կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-23 16:54
Առանց Կատեգորիա

5-10 տարի անց Ճոյտի ֆիլմը դիտելու համար հերթեր կգոյանան

5-10 տարի անց Ճոյտի ֆիլմը դիտելու համար հերթեր կգոյանան

«Էն թվերին ուրիշ էր»,- ասում էր տատս: Բնականաբար, ուրիշ էր, ցանկացած ժամանակաշրջան էլ ուրիշ է լինում: Այն, որ էն թվերից հետո էս դարում գրաքննությունն արգելված է, հաստատված է նաև վերամբարձ բառերով գրված օրենքներով: Շատերը դեռ ափսոսում են, որ գրաքննությունը հանվեց` ով ինչ ուզում գրում է և իրեն արվեստագետ է համարում, իր «արտադրանքի» անունն էլ` ստեղծագործություն դնում:

 

Գումար ունե՞ս, ինչ-որ սցենա՞ր ես գրել` վերջ, կարող ես ֆիլմ նկարել: Ֆիլմի ամենասկզբում մեծ-մեծ տառերով կգրվի` սցենարիստ` այսինչ այսինչյան, դա էլ հաջորդներին թողած քո համեստ հոգևոր ժառանգությունը կլինի: Ճիշտ է, գրաքննություն չկա, բայց կան կոմիտեներ, որոնց անդամներից գլուխ չես կարողանում հանել` անընդհատ բղավում են, որ, օրինակ, դեմ են այսինչի արածին, բայց հենց գալիս է քվեարկության պահը, բոլոր հարցերը միաձայն անցնում են:

 

Փետրվարի 10-ին` ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի հենց ծննդյան օրն էլ նախատեսված էր երկար սպասված` Հակոբյանի սցենարի հիման վրա նկարահանված «Հիշողություն» ֆիլմի պրեմիերան: Արվեստագետներն ասում են` ստեղծագործությունն իրենց զավակն է: Երևի այդ սկզբունքով առաջնորդվելով էլ` Հակոբյանը որոշել էր իր զավակի և իր ծննդյան օրերը համատեղել` երկու ծախս մի տեղ անել:

 

Թվում է` ողջունելի է այն փաստը, որ քաղաքականությամբ զբաղվող մարդը որոշել է մի քիչ էլ արվեստով զբաղվել, բայց Հակոբյանը մոռացել է կարևոր մի բան` արվեստը չի սիրում ձեռքի հետ բզբզացողներին: Սակայն Հակոբյանը հեռուն էր նայել, որ ֆիլմում չերևա իր` չսցենարիստ լինելը, ֆիլմը նվիրել էր Ցեղասպանությանը, շեշտն էլ դրել դաժան տեսարանների միջոցով դահլիճին մի լավ լացացնելու վրա: Հիշեցնենք միայն, որ ֆիլմն այնքան դաժան էր, որ նկարահանումների ժամանակ անգամ ֆիլմի դերակատարը` Լուիզա Ղամբարյանն էր ուշաթափվել:

 

Ինչ վերաբերում է ֆիլմի գեղագիտական արժեքներին` դժվար է ինչ-որ բան ասել, միայն խոսակցություններ են պտտվում, որ փակ դիտումից հետո դահլիճից դուրս եկողներից ոմանք, չնայած այն փաստին, որ տեղում գովեստի խոսքեր չէին խնայել` Հակոբյանին ուղղված, հետո արդեն սկսել են արտահայտվել. «Բա էսպես ֆիլմ կնկարե՞ն, էն էլ` Ցեղասպանությանը նվիրված»:

 

