կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-11-26 15:35
Տարածաշրջան

Հայկական եկեղեցին, ուր մանուկ հասակում այցելել է Հրանտ Դինքը, ավերակների են վերածել

Հայկական եկեղեցին, ուր մանուկ հասակում այցելել է Հրանտ Դինքը, ավերակների են վերածել
Ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող հայկական Մալաթիայում գտնվող պատմական Սուրբ Երրորդություն (թուրքերեն՝ Թաշհորոն) եկեղեցին թողնվել է բախտի քմահաճույքին:

Նշենք, որ այս եկեղեցին է մանուկ հասակում այցելել Կ.Պոլսի հայկական «Ակօս» թերթի խմբագիր Հրանտ Դինքը: Նա դավադրաբար սպանվել է 2007 թվականին՝խմբագրատան դիմաց:

Ըստ Demokrathaber-ի՝ դեռևս 18-րդ դարի երկրորդ կեսերին կառուցված եկեղեցու՝ 2012 թվականին սկսված վերանորոգման աշխատանքները կիսատ են թողնվել:

Նաև «Քարե խորան» անունով հայտնի եկեղեցու սեփականությունը մինչ այդ բաժանվել է Մալաթիայի քաղաքապետարանի, Թուրքիայի Հիմնադրամների ընդհանուր տնօրինության և անշարժ գույքի ընդհանուր տնօրինության միջև:
 
Թաղապետ Իսմայիլ Քուրթօղլուն նշել է, որ մինչև 1970-ականները մեծ թվով հայ ընտանիքներ են ապրել այդ շրջանում, սակայն հարձակումներն ու 1980-ի ռազմական հեղաշրջումը ստիպել են նրանց հեռանալ այնտեղից:

Հայտնելով, որ տարիներ առաջ եկեղեցու հողե գմբեթը փլուզվել է, թաղապետն ասել է.«2012-ին սկսված վերանորոգման աշխատանքները մեզ ուրախացրեցին, սակայն, մեր տեղեկություններով, «Թաշերոն» ընկերությունը դադարեցրեց աշխատանքները՝ իրեն խոստացված վճարումների չիրականացման պատճառով»:

Նրա խոսքով՝ գանձագողերը ժամանակի ընթացքում նպաստել են առանց այն էլ անմխիթար վիճակում գտնվող եկեղեցու փլուզմանը: