Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ուրբաթ օրը՝ հունիսի 19-ին, կկայանա Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) Հայոց ցեղասպանության մասին «Հիշողություն» ֆիլմի ցուցադրությունը, որից անմիջապես հետո Հակոբյանը մամուլի ասուլիս կտա և, նրա խոսքով, բացահայտումներ կանի, թե ինչն էր պատճառը, որ այդքան ձգձգվեց ֆիլմի ցուցադրությունը:
Նախկին պատգամավորը թեև yerkir.am-ի հետ զրույցում չցանկացավ բոլոր փակագծերը բացել, բայց մի քանի պատճառ, այդուամենայնիվ, նշեց, որոնք խոչընդոտել են ֆիլմի ցուցադրությանը: Հակոբյանը նշեց, որ այնպիսի վիճակ էր ստեղծվել, որ պարզապես հնարավոր չէր «Հիշողություն»-ը ցուցադրել:
«Դա մարդկայինի հետ էր կապված: Անճշտություն կար` ֆիլմը գնելու հետ կապված: Մեր ուզած գումարն էին տալիս, որպեսզի մենք վաճառեինք ցուցադրելու իրավունքը: Գնորդները Մոսկվայից եկած մարդիկ էին: Երբ նրանց հարցրեցինք, թե որտե՞ղ պետք է ցուցադրվի ֆիլմը, չկարողացան պատասխանել: Մենք այդտեղից անմիջապես հասկացանք, որ դա թուրքերի քաղաքականությունն է»,- ասաց նա` հավելելով. «Անմիջապես հասկացանք, որ խոսքը թուրքական կողմի մասին է: Ես կրկնակի սարքեցի ֆիլմի արժեքը, նրանք մի քանի ժամ հետո եկան և իրենց համաձայնությունը տվեցին: Եվ ահա այդտեղ մեզ մոտ առաջացավ կասկած: Ես ասացի, որ պայմանագրի մեջ կետ ենք մտցնելու, որ` ես զիջում եմ ձեզ ցուցադրելու իրավունքը, գումարը մեզ բավականացնում է, բայց մի պայման ունենք` մեկ տարվա ընթացքում եթե դուք չցուցադրեք, ապա մենք մեկ տարի հետո իրավունք ունենք ցուցադրելու»:
Հակոբյանի խոսքով` Մոսկվայից ժամանած միջնորդներն էլ արդեն քիչ-քիչ սկսեցին հասկանալ, որ սա թուրքական կողմի ձեռագիրն է: «Հետո արդեն իրենք էլ ասացին, որ ֆիլմը գնելը և չցուցադրելը թուրքական իշխանությունների կողմից արված քաղաքականություն է: Փաստորեն, հրահանգ կար այնպես անել, որ ֆիլմը չցուցադրվի: Իսկ խանգարելու մի տեսակն էլ փողը տալ-առնելն ու չցուցադրելն է: Այն միջնորդները, ովքեր եկել էին Մոսկվայից, կանխավճար էին վերցրել: Մենք սկզբում չենք իմացել, որ նրանք ուզում են այդ ֆիլմը տալ թուրքերին: Ոչ մի ուրիշ ազգ այդքան շահագրգռված չէր լինի: Էդ միջնորդներն էլ հասկացան, որ մենք էն մարդիկ չենք, որ գումարով ծախվենք, էն էլ`թուրքերին»,- ասաց մեր զրուցակիցը:
Մեր այն հարցին, թե որքա՞ն գումարով էր պատրաստվում վաճառել ֆիլմի ցուցադրության իրավունքը, Հակոբ Հակոբյանը չցանկացավ կոնկրետ պատասխան տալ: Նա միայն ասաց, որ խոսքը մեծ գումարների մասին է:
«Եթե մենք մի քիչ մոտ կանգնած չլինեինք քաղաքականությանը, և այդ գումարը մեզ քոռացներ, մենք ո\'չ կարող էինք մեր երկրում դրանից հետո ապրել, ո\'չ էլ` այլ երկրում: Կստացվեր, որ մենք մեր դարդն ու վիշտը վաճառել ենք ու էն էլ ո՞ւմ` մեր թշնամիներին, ովքեր որ արել են այդ Ցեղասպանությունը»,- ասաց Հակոբ Հակոբյանը:
Հարցին, թե ովքե՞ր էին այն միջնորդները, որոնց միջոցով թուրքերը ցանկանում էին գնել ֆիլմի ցուցադրության իրավունքը, Հակոբյանը պատասխանեց. «Այդ միջնորդները մոսկվաբնակ հայեր են, ովքեր քաղաքականացված չեն: Իրենք բիզնես բնագավառի մարդիկ են, այսինքն` իրենք էլ իրենց 10 տոկոսը մեջն ունեին, բայց երբ ես բացատրեցի, թե ինչու մենք չենք ուզում, նրանք հասկացան: Եթե մի հատ կամեդիա նկարած լինեինք ու դա վաճառեինք, ոչինչ, կտայինք իրենց, ու ինչ ուզում էին, թող անեին էդ ֆիլմի հետ: Մենք չէին կարող մեկուկես միլիոն մարդկանց արյունը վաճառել այն մարդկանց, ովքեր կատարել են այդ Ցեղասպանությունը»:
Հակոբյանը նշեց նաև, որ մոտ երկու ամիս հետո միայն այդ միջնորդները կարողացել են «ազատվել» ֆիլմը գնել ցանկացողներից: Ըստ նրա` խնդիրն այն էր, որ միջնորդները կանխավճար էին վերցրել:
Հարցին, թե այդ վնասներն ո՞վ պետք է փոխհատուցի, Հակոբյանը պատասխանեց, որ ինքն է մոսկվաբնակ լավ մարդկանց խնդրել, որ միջամտեն այդ հարցին:
Տեղեկացնենք նաև, որ ուրբաթ օրը` ժամը 21:00-ին, «Հիշողություն» Ֆիլմի ցուցադրությունը կկայանա Հակոբյանին պատկանող «Զվարթնոց» համալիրի ամառային դահլիճում: