Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նամակով դիմել էր ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին՝ տեղեկացնելով Հայաստան-Թուրքիա արձանագրությունները ՀՀ ԱԺ-ից հետ կանչելու վերաբերյալ իր որոշման մասին: Ուշագրավ է, որ թուրքական ոչ մի կայք չի մեկնաբանել ՀՀ նախագահի այս որոշումը, այլ ընդամենը բավարարվել լուրի մասին տեղեկացնելով:
Թուրքական հեղինակավոր և անկողմնակալ Demokrathaber կայքում Հրանտ Գասպարյանն այդ մասին գրել է. «Արձանագրությունների՝ ԱԺ-ից հետ կանչելու մասին որոշումը դեռ չի նշանակում, որ գործընթացն ավարտվեց: 2015 թվականին՝ 1915 թվականի Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին, անհամբեր սպասվում է, թե Անկարան այդ հարցով ինչ քայլ կձեռնարկի»:
Նույն կայքը հիշեցրել է, որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացն սկսվել էր 2008 թվականին, երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին հրավիրել էր Երևան՝ Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղը դիտելու:
Նշելով, որ 6 տարվա ընթացքում այդ ուղղությամբ առաջընթաց չի գրանցվել, կայքը գրել է. «Դրան հաջորդել են 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Շվեյցարիայում Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Ահմեդ Դավութօղլուի ստորագրած արձանագրությունները: Հետագայում Թուրքիան Հայոց ցեղասպանությունը քաղաքականությունից հանելու և Ղարաբաղյան հարցում ադրբեջանամետ նախապայմաններ էր ներկայացրել Հայաստանին: Երկու երկրների միջև ստորագրված արձանագրություններում 3-րդ երկիր հանդիսացող Ադրբեջանին գոհացնելու համար Թուրքիան պարտադրող մոտեցում էր ցուցաբերում, ինչի պատճառով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը 2010 թվականի ապրիլի 22-ին հայտարարել էր, որ քանի դեռ Թուրքիան այդ հարցում կոնկրետ քայլեր չի անում, արձանագրությունների վավերացումը ՀՀ-ում կսառեցվեն»:
ՀՀ նախագահի որոշմանը անդրադարձել է նաև Haberler-ը: «Ազգային ժողովներում արձանագրությունների վավերացումից անց՝ երկու ամսվա ընթացքում, ակնկալվում էր նաև Հայաստանի սահմանի բացումը, որը Ղարաբաղի օկուպացման պատճառով 1993 թվականից ի վեր փակ էր»,- գրել է կայքը:
Իսկ Hurriyet-ը, անդրադառնալով ՀՀ ԱԺ-ից արձանագրությունները հետ կանչելուն, նշել է, որ դրանք ստորագրվել էին 2009 թվականին՝ դիվանագիտական հարաբերությունների բարելավման նկատառումներով:
Birgun-ն այդ մասին գրել է. «ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ցեղասպանության 100-ամյա տարելիցին 3 ամսից քիչ մնացած, Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների բարելավման համար ստորագրված արձանագրությունները հետ կանչեց Ազգային ժողովից»:
Հայկական «Ակօս» թերթն էլ շեշտել է, որ արձանագրությունների գործընթացը երկար ժամանակ սառեցված վիճակում էր: