, հետևեալը կը պատմէր.
«Թուրք սպաները մեր և թուրք զինուորներուն միջև մեծ խտրութիւն կը դնէին: Մեզ առանձին սենեակներու մէջ լեցնելով` օրերով անօթի կը թողնէին, իսկ թուրք զինուորներուն հաց և կերակուր կու տային: Մեր կռնակները ծանր հակեր կը դնէին և կը ստիպէին շատ անգամ 24 օրուայ ճանապարհ հեռու տեղ տանիլ: Թուրք զինուորները մեզ` հայ զինուորներուս միշտ սպաննելու սպառնալիք կու տային և այլն»:
1915 թ. յունիսի 10-ին 200 քիւրտեր Ղասըմ Օսմանի խանի (Քոչար Մահմարցի) ղեկավարութեամբ և զինուած կառավարական մաուզեր հրացաններով, յարձակեցան Նաբայինի վրայ, առանց դիմադրութեան հանդիպելու, և հաւաքելով մարդերը` տապարով, կացինով, երկբերան կացինով (տեսակ մը կացինէ) սպաննեցին: Արըթ գիւղացի Խալըտ Ահմատեան Գառնիկ Կիրակոսեանին անօրինակ տանջանքներով սպաննեց: Նախ ողջ-ողջ անոր մէջքի կաշին քերթեց, յետոյ անոր աչքերը հանեց դանակով, թևերը կտրեց, ատամները քաշեց և տակաւին Գառնիկ ողջ էր, ետքը կտոր-կտոր ըրաւ դաշոյնով և լեցուց կտորները անոր փանթալոնին մԷջ:
Նոյն Խալըտ Ահմատեանը իր եղբօր որդիներով չորս հոգի` Աբրօ Բուլոյեանին, Ռաշօ Բուլոյեանին, Կարապետ Հոխանեանին և Հոխան Կարապետեանին բռնելով՝ տարաւ Դերքէն քիւրտ գիւղը և ողջ-ողջ այրեց: Դեռ փայտակոյտին կրակ չտուած, Խալըտն Աբրոյին ըսաւ. «Մեր տինը (կրօնք) ընդունի՛ր, որ քեզ ազատենք», բայց Աբրօ պատասխանեց. «Այս կրակը ձեր տինէ (կրօնէն) լաւ է, մեր Տէրն է չարչարուեր, ես ալ կը չարչարուիմ»:
Յղի կիներու փորը կը ճեղքէին և զաւակները հանելով, ձողի մը ծայրը կը ցցէին և կը պոռային, թէ «սա հայու դրօշակ է»: Այսպէս վարուեցան Սայիտի աղջիկ Ներգիզի հետ, Սէյրանի հետ (Պօղոսի աղջիկ), Խզմօ Յարութիւնեանի հետ և այլն, իսկ փոքրիկ տղաները ողջ-ողջ գետին կը պառկեցնէին և անոնց գլուխը քարի վրայ կը դնէին և մեծ քարով մը կը պայթեցնէին և ուղեղը դուրս թափելով, կը սպաննէին:
Նաբայինէն ազատուած են միայն երեք մարդ, կին մը և տղայ մը»:
ՀԱԱ, ֆ. 227, ց. 1, գ. 423, թթ. 23 և շրջ., բնագիր, ձեռագիր:
Հայոց ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում. Վերապրածների վկայություններ, փաստաթղթերի ժողովածու, հ. 2, Բիթլիսի նահանգ, ՀԱԱ, Երևան, 2012, էջ 120 – 121:
Աղբյուրը՝ armeniangenocide100