կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-17 18:01
Քաղաքական

ՀՅԴ-ն արյունահեղության հոտ է առնում

ՀՅԴ-ն արյունահեղության հոտ է առնում

Դաշնակցությունը Սերժ Սարգսյանի եւ Գագիկ Ծառուկյանի հակամարտությունից արյունահեղության հոտ է առնում. a1plus.am-ի հետ զրույցում ասել է ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

 

«Մենք կարող ենք կորցնել այն ամենը, ինչ ունենք: Փորձելով իբրեւ թե ունքը սարքել` աչքն էլ կհանենք եւ ամբողջ աշխարհով խայտառակ կլինենք: Այդ մարդիկ պետք է հաշտվեն, չհաշտվելը նշանակում է պատերազմ: Երկու մարդու հետեւում կանգնած ուժերն իրար ինչ ասես ասացին` էլ գող փիսո, էլ քաչալ շուն: Այսօր արդեն Դաշնակցությունն աշխատում է հաշտեցնել երկուսին: Մենք մեր կոնտակտներն օգտագործում ենք: Հիմա ես չեմ ուզում շատ բաներ հրապարակել, որովհետեւ Աստված տա, հաջողվի»,- նշել է նա:

 

 Ըստ Արմեն Ռուստամյանի` Գագիկ Ծառուկյանն առաջինն է ձեռնոց նետել Սերժ Սարգսյանին, եւ Սերժ Սարգսյանը համապատասխան ձեւով արձագանքելու հիմքեր ունի: «Օրինակ, երբ կարդում ենք Գագիկ Ծառուկյանի` ամսի 5-ի ելույթը, ես դա բացարձակապես չեմ ընդունել, որ նրա ասած` կյանքի գնով կամ ժողովրդին հրապարակներ հանելով, լցնելով, կանխի ի՞նչը` սահմանադրական բարեփոխումները: Է, լավ, սա ժողովրդավարական մոտեցում է։ Եվ երբ որ էսպես եք վարվում, դուք տալիս եք քարտ բլանշ իշխանություններին, որ ասեն` տեսեք` նրանց պահանջն ինչն է, ուրեմն ես պետք է կոշտացնեմ իմ դիրքորոշումները, որպեսզի կարողանամ ժողովրդավարական բարեփոխումները անցկացնել»,- ասել է նա:

 

Ռուստամյանի խոսքով` Դաշնակցությունն ուզում է, որ սահմանադրական բարեփոխումները տեղի ունենան: Այս հակամարտությունն արտահերթ ընտրություններով հանգուցալուծել հարցի լուծում չէ, եւ այն մեխանիզմները, որոնք աշխատում են ընտրությունների ժամանակ, շատ քիչ կապ ունեն ժողովրդի համակրանքի հետ:

 

Արմեն Ռուստամյանի պատկերացրած մեխանիզմը հետեւյալն է` կողմերը բանակցում են սահմանադրական բարեփոխումների եւ ընտրական համակարգի փոփոխությունների շուրջ. «Ներկայացնենք իշխանությանը,  հստակ դնենք պահանջները, ժամանակացույցի բերենք այս ամեն ինչը, եւ եթե միասին պահանջենք, իշխանությունը չի կարող չընդունել»:

 

Ի դեպ, Դաշնակցությունը չի պատրաստվում կոալիցիայի մեջ մտնել Հանրապետականի հետ` հայ-թուրքական արձանագրությունների հետկանչից հետո: Դա Դաշնակցության կողմից իշխանությանը ներկայացված 7 պահանջներից մեկն էր: «Եթե այդ 7 կետերի հետ կապված վաղն արձանագրվի գործընթաց, այդ ուղղությամբ  իրական քայլեր կատարվեն, այո, մենք կմտնենք ամենասերտ համագործակցության մեջ այդ ուժի հետ` լինի դա իշխանություն, թե` ընդդիմություն: Եվ մեր գործընկերներին կոչ եմ անում վերադառնալ այդ դաշտ, չթողնել Դաշնակցությանը մենակ գնալ, բանակցել իշխանության հետ»,- ասել է Արմեն Ռուստամյանը: