կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-18 18:08
Իրավական

Ճոյտի ընկերության տնօրենին մեղադրանք է առաջադրվել հարկերից չարամտորեն խուսափելու համար

Ճոյտի ընկերության տնօրենին  մեղադրանք է առաջադրվել հարկերից չարամտորեն խուսափելու համար

ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) դեմ ՀՀ ՖՆ քննչական վարչությունում հարուցված գործի շրջանակներում ևս մեկ անձ է կալանավորվել: Yerkir.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան, ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնեցին, որ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը և Ռոբերտ Ղազարյանին կալանավորելու վերաբերյալ որոշում կայացրել:

 

Նշենք, որ Ղազարյանը Ճոյտին պատկանող «Ուրախ եւ տխուր» ՍՊԸ-ի տնօրենը: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205 հոդվածի 2-րդ մասով (հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը օրենսդրությամբ նախատեսված հաշվետվություններ, հաշվարկներ կամ հարկման հիմք հանդիսացող պարտադիր այլ փաստաթղթեր չներկայացնելու կամ նշված փաստաթղթերի մեջ ակնհայտ խեղաթյուրված տվյալներ մտցնելու միջոցով, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով):

 

Հակոբ Հակոբյանն էլ մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 188-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-205-րդ հոդվածի 1-ին մասով, 38-188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ն կետով, 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-205-րդ հոդվածի 1-ին մասով, 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված` հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու կասկածանքով: Վերոնշյալ հոդվածները վերաբերում են ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելուն, ապօրինի ձեռնարկատիրությանն օժանդակելուն, ինչպեսև հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելուն օժանդակելուն: