կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2014-12-10 12:45
Քաղաքական

Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվաճում կլինի պահանջատիրության հարցում համազգային համախոհությունը. Կիրո Մանոյան

Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվաճում կլինի պահանջատիրության հարցում համազգային համախոհությունը. Կիրո Մանոյան

Ամփոփելով այս տարի արտաքին քաղաքական ոլորտում կատարված իրադարձությունները` ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ առանձնացրեց երեք կարևոր իրադարձություն:

 

Առաջինը Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցելու փաստն է, որը պետք է դիտարկել Ուկրաինայում կատարվող վերջին իրադարձությունների ֆոնին: Երկրորդը` ադրբեջանական կողմից զինադադարի խախտումների հաճախացումը, ինչը բանակցային գործընթացում հետընթացի հանգեցրեց: Երրորդը Սիրիայում կատարվող գործընթացներն են, որոնք թեև ուղղակիորեն չեն առնչվում Հայաստանին, սակայն կարևորվում են` հատկապես տեղի հայկական համայնքի հետ կապված:

 

Կ. Մանոյանը խոսեց նաև Ցեղասպանության 100-ամյա տարելիցի մասին: Նրա խոսքով` ամենամեծ նվաճումը կլինի այն, որ համազգային համախոհություն լինի պահանջատիրության հարցում, որ խոսենք ոչ միայն Ցեղասպանության փաստի ճանաչման կամ այն ժխտելը քրեականացնելու մասին, այլ դրա հետևանքները վերացնելու պահանջի մասին:

 

Ինչ վերաբերում է նրան, որ ՀՀ նախագահը հրավիրել է Թուրքիայի նախագահին գալիք տարվա ապրիլի 24-ին Երևան գալ, Կ. Մանոյանը դա ոչ թե որպես հրավեր, այլ մարտահրավեր է բնորոշում, քանի որ եթե Թուրքիան կարծում է, թե դեռ Ցեղասպանության փաստի հետ կապված քննարկվելիք հարցեր կան, ապա Էրդողանը, Հայաստան գալով, կստանա այդ բոլոր հարցերի պատասխանը:

 

Հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանն ուղղված հայտնի արձանագրությունների վերաբերյալ Կիրո Մանոյանն այս անգամ էլ նշեց, որ Հայաստանը պետք է իր ստորագրությունը հետ կանչի այդ փաստաթղթերից, քանի որ դրանցով մենք կորցնում ենք Թուրքիային տարածքային պահանջներ ներկայացնելու իրավունքը: «Դրանք իրավական փաստաթղթեր են և պետք է «սպանվեն»: Իսկ Թուրքիան ստորագրությունները հետ վերցնելու առիթներ տվել է»,- ասաց նա:

 

Իսկ ամեն տարի ապրիլի 24-ին Օբամայի ելույթում «ցեղասպանության» բառին սպասելու կապակցությամբ Կիրո Մանոյանը հորդորեց սրտատրոփ չսպասել դրան, այլ ճիգ թափել պահանջատիրության հարցում համազգային համախոհություն ցուցաբերել: