կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-19 17:18
Հասարակություն

Թուրքերը տեղահանված կանանց ու երեխաներին կամրջից նետում էին գետը

Թուրքերը տեղահանված կանանց ու երեխաներին կամրջից նետում էին գետը

Մխիթար Միրզոյանի վկայությունը

1916 թ., Բիթլիս

 

Ցեղասպանությունը վերապրած Մխիթար  Միրզոյանը պատմում է, որ 1914-ի հուլիսին Տոփից  զինվորագրել են 18-45 տարեկան բոլոր տղամարդկանց: Բացի այդ` վառել են բոլոր նրանց տները, ով չի ներկայացել զինվորագրմանը, բռնաբարել նրանց կանանց: Ոստիկանների մտրակներին ենթարկվելով՝ գյուղում մնացած կանայք ու երեխաները տեղահանվել և քշվել են դեպի Սղերդ, որի ճանապարհին կամրջից բոլորին գետն են նետել: Կանանցից և երեխաներից տասին գերի են տարել Ալբերդ գյուղ և մահմեդականացրել:


«1914 թ. յուլիսի վերջերը Տոփէն զինուոր տարին 18-45 տարեկան բոլոր տղամարդիկը: Ոևէ զինուորացու եթէ ատենին չներկայանար, ոստիկանները կը վառէին անոր տունը` տան մէջ եղած-չեղածովը հանդերձ: Կը գրաւէին անոր բոլոր ստացուածքը և կը բռնաբարէին անոր կինը: Օրինակ` վանեցի միւրտիր Շևքէթ էֆէնդին վառել տուաւ Ասլան Ամիրխանեանի եւ Յովհաննէս Սահակեանի տուները, գրաւեց անոնց ստացուածքը և ոստիկաններու քմահաճոյքին յանձնեց անոնց կիները:

 

1915 թ. մայիսի 17-18-ին 1000 քիւրտեր` ղեկավարութեամբ ալաշկերտցի Ֆարխօ և Սլէման աղաներու, յարձակեցան Տոփի վրայ: Գիւղին տղամարդիկը բոլորը նախապէս լեռները քաշուած ըլլալով` խուժանը տասը մարդ միայն գտաւ գիւղին մէջ և իրարու կապելով` սպաննեց: Լեռը ապաստանած 28 մարդերը տասը օր սոված մնալով` իջան Խարթ անուն հայ գիւղը, ուր կը գտնուէր Նասլ էֆէնդին (պիթլիսցի), որանոնցմէ 18 հոգի ղրկեց Պիթլիս և մնացած տասը տոփեցիները տասնեակ մը խարթցիներու հետ 40 օր հոն սպասելէ ետք, Նասլ էֆէնդիի ծառաներէն մէկը՝ Հաճօ, լուր տուաւ անոնց, թէ վաղը կառավարութեան հրամանով ձեզ պիտի կոտորեն: Այս լուրին վրայ անոնք փախան, և փախչելու միջոցին 5 հոգի սպաննուեցան անոնցմէ:

 

Գիւղին մէջ մնացած բոլոր կիները և երեխաները ոստիկաններու մտրակներու հարուածին տակ տեղահանուեցան և քշուեցան դէպի Սղերդ, ուր կամուրջէ մը գետը նետուած են բոլորը: Կիներէն և երեխաներէն տասը անձ գերի տարուեցան Ալբերդ գիւղը և հոն մահմեդականացուցած են զանոնք:

 

Տոփեցի Սալուէ անունով կինը իր աչքով տեսեր է նոյն գիւղի ռէս Կիրակոսի և Տէր Մովսէս քահանայի սպաննուիլը լերան վրայ (նոյն գիւղին լեռը): Նախ հրացանով զարկին և յետոյ դաշոյնով և քարով անոնց գլուխերը ջախջախեցին, ռէսին մարմինը կտոր-կտոր ըրին»:

 

ՀԱԱ, ֆ. 227, ց. 1, գ. 423, թ. 29 և շրջ., բնագիր, ձեռագիր:


Հայոց ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում. Վերապրածների վկայություններ, փաստաթղթերի ժողովածու, հ. 2, Բիթլիսի նահանգ, ՀԱԱ, Երևան, 2012, էջ 76 – 77:

 

 Աղբյուրը՝ armeniangenocide100