կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-25 16:13
Առանց Կատեգորիա

Ինչ է կառուցվելու ԲՀԿ-ի ավերակների վրա

Ինչ է կառուցվելու ԲՀԿ-ի ավերակների վրա

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության, այսպես կոչված, ակտիվը, որը ղեկավարի՝ Գագիկ Ծառուկյանի ինքնամեկուսացումից հետո հայտնվել է հեղեղի բերանն ընկած ծղոտի կարգավիճակում, որոշել է մարտի 5-ին կուսակցության արտահերթ համագումար հրավիրել: Ստեղծված իրավիճակում, դա, իհարկե, ոչ միայն ամենատրամաբանական, այլև իրավական լուծման միակ ճանապարհն է:

 

Դասական քաղաքականության տեսակետից առնվազն տարօրինակ էր, որ մինչ այդ համագումար հրավիրելու և դրա միջոցով բոլոր հարցերի պատասխանը գտնելու մասին ոչ ոք չէր ուզում հիշել: Մինչդեռ համագումարը ոչ թե պետք է հրավիրվեր կուսակցության ղեկավարի վարքագծի փոփոխության հենքի վրա, այլ վարքագիծը փոխելու պատճառահետևանքային կապերի բացահայտման և այդ որոշման նպատակահարմարության: Այսինքն`  Ծառուկյանը ոչ թե պետք է իր կուսակից ընկերներին  փաստի առաջ կանգնեցնող որոշում ընդուներ, հետո կուսակցությունը համագումար հրավիրեր՝ որոշելու, թե ոնց է դրա տակից դուրս գալիս, այլ պետք է համագումարի միջոցով որոշեր՝ ղեկավարի ընտրած նոր կուրսը նպատակահարմա՞ր է, թե՞ ոչ, որո՞նք են, առհասարակ, նման կտրուկ փոփոխությունների պատճառները:

 

Ի վերջո, խոսքը վերաբերում է ոչ թե ինչ-որ մարգինալի, այլ քաղաքական դաշտում և խորհրդարանում մեծությամբ երկրորդ ուժի ճակատագրին, ինչը չի կարող չազդել քաղաքական գործընթացների և քաղաքական ուժերի հարաբերակցության վրա: Եվ այս հանգամանքը շատ պարզ ցույց է տալիս, թե ինչ է նշանակում մարդ-կուսակցություն երևույթը. երբ կուսակցությունը արժեք լինելու փոխարեն ընդամենը անձի ձեռքին գործիք է, որը կարելի է հանգիստ դեն շպրտել ձանձրանալու, հոգնելու, հիվանդանալու կամ կոռոզիայի ենթարկվելու դեպքում:

 

Եվ թվում էր, թե, արտահերթ համագումարը հրավիրելով, ԲՀԿ-ի ակտիվը, թեկուզ ուշացած, փորձում է սրբագրել իրավիճակը, գործընթացը վերջապես դնել քաղաքական ռելսերի վրա: Բայց անմիջապես այն բանից հետո, երբ կուսակցության խոսնակը պաշտոնապես հաստատեց համագումար հրավիրելու մասին տեղեկատվությունը, հայտնի դարձավ, որ ԲՀԿ-ի նույն այդ ակտիվը գնացել է հանդիպելու... վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ: Եվ հասկանալի դարձավ, որ համագումարը կրկին հրավիրվում է ոչ թե սրբագրումները կատարելու, այն ընդամենը դրանից դուրս, կուլիսային մակարդակում կայացված որոշումները վավերացնելու, դակելու նպատակով: Այսինքն՝ որ որոշումները շարունակում ու շարունակվելու են կայացվել բուն կուսակցությունից դուրս, և այս առումով ԲՀԿ-ում ոչինչ չի փոխվում:

 

ԲՀԿ-ականների այն պնդումները, թե գնացել էին վարչապետի հետ ինչ-որ տնտեսական հարցեր քննարկելու, առնվազն ծիծաղելի է՝ ոչ միայն դրա համար ընտրված պահի անպատեհության առումով, այլ նաև՝ որովհետև ոչ մի իմաստ չկա վարչապետի հետ քննարկել ինչ-որ հարցեր՝ խորհրդարանի գործունեությունը բոյկոտելու, քաղաքականությունից ժամանակավորապես, ըստ երևույթին` մինչև համագումարի անցկացումը, մեկուսանալու որոշում կայացնելուց հետո: Քննարկում են, որ ի՞նչ անեն:

 