Ֆիլմի փակ դիտումից հետո ֆիլմի հետ կապված աղմուկն առաջինը բարձրացավ սոցիալական կայքերում, հետո հանկարծ Հակոբ Հակոբյանը ձերբակալվեց, ֆիլմի պրեմիերան հետաձգվեց, իսկ հետո խոսակցություններ սկսեցին պտտվել, որ ֆիլմն առգրավել են և արգելելու են այն ցուցադրել: Այ սա չեղավ, պարոնա'յք, մոռացա՞ք օրենքները` գրաքննությունն արգելվո՛ւմ է: Ինչ ասել է` արգելում են ֆիլմը ցուցադրել, գիտե՞ք` ինչ է հաջորդելու դրան /ինչպես և բոլոր արգելված ֆիլմերի, գրքերի դեպքում/` ուղիղ 5 կամ 10 տարի հետո այն «գլուխ կբարձրացնի» ու հանկարծ, որպես ժամանակին արգելված ֆիլմ, մեծ աղմուկով-աղաղակով կցուցադրվի կինոթատրոններում /եթե, իհարկե, մինչ այդ Հայաստանում եղած 1,5 կինոթատրոնը չվերածվի սրճարանի/, կլինեն ասուլիսներ, ֆիլմի սցենարիստն ու ռեժիսորը հարցազրույցներ կտան, թե ինչպես են ժամանակին արգելել իրենց ֆիլմը, ինչքան դժվար էր նման պայմաններում ստեղծագործել ու ապրել: Մենք էլ, որպես սրտի մխիթարանք, մի հայկական «Օսկար» կտանք ֆիլմին` որպես ժամանակին արգելված ու 2025-ին «վերածնված» ֆիլմ:

 

Ֆիլմն, այո, պետք չէ ցուցադրել Ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում իրականացվող պաշտոնական միջոցառումների շրջանակներում, բայց ընդհանրապես ցուցադրելն արգելել, մեղմ ասած, սիրուն չէ, որովհետև ինչպես ժողովուրդն է ասում` արգելված պտուղը քաղցր է: Իրականում, հիմա արգելելով դրա ցուցադրումը, հող ենք նախապատրաստում հետագայում, որպես արգելված ֆիլմ, փառքի մի մեծ ճանապարհ անցնելու ու ավելի շատ հանդիսատես ունենալու համար:

 

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը բոլորովին մեկ այլ առիթով ասել էր` խոշոր ձկներին պետք է գլխից բռնել: Իսկապես, եթե բանը հասել է նրան, որ Հակոբ Հակոբյանն արդեն ֆիլմի պրեմիերան է անգամ կազմակերպել, ի՞նչ արգելելու մասին է խոսքը, թողեք` ֆիլմը հարթի իր ճանապարհը, ի վերջո, ֆիլմի` լավ կամ վատ լինելը շատ շուտ է ջրի երես դուրս գալիս:

 

Ի դեպ, Հակոբյանի ֆիլմը մեկ օրում չի նկարահանվել: Մարդը դեռ մեկ տարի առաջ հայտարարել էր, որ ֆիլմ է նկարահանում Ցեղասպանության թեմատիկայով, և նրանք, ովքեր հիմա փորձում են արգելել ֆիլմի ցուցադրումը, գուցե պետք է ժամանակին գնային ու Հակոբյանի սցենարն աչքի անցկացնեի՞ն: Չէ, հույժ կարևոր գործերով էին զբաղված, և հետո` արգելելն ավելի հեշտ է, քան կառուցողական քննադատությունը:

 

Այնպես որ` եթե արգելքներ կան` արգելեք գործող ու վճարվող ձեր կոմիտեների անդամների` կողմ քվեարկող ձեռքերը վեր բարձրացնելը պատեհ-անպատեհ առիթներով, պետք է, չէ՞, նրանք երբևէ կատարեն իրենց բուն գործառույթը: Իսկ Հակոբ Հակոբյանի «Հիշողություն» /ուշագրավ է, որ ֆիլմի կողքին սովորաբար նշում են ոչ թե սցենարիստի, այլ ռեժիսորի` ով լինելը, բայց, դե, ինչպես կարող ենք, Հակոբ Հակոբյանին թողած, ֆիլմի ռեժիսորի անունը հիշատակել/ ֆիլմը թողեք հանդիսատեսը վայելի` նախապես զգուշացնելով` «Մուտքը` թաշկինակներով ու սրտի դեղահաբերով»:

 

Կարինե Հարությունյան