Ակնհայտ է, որ արտահերթ ընտրություններ պահանջող և նախագահի հրաժարականը պահանջելու համար համազգային մոբիլիզացիա հայտարարող երբեմնի ուժը գնացել է նույն այդ իշխանության երկրորդ դեմքի «դուռը»՝ իրենց հետագա ճակատագրի, անելիքների հարցը որոշելու: Ճիշտ այնպես, ինչպես խելոք զավակն է իր ապագայի հարցերը քննարկում կյանք տեսած «պապայի» հետ կամ, ավելի ճիշտ լսում, նրա թելադրանքները:

 

ԲՀԿ-ականներին անգամ չի էլ հետաքրքրում՝ հատկապես այս փուլում նման հանդիպման գնալը ինչպե՞ս կընկալվի իրենց այն բազմահազար հետևորդների կողմից, ովքեր երեկ պատրաստ էին հանուն ԲՀԿ-ի ու Ծառուկյանի «արյուն թափել» առաջին իսկ կոչի դեպքում, նրա ետևից գնալ մինչև վերջ: Նման սեթևեթանքների, ամոթխածության մասին մտածելու ժամանակ, ըստ երևույթին, ԲՀԿ-ում չունեն: Նրանց համար էականը ոչ թե այն է, որ նույն վարչապետի հրահանգով ստուգումներ էին սկսվել իրենց ղեկավարի օբյեկտներում, կամ որ հենց Հովիկ Աբրահամյանի օջախում է ստորագրվել ԲՀԿ-ի «կապիտուլյացիայի պայմանագիրը», այլ այն, որ նա Ծառուկյանի խնամին է և, որպես իշխանության կենտրոնական գործող անձ, լավ խորհուրդ կտա, կուղղորդի «մոլորված գառներին»:

 

Արդյունքում` ամեն ինչից զատ, նաև ստացվում է, որ խնամիությունն այնքան էլ ոչ քաղաքական կատեգորիա չէ, ինչպես փորձում էին ներկայացնել Ծառուկյան ու Աբրահամյան խնամիները: Իր այդ քայլից հետո ինքնապահպանության և իրեն վերագտնելու խնդիր ունեցող ԲՀԿ-ն, իհարկե, կփորձի համոզել, որ համագումարը ոչ թե խամաճիկային, այլ ինքնուրույն որոշումներ կայացնելու համար է հրավիրում: Կփորձի համոզել, որ չի փորձում, հանուն գոյություն պահելու, վերածվել իշխանության ծոցից ծնված մի նոր պրոյեկտի: Եվ քանի որ հասարակության հիշողությունը շատ կարճ է, իսկ ընդդիմադիր դաշտից, այն էլ արմատական, սպասելիքները անհամեմատ մեծ, այդ փորձերը կարող են նաև արդյունք տալ: ԲՀԿ-ն, իհարկե, այլևս առաջվանը չի լինի, գուցե համագումարից հետո ԲՀԿ-ից մնա միայն անունը, «կոմուֆլյաժը» և այն բովանդակային առումով դառնա բոլորովին այլ քաղաքական ուժ: Ի վերջո, չկա Ծառուկյան, չկա նաև ԲՀԿ:

 

Բայց եթե համագումարի արդյունքում ստեղծվելիք այդ ուժը լինելու է ԲՀԿ-ի ինչ-որ կրկնօրինակը՝ նույն մշակութային, գենետիկ ժառանգությամբ, այն նույն առաքելությամբ, ինչ ԲՀԿ-ն բարեխղճորեն կատարել է իր գոյության ողջ ընթացքում, ապա Հայաստանում ոչինչ չի փոխվելու, շարունակվելու են նույն արհեստական երևույթները, տենդենցները՝ բարեհաջող ապահովելով քաղաքական դաշտի ճահճային տեղապտույտը:

 

ԲՀԿ-ի անկումից հետո քաղաքական դաշտում հսկայական խոպան տարածքներ են ազատվել, որոնք առայժմ լցված են տեղի ունեցած հզոր ցնցումից առաջացած ավերակների աղբակույտերով: Մինչև այդ աղբակույտերը չմաքրվեն, այդ ազատ տարածքներում նոր համակարգ հնարավոր չի լինելու ստեղծել: Իսկ ռեցեսիոն ավանդույթները շարունակելու` ԲՀԿ-ի ներկայիս գործելակերպը անհնար է դարձնելու այդ դաշտի սանմաքրման աշխատանքների իրականացումը: Մանավանդ` եթե հաշվի առնենք, որ դրանում առավել քան շահագրգռված է իշխանությունը, որը հենց այդ աղբի վրա է կառուցում և հանրությանը պարտադրում սեփական ամենազորության և անփոփոխելիության ֆենոմենը:

 

Գևորգ Դարբինյան